Հարցազրույց

14.03.2024 16:45


Փաշինյանի նպատակը հայ հասարակությանը խաբելն է. Անդրեյ Արեշև (տեսանյութ)

Փաշինյանի նպատակը հայ հասարակությանը խաբելն է. Անդրեյ Արեշև (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի եթերում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում հեղաշրջման փորձի մեջ։

Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը չի արձագանքի այդ մեղադրանքներին՝ ակնհայտ անադեկվատ լինելու պատճառով։

«Ինչ վերաբերում է այդ մեղադրանքներին Ռուսաստանի արձագանքին, ապա ես կարծում եմ, որ ՌԴ-ն չի արձագանքի նման հայտարարություններին, առնվազն պաշտոնական մակարդակով՝ դրանց անադեկվատության և իր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը ուրիշի վրա բարդելու ակնհայտ ցանկության պատճառով։ Սա պարոն Փաշինյանի վաղեմի մարտավարությունն է, որը նա արդեն բազմիցս փայլուն կերպով ցուցադրել է։ Նա, ըստ երևույթին, վայելում է հաջողություն և վստահություն հայ հասարակության մի մասի կողմից, որին կարելի է հրամցնել այս տեսակի հիմարություններ»,-ասել է Արեշևը:

Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի նպատակը հայ հասարակությանը խաբելն է։

«Ղարաբաղը հանձնելու գիծը Հայաստանում դրսևորվել է բավականին վաղուց, և բոլորին քաջ հայտնի է, որ Փաշինյանը մնում է նման քաղաքականության հետևողական կողմնակիցներից մեկը։ Եվ նրա բոլոր խոսքերը, որոնք ուղղված են պատասխանատվությունն ուրիշի վրա գցելուն, ունեն հստակ նպատակ՝ շարունակել իր ժողովրդին սխալ ճանապարհով ուղղորդել։

Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ նման հնարքների և դեմագոգիկ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնում է կործանման։ Իսկ ժամանակակից Հայաստանի ղեկավարության դեպքում, ցավոք սրտի, գործ ունենք հենց նման դեպքի հետ։ Սա շատ ցավալի է, բայց, ցավոք, այդպես է»,-եզրափակել է Արեշևը։

Այս խորագրի վերջին նյութերը