Լրահոս

07.11.2011 11:21


Պաշտպանի առաջարկները Վարչապետին և Ազգային Ժողովի խմբակցություններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն օրենսդրական փոփոխության երկու առաջարկ է ուղղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան  Սաֆարյանին, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան  Հովհաննիսյանին, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքները վկայում են այն մասին, որ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդիկ համապատասխան հանձնաժողովի կողմից չեն ճանաչվում հաշմանդամ: Որոշ դեպքերում էլ օրենքով նախատեսված հերթական փորձաքննության ընթացքում հաշմանդամության խումբ ունեցող մարդկանց զրկում են խմբից կամ փոխում դեպի դրական խումբ, երբ նրանց առողջական վիճակը ոչ թե բարելավվել է, այլ հակառակը՝ վատթարացել: Ունենալով լուրջ առողջական խնդիրներ և դրանք վկայող բժշկական եզրակացություններ՝ մարդը հաճախ չի ճանաչվում հաշմանդամ այն պատճառաբանությամբ, որ իր ունեցած հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը չեն առաջացնում հաշմանդամության սահմանման համար անհրաժեշտ կենսագործունեության սահմանափակում: Դրա պատճառը օրենքով նախատեսված հաշմանդամության սահմանման չափանիշների անորոշությունն է, ինչը գնահատման հայեցողության բավականին լայն շրջանակ է նախատեսում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար, արդյունքում` փորձաքննությունները որոշ դեպքերում իրականացվում են ոչ օբյեկտիվ ու կամայական:

Հասարակության և պետության կարիքների համար օտարված գոտիներում գտնվող գույքի սեփականատերերի բողոքները հաճախ վերաբերում են փոխհատուցման խնդիրներին և պետության կողմից կառուցապատողների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությանը: Օրենքով նախատեսվում է, որ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում, այն է՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար: Այս դեպքում հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ օտարումը կատարվում է սեփականատիրոջ կամքին հակառակ, հետևաբար օտարվող սեփականության փոխհատուցման չափը որոշելիս շուկայական արժեքին զուգահեռ անհրաժեշտ է կիրառել նաև այլ չափանիշներ, օրինակ՝ սեփականատիրոջ համար նույնանման պայմաններ այլ վայրում ապահովելու հնարավորությունը: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ պետությունը սահմանափակվում է միայն տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելով, իսկ օտարված գոտիներում գտնվող գույքի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների կատարումը լիովին թողնված է օտարվող սեփականությունը ձեռք բերող կազմակերպություններին, որոնց գործունեության համար պետությունը որևէ պատասխանատվություն չի կրում և որևէ կերպ չի վերահսկում հետագա գործընթացը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը