Կարծիք

07.11.2011 16:41


Ինչ է լինում, երբ զրոները ցինիկանում են

Ինչ է լինում, երբ զրոները ցինիկանում են

Ընտրություններից ամիսներ առաջ մի քանի պաշտոնանկություններ և նշանակումներ եղան: Բոլոր երկրներում էլ լինում են հրաժարականներ և պաշտոնանկություններ: Հայաստանը տարբերվում է նրանով, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան անում է ամեն ինչ, որ Լոռու մարզի Կողես գյուղի բնակիչները հավատան, որ ոստիկանապետը պաշտոնանկ է արվել բացառապես Կրեմլի համաձայնությամբ և քոչարյանական դավադրության բացահայտման շրջանակներում:

Ինչո՞ւ է գործող նախագահը գիտակցաբար իրեն և Հայաստանը ցածրացնում: Ամեն ինչ շատ պարզ է: Սերժ Սարգսյանը փորձում է շարքային հայ մարդուն, որը հանգամանքների բերումով առանձնակի վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ, հասկացնել, որ իր և Կրեմլի խոսքը մեկ է: Սերժ Սարգսյանին և նրա թիմին թվում է, որ եթե ՀՀ քաղաքացին հավատա, որ նույնիսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կամ որ նույնն է՝ Սերժի փեսայի պաշտոնանկությունը համաձայնեցվում է Ռուսաստանի հետ, ապա կդադարի դիմադրել գործող վարչախմբին և հեշտությամբ թույլ կտա նրա վերարտադրությունը:

Սերժ Սարգսյանը և նրա երիտասարդ ու անփորձ խորհրդականները հիմա իրենց ենթակաների միջոցով փորձում են ժողովրդին ներշնչել, որ Սերժ Սարգսյանն անթերի խաղ է խաղում, և նրա հաղթանակն անխուսափելի է: Նրանց վստահություն է ներշնչում նաև այն փաստը, որ էլեկտրոնային լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը գտնվում է իրենց ենթակայության տակ: Ճիշտ է, քարոզչության ոլորտում Սերժ Սարգսյանն աննկարագրելի առավելություն ունի, բայց ստիպված ենք շեշտել, որ Սերժ Սարգսյանը չափազանց վատ է խաղում, և նույնիսկ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի բնակիչները չեն հասկանում՝ ինչ կապ ունի Կրեմլը Վլադիմիր Գասպարյանի հետ, կամ ինչու պետք է ՌԴ նախագահը կամ վարչապետը իրենց ծանր տեղը թեթևացնեն և անհաջողակ ֆուտբոլասերի հետ քննարկեն Միքայել Մինասյանի գործունեության հեռանկարները: Այնպես որ, ժողովրդին չի կարելի թերագնահատել: Հատկապես այն ժողովրդին, որը չի վստահում գործող վարչախմբին և այն կառավարությանը, որը գլխավորում է Տիգրան Սարգսյանը:

Իհարկե, Միքայել Մինասյանին, Տիգրան Սարգսյանին և Սերժ Սարգսյանին ժողովրդի կարծիքը շատ քիչ է հետաքրքրում կամ, ավելի ճիշտ, ընդհանրապես չի հետաքրքրում: Եթե հետաքրքրեր, ապա նրանք ոչ թե կպատրաստվեին հերթական վերարտադրությանը, այլ պարզապես խաղաղ կերպով մի կողմ կքաշվեին և ժողովրդին հնարավորություն կտային ձևավորել մի իշխանություն, որը երկիրը դուրս կբերեր այս մղձավանջային իրավիճակից: Դրա փոխարեն նրանք ծրագրում են ցինիկաբար ամրապնդել իրենց իշխանությունը: Ավելին, չեն հրաժարվում էժանագին շոուներից և ներգրավելով արդեն բազմակի անգամ օգտագործված «ատղերին»՝ համերգներ են կազմակերպում՝ փորձելով ցույց տալ, որ շատ են սիրում հայ ժողովրդին:

Գործող վարչախումբը հասել է մի աստիճանի, որ արդեն գնում է բացահայտ առճակատման ոչ միայն ժողովրդի, այլ պետական համակարգի հետ: Առաջին հայացքից կարող է այս ամենը տարօրինակ թվալ, բայց ի՞նչ ասես մի վարչախմբի, որն Ազգային ժողովի նախագահին՝ պետության երկրորդ բարձր պաշտոնյային, ստիպում կամ խնդրում է թողնել զբաղեցրած պաշտոնը մի կուսակցության շտաբ գլխավորելու համար: Ընդ որում, այն իրավիճակում, երբ այդ շտաբն էլ գոյություն չունի և, ըստ օրենքի, չի էլ կարող գոյություն ունենալ:

Այս իրավիճակում մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ պետությանը մի խումբ երիտասարդներ մարտահրավեր են նետել՝ ամենայն հավանականությամբ կարծելով, որ ժողովուրդը կորցրել է դիմադրելու ներուժը: Կարելի է չկասկածել, որ այս իրավիճակում Սերժ Սարգսյանի թիմի կողքին կկանգնեն բացառապես նրանք, ովքեր թքած ունեն մեր պետության վրա, ինչպես նաև նրանք, ովքեր չափից դուրս շատ են սիրում արծաթը և միաժամանակ չեն գիտակցում՝ ինչ վտանգի առաջ է կանգնած մեր պետությունը:

Սերժ Սարգսյանի թիմի վերջին քարոզչական հարձակումն ապացուցեց, որ գործ ունենք մի խմբի հետ, որը քամահրանքով է վերաբերվում ժողովրդին և պետությանը ու ագահաբար փորձում տիրանալ մեր երկրի յուրաքանչյուր բնակչի ունեցվածքին: Պատմությունը վաղուց արդեն ապացուցել է, որ նման խմբավորումները դաժան պարտություն են կրում, քանի որ անհնար է վերարտադրվել և կառավարել մի երկրում, որի բնակիչների կենսամակարդակը գնալով անկում է ապրում, իսկ տնտեսվարողների թիվը նվազում ու նվազում:

Ժամանակակից աշխարհում, նույնիսկ Հայաստանի նման բազմաչարչար երկրում հնարավոր չէ նման ցինիկ ծրագիր իրականացնել: Ավելի լավ է կանգ առնել և գոնե այդպես օգնել Հայաստան երկրին:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը