Կարծիք

10.12.2023 12:16


Երբ պետությունն իր գործառույթը պատշաճ իրականացնի, և՛ շները «երջանիկ» կլինեն, և՛ մարդիկ՝ անվտանգ (տեսանյութ)

Երբ պետությունն իր գործառույթը պատշաճ իրականացնի, և՛ շները «երջանիկ» կլինեն, և՛ մարդիկ՝ անվտանգ (տեսանյութ)

Եթե կենդանասեր ես, չի նշանակում, որ մարդատյաց ես։ Եթե խոսում ես մարդու իրավունքներից, չի նշանակում, որ կողմ ես թափառող կենդանիների սպանդին։ Պետք է բացառել հասարակության մեջ սերմանվող արհեստական պառակտումը (սևեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, արցախցիներ-հայաստանցիներ, հիմա էլ՝ կենդանասերներ, մարդատյացներ)։ Հարկավոր է միավորել ջանքերն ու պահանջել իշխանություններից և իրավապահ մարմիններից՝ պատշաճ կատարել իրենց գործառույթը՝ ստերջացման համակարգի լիարժեք իրականացում, կացարանների կառուցում, կենդանիների անվերահսկելի բուծման կամ որպես անպիտան իր՝ տանից դուրս հանելու կանխում, կրթադաստիարակչական մեթոդների կիրառում, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի բացառում, ինչն, ի դեպ, ՀՀ օերնսդրությամբ քրեորեն պատժելի արարք է, և այլն։ Այլապես, երբ խնդիրը մնում է բարձիթողի, այն հայտնվում է մարդ-կենդանի բախման տիրույթում, և արդյունքում ունենում ենք երկուստեք ցավալի դեպքեր։

Հիշե՛ք, որ կենդանիներն իրենց կամքով չեն դառնում թափառական, դա մարդկա՛նց գործողությունների կամ անգործության հետևանք է։ Կենդանիները լավ կյանքից չէ, որ դառնում են ագրեսիվ (փողոցում դաժան պայմաններ, տարածքի և գոյատևման պաշտպանություն, տարբեր հիվանդություններ, մարդկանց կողմից շներին կռվացնելով գումար աշխատելուց հետո փողոց նետում, շարունակաբար և գրեթե համատարած դաժան վերաբերմունք, խոշտագում և բազմաթիվ այլ պատճառներ)։ Բայց սա չի նշանակում նաև, որ պետք է արդարացնել մարդկանց վրա թափառող կենդանիների հարձակումները կամ մարդկանց ինքնագործունեությամբ՝ կենդանիների սպանդ իրականացնելը։

Հ․Գ․ Ընդգծում եմ՝ երբ պետությունն իր գործառույթը պատշաճ իրականացնի, և՛ շները «երջանիկ» կլինեն, և՛ մարդիկ՝ անվտանգ։ Եվ վերջում, սիրե՛ք մեր չորքոտանի բարեկամներին և հաստատ փոխադարձ ջերմություն ու սեր կստանաք, և մի մոռացեք, որ շունը մարդու բարեկամն է, այլ ոչ թե՝ թշնամին։ Մեր թշնամին բոլորովին այլ տեղում է։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը