Կարծիք

21.03.2024 18:47


Ինչո՞ւ է իրականում Նիկոլ Փաշինյանն ուզում հանձնել Տավուշի գյուղերը, և ի՞նչ անել այս գործընթացը կանգնեցնելու համար

Ինչո՞ւ է իրականում Նիկոլ Փաշինյանն ուզում հանձնել Տավուշի գյուղերը, և ի՞նչ անել այս գործընթացը կանգնեցնելու համար

Փաշինյանի վերջին այցը Տավուշ և նրա «առաջարկները» տավուշցիներին շոկ են առաջացրել նույնիսկ իր հավատարիմ թիմակիցների մոտ: Այն թեզերը, թե իբր նա անկեղծորեն ուզում է կարգավորել խնդիրները Ադրբեջանի հետ, որպեսզի հաստատվի տևական խաղաղություն, արդեն համոզիչ չեն նույնիսկ իր թիմակիցների համար:

Բանն այն է, որ Ադրբեջանը այդ գյուղերի հանձնման դիմաց հիմք չի ընդունում որևէ քարտեզ Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման համար: Այսինքն, այդ գյուղերը հանձնելով, Հայաստանը ստանալու է ոչ թե խաղաղություն, այլ է՛լ ավելի մեծ անվտանգության խնդիրներ, որի արդյունքում Բաքվի դիրքորոշումներն է՛լ ավելի են կոշտանալու: Դրա վառ ապացույցն այն է, որ Սյունիքում նա հրաժարվում է իր զորքերը դուրս բերել Հայաստանի ճանաչված սահմաններից:

Դրան փայլուն տեղյակ է նաև Փաշինյանը: Այդ դեպքում, այս ամենը հաշվի առնելով, ինչո՞ւ է նա պահանջում տավուշցիներից, որպեսզի նրանք միակողմանի բավարարեն Ադրբեջանի պահանջները: Փաշինյանը այդ հարցին էլ է պատասխանել, գիտի որ գյուղացիների հարցադրումները ճիշտ են, բայց այլ ելք չկա, քանի որ Ադրբեջանն այսօր ուժեղ է և ուժի դիրքերից է պահանջում Հայաստանից միակողմանի զիջումներ:

Այսինքն, Փաշինյանը հրապարակավ խոստովանում է, որ իր կողմից հռչակված խաղաղության կոնցեպտը Ադրբեջանի հետ ձախողված է:

Արդեն նույնիսկ հանրության ամենատգետ հատվածն է հասկանում, որ Փաշինյանը՝ որպես գործիչ, ամբողջովին իրեն սպառել է և նա այլևս չի կարողանալու ապահովել երկրի անվտանգ զարգացումը:

Իրականում Փաշինյանն էլ է հասկացել իր սպառված լինելը, պարզապես մնացել է իր տեղում, քանի որ երկրի քաղաքական դաշտը չի կարողանում հակազդել իրեն: Որից էլ առաջացել է այս իրավիճակը, որը հղի է Հայաստանի պետականության փլուզման վտանգով:

Փաշինյանը, հրաժարվելով ռուսական անվտանգային հովանոցից, չկարողացավ և չէր կարող դա փոխարինել այլ երկրների անվտանգային հովանոցներով: Հենց դրա պատճառով էլ առաջացել է այս իրավիճակը:

Այս իրավիճակից երկու լուծում կարող է լինել քաղաքագիտական առումով. կա՛մ Փաշինյանը հրաժարական է տալիս և հեռանում է Հայաստանից, կա՛մ իր ձեռքերով Հայաստանը սկսում է փուլ առ փուլ կազմաքանդվել: Երրորդ տարբերակ գոյություն չունի: Բայց քանի որ Փաշինյանը կամովին հրաժարական չի տա, երկրի փրկության միակ տարբերակը մնում է այն, որ քաղաքական դաշտում առաջ գա մի քաղաքական ուժ, որը հայտարարի, որ «կա այդպիսի ուժ, ով կկարողանա այս ճակատագրական պահին, լուծել այս հարցը»:

Այն ուժը, ով կարողանա այդ հայտով հանդես գալ, նա էլ կդառնա երկրի և պետականության փլուզումից փրկող ուժը:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը