Լրահոս

11.11.2011 16:23


Սերժ Սարգսյանն ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդին:

Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ներդրումը, նաև՝ դեռևս 2007թ. Հայաստանի մարդկային ռեսուրսը գնահատելու և, ըստ այդմ, մեր երկրում ընկերության մասնաճյուղ բացելու որոշումը: Համոզվածություն հայտնելով, որ Հայաստանի նման փոքր շուկա և տնտեսություն ունեցող երկիրը պարտավոր է և կարող է դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացված մաս՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ «Նեյշնլ ինսթրումենթս»-ի գործունեությունը Հայաստանում ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ:

Սերժ Սարգսյանի խոսքով, 2001թ. տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարելով մեր երկրի տնտեսության գերակա ճյուղ, ՀՀ կառավարությունը  հաշվի էր առել Հայաստանի գիտակրթական մակարդակը, այդ ոլորտում երկրի ունեցած ավանդույթները, մասնագիտական բարձորակ մարդկային ռեսուրսը, ինչպես նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը, տրանսպորտային հաղորդակցության ուղիների սահմանափակումներն ու սակավ բնական պաշարները: Այժմ արդեն այդ ոլորտում աշխատողների և ընկերությունների թիվը, ոլորտում վերջին տարիներին արձանագրվող աճը, Նախագահի համոզմամբ, ևս մեկ անգամ փաստում են որոշման արդարացվածությունը:

Համակարծիք լինելով ՀՀ Նախագահի հետ և ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը, իսկապես, իմաստուն համարելով՝ Ջեյմս Թրուշարդը նշել է, որ Հայաստանը «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագրերի իրագործման համար շատ հարմար վայր է:

Հայաստանում ընկերության գործունեության զարգացման և համագործակցության տեսանկյունից Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաների հիմնման՝ «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագիրը:

Զրուցակիցների կարծիքով, շուրջ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այդ ծրագիրը լուրջ խթան կհանդիսանա միջազգային հարթակներում Հայաստանի՝ որպես համաշխարհային ճարտարագիտական կենտրոնի, վարկանիշի բարձրացման գործում, միաժամանակ՝ ՀՊՃՀ-ն դարձնելով միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող բարձրակարգ տեխնոլոգիական համալսարան:

Այս խորագրի վերջին նյութերը