Կարծիք

07.04.2024 19:10


Արևմտաթուրքական խրտվիլակը և բրյուսելյան հանդիպման հեռակա մասնակիցները․ ի՞նչ արժե Հայաստանը

Արևմտաթուրքական խրտվիլակը և բրյուսելյան հանդիպման հեռակա մասնակիցները․ ի՞նչ արժե Հայաստանը

Բրյուսելում՝ ինչպես Գրանադայում։ Ապրիլի 5–ին Հայաստանի ձևական մասնակցությամբ բանակցում էին Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Բանակցում էին Հայաստանի վրա, Ռուսաստանի ու Իրանի դեմ (Արցախի թեման փակ էր, քանզի այդ հարցով հավաքվել էին 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում ու մեկ տարի անց համատեղ ուժերով էթնիկ զտում իրականացրել)։

Ալիևն ու Էրդողանը չէին մասնակցում ՀՀ–ԵՄ–ԱՄՆ ձևաչափով հանդիպմանը, բայց նրանք շատ ավելի լրջորեն էին ներգրավված քննարկումների մեջ, քան Նիկոլ Փաշինյանը, ում վերապահված էր Ռուսաստանի և Իրանի դեմ թափահարվող արևմտաթուրքական խրտվիլակի դերակատարումը։

Ուրսուլա Ֆոն դեռ Լայենն ու Էնթոնի Բլինքենը բրյուսելյան հանդիպումից առաջ Ադրբեջանի հետ ճշտեցին եռակողմ հանդիպման օրակարգն ու Հայաստանի ուկրաինացման գինը։

Այդ գինը վճարելու է Հայաստանը, շահառուն լինելու է Ադրբեջանը, ատամները սրելու է Իսրայելը, օգտվելու է Թուրքիան, աշխարհաքաղաքական հարցեր է լուծելու Արևմուտքը։

Դատելով ամենից՝ Ալիևի ախորժակն այնքան անսահմանափակ է, որ նա որևէ քարտեզի չի համաձայնում ՀՀ–ի հետ սահմանազատման ու սահմանագծման համար։ Դա նշանակում է, որ Ալիևը ոչ թե Տավուշի, Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերից է կտորներ պահանջում, այլ ամբողջ Հայաստանն է համարում ադրբեջանական։ Բոլորն այս մասին գիտեն, բայց ձև են անում, որ չգիտեն և համատեղ ուղարկում են հայ ժողովրդին դեպի «ինքնիշխան» կառափնարան։ Ամեն մեկն իր շահն է հետապնդում, ինչը բնական է, և անմեղսունակություն է ուրիշներից նեղանալն այն բանի համար, որ մեր հաշվին իրենց շահերն են հետապնդում։

Միակ մարդը, որից կրկին պետք է ոչ թե նեղանալ, այլ հաշիվ պահանջել ու վռնդել, Նիկոլ Փաշինյանն է, ով, հանուն իր անձնական շահի, աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին է դրել Հայաստանը (դրանից առաջ Արցախն էր)։

Հ․Գ․ Շատ քննարկվեց ԵՄ–ի խոստացած 270 միլիոն եվրոյի թեման։ Մինչդեռ քննարկման առարկան ոչ թե Հայաստանի վաճառքի գինը պետք է լիներ, այլ այն, որ Հայաստանը չի վաճառվում։ Ցանկացած գնով։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը