Հարցազրույց

24.02.2024 20:52


Հայաստանն արագ տեմպերով վերածվում է հակառուսական տարածաշրջանի. Ասլան Ռուբաև (տեսանյութ)

Հայաստանն արագ տեմպերով վերածվում է հակառուսական տարածաշրջանի. Ասլան Ռուբաև (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին։

Ըստ փորձագետի՝ Փաշինյանը չի հասկանում, որ դրանով նա հանում է այն վահանը՝ ի դեմս ՀԱՊԿ-ի, որը պաշտպանում էր Հայաստանը։

«Իրականում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը միանգամայն սպասելի քայլ էր Հայաստանի կողմից։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են, ցավոք սրտի, միակողմանիորեն փլուզվում դաշնակցային հարաբերությունները։ Նրանք ոչ միայն ճգնաժամի միջով են անցնում, այլ պարզապես փլուզվում են։ Փաշինյանը կտրեց այն դաշնակցային պորտալարը, որը միացնում էր Մոսկվային և Երևանին՝ չհասկանալով, որ դրանով նա հանում է այն նույն վահանը՝ ի դեմս ՀԱՊԿ-ի, որը պաշտպանում էր Հայաստանը։ Այժմ Հայաստանն առավել խոցելի է դառնում անվտանգության տեսանկյունից»,-ասել է Ռուբաևը։

Հաջորդ քայլն, ըստ քաղաքագետի, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի լուծարումն է, որը բավականին երկար ժամանակ գտնվում է Հայաստանում։

«Այժմ մենք հստակ կտեսնենք մեր միջազգային հարաբերությունների կազմաքանդման հետագա քայլերը։ Հիմա Ռուսաստանից եկած ներդրումային մթնոլորտը և, սկզբունքորեն որոշ տնտեսական հոսքեր, որոնք գնում էին Հայաստան, նկատելիորեն կկրճատվեն։ Տնտեսական տեսանկյունից Հայաստանը պարտվել է։

Ռազմական և աշխարհաքաղաքական տեսանկյունից այն դադարում է հետաքրքիր լինել Մոսկվայի համար, և վեկտորներն այժմ տեղափոխվում են Ադրբեջան։ Պետք է ասել, որ եթե նախկինում ասում էինք, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը Հայաստանն է, ապա այժմ, ամենայն հավանականությամբ, նրա տեղը կզբաղեցնի Ադրբեջանը։ Եվ դա Հայաստանի օգտին չէ։

Տվյալ դեպքում Արևմուտքը ցանկանում է Հայաստանն օգտագործել որպես հրաձգարան ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժերի տեղակայման համար, ինչն էլ կարվի։ Եվ իզուր չէ, որ Փաշինյանն այդ մեսիջն ուղարկեց Մակրոնի հետ հանդիպումից հետո։ Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա այսօր ամենամեծ ազդեցությունն ունեն հենց Փարիզն ու Վաշինգտոնը։ Ուստի այս դեպքում Փաշինյանի դիրքորոշումն առավել քան պարզ է։

Մենք սպասում ենք Փաշինյանի արտաքին քաղաքականության հաջորդ ուղղություններին, որոնք ուղղված են լինելու Ռուսաստանի դեմ։ Դա միանգամայն ակնհայտ է: Պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերներին, քանի որ Հայաստանը սրընթաց վերածվում է հակառուսական տարածաշրջանի։ Այժմ բացակայում է միայն Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու մասին Փաշինյանի պաշտոնական հայտարարությունը»,-եզրափակել է Ռուբաևը։

Աղբյուրը՝ alphanews.am

Այս խորագրի վերջին նյութերը