Լրահոս

29.11.2023 10:12


Սպանություն՝ Վանաձորում. սպանվել է քրեական պատմություններով հայտնի տղամարդը

Սպանություն՝ Վանաձորում. սպանվել է քրեական պատմություններով հայտնի տղամարդը

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճներ, իսկ բակում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի եւ կողային հատվածներում առկա էին կրակոցի 15-ից ավելի հետքեր:

Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի:

Սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է:

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նաեւ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ սպանություն կատարողի անձի վերաբերյալ եւ ճշտել էին, թե ենթադրյալ կասկածյալը սպանությունը կատարելուց հետո որ ուղղությամբ է գնացել՝ իր հետ տանելով ինքնաձիգը:

Սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա ոստիկաններն ու պարեկները սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են կասկածյալին, եւ օպերատիվ խմբերը մեկնել են նրա բնակության վայր․ կասկածյալը, տեսնելով, որ այլեւս չի կարող մոտենալ իր տանը, սպանության վայրից բավականին հեռու է մեկնում, ի վերջո, ոստիկաններն ու պարեկները, կարողանում են դուրս գալ կասկածյալի հետքի վրա ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել Ոստիկանության Տարոնի բաժին:

Կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Փիլոյանն է:

Տեւական ժամանակ անց հաջողվում է նաև հայտնաբերել ինքնաձիգը, որը Կ․Փիլոյանը դրել էր պարկի մեջ եւ թաքցրել երկաթե տարայի մեջ:

Այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:

Այս խորագրի վերջին նյութերը