Քաղաքական

15.11.2011 13:14


Ինչը կհաղթեր Տիգրան Սարգսյանին, թե չլիներ...գինին

Ինչը կհաղթեր Տիգրան Սարգսյանին, թե չլիներ...գինին
Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին: Կանանց պահով դեռ ոչինչ չի բացահայտվել, բայց ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ գտնվելը վարչապետ Տիգրան Սարգսյանի անարատ (կաթնատու կովերի ականջը կանչի) անունը հասցրեց մի լավ վարկաբեկել։ Իհարկե, ինքնահրկիզվող, ինքնապատառոտվող պաշտպանյալներ էլ եղան,թե՝ բա տղամարդ ա, պիտի խմի, բա ինքն էլ ա մարդ, հո լուսնից չի՞ ընգել, և այլ գոռում–գոչյուններով։

Անսթափ վարչապետի արարքի կապակցությամբ թափ հավաքած հասարակական կարծիքին քիչ թե շատ հնարավոր եղավ ծանոթանալ սոցիալական ցանցերից։ Իսկ ի՞նչ կարծիք ունեն Տիգրան Սարգսյանի հարբած պահվածքի մասին օրենսդիրները։

ՀՀԿ–ական Լեռնիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ համացանցում հայտնված տեսանյութը չի տեսել, բայց նշեց.

–Ինչ խոսք, այդքան մարդու առաջ չի կարելի, բայց ես չեմ կարծում, որ վարչապետն անսթափ է եղել։ Հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի էությունը, ինտելեկտը, տրամաբանությունը՝ ճիշտն ասած չեմ մտածում, որ նա կարող էր այդ տիպի անսթափ ելույթ ունենալ 10 հազար մարդու առջև։ Ճանաչելով վարչապետին՝ ես դա անտրամաբանական եմ համարում։

Լեռնիկ Ալեքսանյանն ընդգծել է, որ վարչապետի հետ խնջույքի մեկ սեղանի շուրջ միասին նստելու առիթներ եղել են ու Տիգրան Սարգսյանը ալկոհոլային խմիչք շատ չափավոր է օգտագործել։

Տեսանյութը չէին տեսել նաև Հանրապետականներ Սուքիաս Ավետիսյանը և Համլետ Հարությունյանը։ Առաջինը պնդեց, որ Տիգրան Սարգսյանը խմիչքի նկատմամբ հակում չունի, իսկ երկրորդը նշեց, որ տեղի ունեցածը հնչունային օպերատորի թույլ տված սխալի հետևանքն է։

–Վարչապետի կողքին մարդիկ են գտնվել, ովքեր կատերոգրիկ ժխտում են այդ փաստը։ Ճանաչելով վարչապետին, նրա կեցվածքը, նրա անցած ամբողջ ճանապարհը՝ ես չեմ կարծում, որ նման բան եղել է։ Մի բան, որի մեջ նրան չի կարելի մեղադրել, հենց այն է, որի մեջ հիմա նրան փորձում են մեղադրել։ Խմիչքի նկատմամբ Տիգրան Սարգսյանը շատ անտարբեր է։ Ես նրան երբեք անսթափ չեմ տեսել,–պնդեց Համլետ Հարությունյանը,–սովորաբար մեզ մոտ մարդկանց սկսում են ասել այն, ինչը որ ուղղակի նրանց յուրահատուկ չէ։ Վարչապետը եվրոպական կեցվածքով, չափված–ձևված անձնավորություն է, իսկ այդ տեսանյութը ինձ այդքան էլ չի հետաքրքրում։

ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանն էլ ընդգծեց, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտան է և այն խոսակցությունները, թե վարչապետը հազիվ է կարողացել ոտքի վրա կանգնել, խոսելուց էլ աչքերը շարունակ բաց ու խուփ է արել, չափազանցված են։

–Ես այլ կարծիք ունեմ պարոն վարչապետի մասին։ Նա խմիչքին վերաբերում է ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ՝ բավարար, չափի մեջ, դիմացկուն։

Ի տարբերություն վերնոշյալ Հանրապետականների, երիտասարդների օրվա կապակցությամբ ՀՀԿ–ի կազմակերպած Թաթա Սիմոնյանի համերգին (այստեղ էլ Դոմինգոյի ականջը կանչի) ՀՀԿ խմբակցության ղեավար Գալուստ Սահակյանը ներկա՛ է եղել։ Նա մամուլում տեղ գտած խոսակցությունները պրովոկացիա համարեց։

Ի դեպ, այնտեղ ներկա գտնվողներից շատերը ներքին խոսակցությունների ժամանակ պատմել են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այնքան հարբած է եղել, որ չի կարողացել մոտենալ բեմում տեղադրված ամբիոնին՝ ելույթ ունենալու, և ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Աավագյանը ստիպված է եղել խոսափոխը տանել, հասցնել Տիգրան Սարգսյանի մոտ։ Մեզ տված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարն այս լուրերն էլ հերքեց.

–Նախ մենք այնտեղ ենք նստած եղել, որ այդքան շատ մարդիկ չեն եղել։ Դա առանձնացված տեղ էր և խոսափողն էլ հենց մեր կողքին դրված էր, հետևաբար նման տեսարաններ չէին կարող լինել։

Հարցն ուղղեցինք նաև մյուս խմբակցությունների ներկայացուցիչներին։ «Բարգավաճ Հայաստան»–ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սահմանափակվեց հետևյալն ասելով.

–Ընդհանրապես չեմ ցանկանում այդ տեսահոլովակը և այդ տեսարա՛նը մեկնաբանել։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանն ընդգծեց, որ ինքն այդ օրը գտնվել է Սանկտ–Պետերբուրգում և վարչապետի ելույթի տեսանյութը չի տեսել։ ՀՅԴ–ական պատգամավորը, սակայն, ավելացրեց.

–Կարծում եմ, որ վարչապետը պետք է միշտ սթափ լինի ժողովրդի առջև և հատկապես երիտասարդությանն օրինակ ծառայի։

Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը շատ ծանր է տարել տեղի ունեցածը։

–Ընդհանրապես որևէ քաղաքական գործչի կամ պետական պաշտոնյայի այդպե՛ս երևալը հարված է Հայաստանի իմիջին։ Իշխանությունը շատ է խոսում, թե ինչքան պետք է բարձր պահել պատիվը։ Ճիշտն ասած ինձ համար շատ զարմանալի էր և ցավալի։ Ես առաջին տարին չէ, որ ճանաչում եմ Տիգրան Սարգսյանին և ինձ համար վերին  աստիճանի զարմանալի էր։ Չի բացառվում, որ տեխնիկական որևէ խոտան է եղել, բայց պետք է հասկանանք, որ պետք է բացառվե՛ն այդ խոտանները ևս, լինի դա մարդկային բնույթի, լինի դա տեխնիկական բնույթի խոտան,–ասաց Լ. Ալավերդյանը։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.: Երբ կինը դավաճանում է ամուսնուն, նրա այդ արարքն ապացուցելը շատ դժվար է։ Բայց որքան էլ, որ կինը հերքի իր արատավոր արարքները, միևնույն է շրջապատում բոլորն էլ գիտեն, որ նա անբարոյական է, թեկուզ և նրա այդ զազրելի գործողությունների ժամանակ ներկա չեն եղել և ինչպես ասում են՝ մոմ չեն բռնել։

Վարչապետին հարբածության համար տեղացած մեղադրանքներից հետո Տիգրան Սարգսյանն իր բլոգում հերքեց դրանք՝ տեղի ունեցածը բարդելով տեխնիկական անսարքության վրա։ Թեև քչերին նրա պնդումները համոզեցին։ Ու բնական է, որ այդ բազմահազար «անհավատների» մոտ տրամաբանակ հարց է առաջանալու՝ բա եթե վարչապետն այսպիսի մանրուքի դեպքում է մեզ խաբում՝ հերքելով ակնհայտը, էլ ինչպե՞ս հավատանք նրա մյուս՝ առավել գլոբալ ու երկրի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող հավաստիացումներին։ Այդ մարդիկ կարող են նաև արդարացիորեն վրդովվել՝ ավելի լավ էր տղամարդավարի կանգներ խոստովաներ՝ ի՞նչ է եղել որ, աշխատանքային ժամից դուրս մի փոքր խմել էի, ու վերջ թեման կփավեր, քանի որ ճիշտն ամեն դեպքում ավելի ընդունելի է, քան ցանկացած սուտը։

Այս խորագրի վերջին նյութերը