Հարցազրույց

09.11.2011 12:21


Դուստրիկ Մխիթարյան.

Դուստրիկ Մխիթարյան.

Հարցազրույց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության քարտուղար Դուստրիկ Մխիթարյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում այսօր Հայաստանում առկա սոցիալ–տնտեսական և քաղաքական իրավիճակը։

–Շատ ընդարձակ և բարդ հարց եք տալիս։ Դատելով ժողովրդի դժգոհություններից, դատելով իրավիճակից՝ կարող եմ ասել, որ սոցիալ–քաղաքական վիճակը լավ չէ։ Դժգոհությունները շատ են, իսկ և՛ սոցիալ–տնտեսական, և՛ հոգեբանական, և՛ բարոյական ամբողջ վիճակի  հետևանքն էլ արտագաղթն է, որը մեր երկրում ահագնացող չափերի է հասել և ողբալի վիճակում է։

–Այս իրավիճակը կանխելու համար իշխանություններն ի՞նչ պետք է ձեռնարկեն, որ չեն անում։

–Որ ասեմ՝ իշխանությունները ոչինչ չեն անում, սխալ կլինեմ։ Որոշ քայլեր անում են, բայց դրանք կոսմետիկ քայլեր են։ Հիմնականը, որը պետք է փոխի իրավիճակը, որը պետք է ժողովրդի վրա անմիջական ազդեցություն թողնի, բարելավի, այդ քայլերը չեն արվում։ Իհարկե, դրա պատճառը և՛ ճգնաժամն է, և՛ արտաքին աշխարհի հետ կապված հարցերը, բայց այնուամենայնիվ կան քայլեր, որ կարելի էր անել իրավիճակը բարելավելու համար։ Քայլեր արվում են և՛ ստվերից դուրս բերելու, և՛ օլիգարխներից հարկերը վերցնելու, բայց դրանք բավարար չեն։

–ԱԺԿ–ն ի՞նչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

–Մենք դա դեռևս քննարկում ենք։ Շատ լավ հասկանում ենք այս բարդ իրավիճակը, մենք փորձում ենք շատ ռեալ գնահատել և՛ մեր ռեսուրսները, և՛ քաղաքական իրավիճակը։ Մենք դեռ այդ հարցի քննարկման փուլում ենք։

Հնարավո՞ր է, որ ԱԺԿ–ն միանա, համագործակցի Սերժ Սարգսյանի հետ՝ առավել ևս, որ վարչապետը հայտարարեց՝ իրենք լայն կոնսոլիդացիոն գործառույթ են ցանկանում վերցնել։

Ընդհանրապես քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, բայց այնուամենայնիվ չեմ կարծում, որ կհամագործակցենք։ Համենայնդեպս մեր քննարկումներում, մեր վարչության նսիտերում (որոնք հաճախ ենք անում) բավական սուր քննադատություններ են հնչում։ Այդպիսի՛ տրամադրվածություն, մտադրություն դեռևս չկա։

–Իսկ այն, որ ձեր կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը ՀՀ փոխարտգործնախարար է, ոչ մի կերպ չի՞ ազդի ձեր այդ որոշման վրա։

–Երբ պարոն Քոչարյանը դարձավ փոխարտգործնախարար, դա նույնպես չազդեց մեր կուսակցության դիրքորոշման վրա։ Եվ դա բոլորովին չի խանգարում ու չի էլ նպաստում մեր վերլուծությանը, մեր դիրքորոշմանը։ Մենք կարծում ենք, որ ամեն մարդ, անկախ նրանից՝ ինքը որ դաշտում է, եթե կարող է որևէ ոլորտում դրական որևէ լիցք հաղորդել, դրական տեղաշարժ բերել, ապա պետք է այնտեղ իր լուման ներդնի։ Այնպես որ, այդ հանգամանքը մեր կուսակցության դիրքորոշման վրա բացարձակապես չի ազդում և առավել ևս՝ ոչ էլ խանգարում է։ Մենք միշտ ազատ քննարկում ենք, մենք միշտ, անկախ պարոն Քոչարյանի պաշտոնից, մեր դիրքորոշումը երբեք չենք փոխի։

–Այսինքն կարելի՞ է այսպես ասել՝ Շավարշ Քոչարյանն աշխատում է իշխանության հետ՝ լինելով ընդդիմադիր։

–Պարոն Քոչարյանն աշխատում է մեր պետության մեջ ժողովրդի համար և աշխատում է իր գիտելիքները, իր լուման ներդնել մեր արտաքին քաղաքականության և հատկապես Արցախի հարցի լուծման գործում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը