Աշխարհ

04.12.2023 11:33


ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում թիրախներին Գազայի հատվածի ամբողջ տարածքում

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում թիրախներին Գազայի հատվածի ամբողջ տարածքում

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում թիրախներին Գազայի հատվածի ամբողջ տարածքում, ներառյալ հյուսիսի Շեջայա շրջանը Գազա քաղաքում եւ Խան Յունիսը հարավում։

Իսրայելցի զինվորականներն ավելի վաղ հաստատել էին, որ ընդլայնել են իրենց ցամաքային հարձակումը Գազայի հարավում։ Նախօրեի երեկոյան ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ, դերծովակալ Դանիել Հագարին հայտնել էր, որ զինվորականներն ընդլայնում են ցամաքային հարձակումը «Գազայի հատվածի բոլոր շրջաններում»։

Տարհանման հրամանին հաջորդել են ուժեղ ռմբակոծությունները, եւ պաղեստինցիները Իսրայելի եւ Եգիպտոսի սահմանակից փակ տարածքում հայտնել են, որ գնալու տեղ չունեն։

Գազայի 2,3 մլն բնակիչներից շատերը փախել են հարավ պատերազմի առաջին օրերին Իսրայելի՝ հյուսիսից հեռանալու հրամանից հետո։

Մութն ընկնելուն պես Դեյր էլ Բալա քաղաքի կենտրոնում լսվել են կրակոցներ, երկինքը լուսավորվել է հրթիռներից։ Իսրայելական դրոնները թռել են Գազայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խան Յունիսի վրայով։ ՄԱԿ մարդու իրավունքների գծով ղեկավար Վոլքեր Թյուրքը կոչ է արել վերջ դնել պատերազմին, նա հայտարարել է, որ քաղաքացիական բնակչության տառապանքները «անտանելի» են։

Բնակիչների խոսքով՝ զինվորականները թռուցիկներ են նետել՝ Խան Յունիսն անվանելով «մարտական գործողությունների վտանգավոր գոտի» եւ հրամայելով հեռանալ սահմանամերձ Ռաֆահ քաղաք կամ ափամերձ գոտի հարավ-արեւմուտքում, տեղեկացրել է AP-ն։

Չորս երեխաների մայր, այրիացած Խալիմա Աբդել-Ռահմանն ասել է, որ այլեւս չի ենթարկվում նման հրամաններին։ Հոկտեմբերին նա փախել էր տնից Խան Յունիսից ոչ հեռու, որտեղ հանգրվանել է հարազատների մոտ։ «Օկուպանտներն ասում են՝ գնացեք այդ շրջան, իսկ հետո ռմբակոծում են»,- ասել է նա հեռախոսով։ «Իրականությունն այնպիսին է, որ Գազայի հատվածում անվտանգ տեղ չկա։ Նրանք սպանում են մարդկանց հյուսիսում։ Նրանք սպանում են մարդկանց հարավում»։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ այս տարածքում հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 15 500-ը, ավելի քան 41 000 մարդ վիրավորվել է, զոհվածների 70 տոկոսը կանայք եւ երեխաներ են։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ հարյուրավոր մարդիկ սպանվել կամ վիրավորվել են այն ժամանակվանից, երբ ուրբաթ ավարտվեց մեկշաբաթյա հրադադարը։ «Զոհերի մեծ մասը դեռեւս փլատակների տակ է»,-ասել է Աշրաֆ ալ-Քիդրան։

Գազայի տարածքում թագավորում են վախն ու սուգը։ Գազայի քաղաքային հիվանդանոցի մոտ փոշեծածկ տղան՝ Սաադ Հալիդ Շեհթա անունով, ծնկաչոք ընկել է կրտսեր եղբոր՝ Մոհամեդի մարմնի առջեւ։ Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցի բուժաշխատողը տեղեկացրել է, որ զոհվել է ավելի քան 15 երեխա։

Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ իրենց կործանիչները եւ ուղղաթիռները հարվածներ են հասցրել Գազայի թիրախներին, ներառյալ «թունելները, հրամանատարական կենտրոնները եւ զինապահեստները»։

31 մարդու մարմին հասցվել է Ալ-Աքսա հիվանդանոց Դեյր էլ Բալահում, տեղեկացրել է հիվանդանոցի վարչական աշխատող Օմար ադ-Դարավին։ Մի կին լալիս էր՝ իրեն սեղմելով երեխայի մարմինը։ Մեկ ուրիշը տանում էր երեխային։ Հիվանդանոցի աշխատողները տեղեկացրել են եւս 11 զոհի մասին հերթական ավիահարվածից հետո։ Ողջ մնացածների մեջ մի երեխա կար, որին բերում էին ներքնակով։

Խան Յունիսի հիվանդանոցի դիահերձարանում Սամի ան-Նաջեյլան տանում էր երեխայի մարմինը։ Նա ասել է, որ իր որդիները պատրաստվում էին հեռանալ տնից, «բայց օկուպանտները մեզ ժամանակ չտվեցին։ Եռահարկ շենքը լրիվ ավերվել է, թաղամասը նույնպես»։ Նա ասել է, որ զոհվել են իր վեց հարազատները։ «Հինգ մարդ դեռ փլատակների տակ է»,- ասել է նա։

Ալ Նասեր հիվանդանոցի տեսանյութում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերն ասել է. «Չեմ կարող փոխանցել երեխաների անվերջ սպանություններն այստեղ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը