Հարցազրույց

11.11.2011 17:13


Արա Նռանյան

Արա Նռանյան

Հարցազրույց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ–ական պատգամավոր Արա Նռանյանի հետ

–Ի՞նչ կարծիք ունեք կառավարության ներկայացրած հարկային նոր փաթեթի վերաբերյալ։ Ի՞նչ ռիսկեր է այն պարունակում։

–Դեռ այն ժամանակ, երբ կառավարությունը հայտարարեց հարկային փաթեթ ներկայացնելու մասին, մեր խմբակցությունը կառավարության ներկայացուցչին առաջարկեց նախորդ ավանդույթներից խուսափելու համար (երբ վերջին վայրկյանին բերում էին ծավալուն և մեծ փաթեթներ) նախօրոք այն աշխատանքային կարգով քննարկել։ Հասկանալի է, որ 100 էջից բաղկացած փաթեթին պարզապես ֆիզիկապես հնարավոր չի լինի մի քանի օրում ծանոթանալ։

–Բայց կարծես կառավարությունն էլի վերջին վայրկյանին էր ներկայացրել փաթեթը. տնտեսական հանձնաժողովի անդամներից էլ այդպիսի բողոքներ եղան։

Վերջնական տեսքով բերվել է հիմա, բայց բովանդակային առումով մենք՝ հանձնաժողովի անդամների մեծ մասը՝ նրանք, ովքեր մասնակցել են խորհրդակցություններին և կառավարության ներկայացուցչի հետ առանձին աշխատել, արդեն ծանոթացել էինք այս փաթեթին։ Ներկայացված սկզբնական տարբերակում մենք ունեինք լուրջ մտահոգություններ, և ողջունելի է, որ կառավարությունը նույնպես ընկալեց, որ բավական լուրջ խնդիրներ էին առաջանալու։ Ամենամեծ մտահոգությունն այն էր, որ կենսաթոշակային սոցվճարի նվազագույն շեմը 7 հազարից 9–ը հազար էր դարձել, ինչն անխտիր տարածվելու էր բոլորի վրա։ Հատկապես մեծ աշխատավորական կոլեկտիվ ունեցող արտադրությունների, մեծ հիմնարկների համար այդ փոփոխությունը բավական մեծ գումար էր կազմելու, որովհետև այդ վճարի ավելացումը բերելու էր նաև ապրանքների ինքնարժեքի ավելացման։ Քննարկումներ եղան կոալիցիայի ներսում, կառավարությունն էլ ընդունել էր մտահոգությունն ու այդ գաղափարից հրաժարվել էր։

–Իսկ այս փոփոխված տարբերակում ամենամտահոգիչ կետը ո՞րն է։

–Անկեղծ ասեմ՝ այս փաթեթի հետ կապված մեծ մտահոգություններ չունեմ. նույնիսկ ստվերի կամ փողերի լվացման դեմ որոշ դրույթներ կառաջարկեի ավելի խստացնել։ Մի փոքր մտահոգություն ունեմ գարեջրի արտադրության պահով։ Վերջին շրջանում նախ տեղական օղու հարկը բարձրացվեց և հավասարվեց ներկրվողին։ Մենք այդտեղ արդեն տեղական արտադրողի վրա բեռի բարձրացում ունեցանք։ Հիմա այդ նույն գործընթացը կատարվում է նաև գարեջրի մասով։ Եվ հաշվի առնելով, որ շուկան շատ զգայուն է գարեջրի գնի նկատմամբ, հատկապես ոչ թանկ սեգմենտը, ապա ես մտահոգություն ունեմ, որ այդ 30–40 դրամ բարձրացումը կարող է ազդել տեղական արտադրողների մրցունակության վրա։ Որպեսզի գոնե որոշ չափով մեղմենք, ես առաջարկեցի կիրառել այն սկզբունքը, որը գործում է այլ ալկոհոլային խմիչքների մասով։ Այսինքն, մտցնենք որոշակի տոկոս, որը կազդի թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա և գոնե այդ կերպ որոշ չափով կփորձենք կոմպենսացնել տեղական արտադրության գարեջրի նկատմամբ վտանգները։ Գոնե այսօր վաճառվող թանկանոց գարեջրի գինը նույնպես կբարձրանա, և տեղականն ի վիճակի կլինի գոնե այդ պայմաններում մրցակցել։

–Բայց սպառողին դրանից ի՞նչ օգուտ։ Չէ՞ որ այդ պարագայում էլ տեղական արտադրության գարեջրի գինը բարձրանալու է։

–Բոլորիս էլ հայտնի է, որ նրանք հիմնականում սպառում են տեղական արտադրություն գարեջուր, և անկեղծ ասեմ՝ այստեղ այդ մտահոգությունն ունենք։

–Հատկապես գործարար պատգամավորները մտահոգություն ունեն, որ հարկային այս նոր փաթեթն անմիջականորեն կազդի խոշոր բիզնեսի վրա, և ամբողջ բեռը կծանրանա հենց նրա ուսերին։ Դուք չե՞ք կարծում, որ այս փաթեթն ուղղակի խոշոր բիզնեսի դեմ է։

–Չէ՛, չեմ կարծում։ Ես նման մտագոհություն չունեմ, որովհետև խոշոր բիզնեսի դեմ այդքան ակնհայտ վտանգավոր բան փաթեթում չկա։ Հիմնական խնդիրը փաստաթղթաշրջանառությանն է վերաբերում։ Կառավարությունը խստացնում է փաստաթղթաշրջանառության մասը, իսկ հարկային բեռի բարձրացում այդ առումով չկա։ Այսինքն, բոլոր նրանք, ովքեր կսկսեն աշխատել փաստաթղթի հիման վրա, իրական դրույքաչափի փոփոխության հետ կապված որևէ խնդիր չեն ունենա։ Իսկ փաստաթղթաշրջանառության հանդեպ խստացմանը մենք կողմ ենք։ Նույնիսկ կառաջարկեի ավելի խիստ մոտեցում ցուցաբերել։ Մենք մշտապես գնում ենք կիսատ լուծումներով և դրա պատճառով որևէ ձևով չենք կարողանում կարգի բերել մեր տնտեսությունը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը