Քաղաքական

27.03.2024 09:54


Բաքուն նոր լրացուցիչ պահանջներ կառաջադրի. Ալեքսանդր Ցինկեր (տեսանյութ)

Բաքուն նոր լրացուցիչ պահանջներ կառաջադրի. Ալեքսանդր Ցինկեր (տեսանյութ)

Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ խոսելով Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին՝ փորձագետն ասել է, որ Բաքուն իրեն հաղթող է համարում, ուստի փորձում է ուժի տեսանկյունից թելադրել իր պայմանները։

«Հասկանալով, որ բոլորն ակնկալում են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի առաջխաղացում, Ադրբեջանն ամեն անգամ նոր լրացուցիչ պահանջներ է ներկայացնում։ Ես կարծում եմ, որ սա վերջը չէ, կանցնի ժամանակը և Բաքուն նոր լրացուցիչ պահանջներ կառաջադրի։

Այս իրավիճակում Հայաստանը պետք է որոշի իր կարմիր գիծը, քանի որ կան տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Հայաստանին, մենք չպետք է մոռանանք այս մասին։ Ադրբեջանը շարունակում է նման ակտիվ, ագրեսիվ բանավեճը և Հայաստանի ղեկավարությանը հայտարարում է, որ եթե դուք զիջումների չգնաք, ապա մենք պատրաստ ենք կրկին փորձել խնդիրը լուծել ռազմական գործողությունների միջոցով։ Դա վտանգավոր է: Նրանք կարծում են, որ իրենք հաղթել են և անընդհատ փորձելու են բանակցել ուժի դիրքերից։ Ուստի երկու կողմերի միջև առանց երրորդ անձանց ներկայության բանակցություններ վարելու գաղափարը վտանգավոր է Հայաստանի համար։

Որքան հասկանում եմ, Ադրբեջանն այնքան էլ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, նա հասկանում է, որ կարող է ավելի ու ավելին պահանջել։ Այսօր նրանք գյուղ են պահանջում, հետո միջանցք, հետո Սահմանադրությունը փոխել, հիմնը, դրոշը, զինանշանը, դա երբեք չի ավարտվի։ Ամեն ինչ պետք է ի մի բերել, այն ամենն, ինչ անիրատեսական է, պետք է դեն նետել, իսկ ինչ-որ վիճելի հարցերի շուրջ կարելի է փորձել ինչ-որ բան լուծել»,- նշել է Ցինկերը։

Ինչ վերաբերում է լուրերին, թե Ադրբեջանի զինդատախազությունը հետախուզում է հայտարարել 1990 թվականին իբր ցեղասպանություն իրականացրած 18 անձանց նկատմամբ, փորձագետն ասել է, որ դա նման է ագրեսիայի առիթ փնտրելուն:

«Ինձ իսկապես դուր չի գալիս, երբ ինչ-որ գյուղում կամ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները կոչում են ցեղասպանություն։ Ցեղասպանությունը կոնկրետ հասկացություն է, որը ներկայացվել է փաստաբան Ռաֆայել Լեմկինի կողմից հենց այն տեղեկատվության հիման վրա, որը նա հավաքել է 1915 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Հետևաբար, եթե նույնիսկ որևէ գյուղում բախում է տեղի ունեցել կամ նույնիսկ 20-30 հոգու սպանություն է տեղի ունեցել, ապա ասել, որ դա Ցեղասպանություն է, պարզապես բառախաղ է։

Տարօրինակ է խոսել այս մասին հիմա, եթե ինչ-որ մեկը երկրների միջև հարաբերությունների բարդացման առիթ փնտրի, կամ ագրեսիայի առիթ, կամ լրացուցիչ պահանջներ ներկայացնելու առիթ, ապա նույն հաջողությամբ կարելի է ինչ-որ տեղեկություններ գտնել, որ Ադրբեջանի կողմից էլ ագրեսիայի գործողություններ են եղել ինչ-որ հայկական գյուղերում»,-եզրափակել է Ցինկերը։

Այս խորագրի վերջին նյութերը