Կարծիք

23.11.2011 10:36


Հոգնեցինք, բավ է

Հոգնեցինք, բավ է

Ստալինի անձնական ատամնաբույժը (չնայած պրպտումներիս, այդ մարդու ազգանունը չհիշեցի) ժամանակի ամենաքաջ մարդկանցից մեկն է եղել: Իր նախաձեռնությամբ նա Ստալինի համար մեկի տեղ երկու ատամանաշար է պատրաստել` դնովի-հանովի: Չգիտեմ ո՞վ, ժողովուրդների հորը հուշել էր, որ նրան վայել է միայն պողպատե ատամնաշարը: Հավատացրել էին, որ այդպես է պահանջում քաղաքական մոմենտը` հզոր երկրի ղեկավարը չի կարող պարզապես ավելի փափուկ ատամնաշար ունենալ: Ստալինն էլ պատվիրում է պողպատից: Բժիշկը նախ զարմացել է, ապա, չափերը վերցնելու հետ նրա ականջի տակ դնդնացել, թե գիտությունը բավականին առաջ է գնացել եւ հիմա շատ տարածված են ավելի թեթև, բերանի խոռոչում ավելի հարմար նստող պլաստմասսայե ատամնաշարարերը, որոնք նաև դիմացկունությամբ չեն զիջում պողպատին: Հասկանալի է, կասկածն ընկել է Ստալինի սիրտը, եւ նա ՉԿ-ին հրամայել է աչք չկտրել համարձակ բժշկից, մինչև նա իր ատամնաշարի գործն ավարտի:

Աշխատանքն արվել էր հարյուրերորդական միլիմետրի ճշտությամբ, ու երբ Ստալինը «հագնում է» պողպատե իր ժանիքները, ոչ մի նկատողություն բժշկին չի կարողանում անել: Հոյակապ էր, միայն թե չանեն (ներքևի ծնոտը) ծանրությունից կախվում էր: Այդուհանդերձ Ստալինի կասկածներն անմիջապես ցրվում են, եւ նա բժշկի հետ մտերմիկ զրույցի է բռնվում ու գովում նրա ձեռքի աշխատանքը: Սակայն, այդ ամենից թև առած, բժիշկը, ինչ բան է չէ՞ լավ մասնագետը, գրպանից հանում է մի ապակյա տուփ ու բացում հենց Ստալինի հայացքի ներքո` ընկեր Ստալին, կփորձե՞ք:

Պլաստամասսայե ատամնաշար էր:

Փորձեց ժողովուրդների հայրն ու այլևս չհանեց այդ ատամնաշարը, իսկ պողպատները կրում էր միայն քաղաքական մոմենտի հրամայականով, երբ հյուր ուներ կապիտալիստական աշխարհից:

Իսկ բժի՞շկը: Բժիշկն ի՞նչ: Նա այլևս չերևաց Կրեմլում: Նա Ստալինի եւ Սովետների երկրի գաղափարական հակառակորդն էր, համաշխարհային իմպերիալիզմի գործակալ, ուղղակի չպայթծ ատոմային ռումբ: Տարան` կորցրին:

Ինչի՞ համար էր այս երկար պատմությունը: Իհարկե մեր հեր օրհնած վարչապետը Ստալին չէ, ոչ էլ մանավանդ Թաթայի համերգի հնչյունային ռեժիսորը` բժիշկ, բայցևայնպես, սրանց պատմությունը լիքը զուգահեռներ ունի Ստալինի ու նրա բժշկի պատմության հետ: Տեսեք` վարչապետի թիմը խորհուրդ է տվել նրան` քաղաքական մոմենտը պահանջում է անպայման հանպատրաստից ելույթ ունենալ մի ամբողջ համալիր «նժդեհիկների» առաջ: Իսկ պարտավորեցնող էր ոչ միայն քաղաքական մոմենտը, այլև միջազգային իրադրությունը, որովհետև երիտասարդության համաշխարհային օրն էր:

Համերգի հնչյունային ռեժիսորը` Արմեն Մխոյան անվամբ մի երիտասարդ (եթե հավատանք ֆեյսբուքյան իր գրառումին), իմանալով, որ հիմա պիտի լռեցնի բոլոր ձայներն ու խոսքը տա վարչապետին, նախազգուշացրել է վերջինիս թիմին, թե այդ անել վարչապետի գտնված տեղից ճիշտ չէ, որովհետև բարձրախոսների տվյալ պահի հեռավորության պայմաններում կկակազի նույնիսկ ամենաճարտասան հռետորը, էլ ուր մնաց վարչապետը: Այ այստեղ կասկածն ընկել է վարչապետի ու նրա թիմի փորը` սա չի ուզում, որ մենք ելույթ ունենանք: Դե չուզելը դու հիմի տես` ասել են ու գործի անցել: Իհարկե խեղճ հնչյունային ռեժիսորը կաշվից դուրս է եկել, մինչև որ Տիգրան Սարգսյանն իր քաղաքական ճառն ավարտել է, բայց մետաղյա ատամնաշարը, իսկ տվյալ դեպքում ակուստիկ տեխնիկան իր գործն արեց ու արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք:

Իսկ հիմա գլխավոր հարցը` խմած էր արդյոք վարչապետը, թե՞ ոչ: Արդեն հոգնեցինք այս գլխավոր հարցից: Հենց սկսում ենք միջադեպը մոռանալ, մեկ էլ կամ ինքը, կամ մեկ ուրիշը դարձյալ թարմացնում են մեր հիշողությունն ու ասես ուրիշ զբաղմունք չունենանք, նորից խոսում ենք դրանից: Դե իսկ վարչապետի պապն ընդհանրապես երկմտելու տեղ չթողեց, որ իր թոռը խմած է եղել: Եվ այնուամենայնիվ` կոնկրետ այդ օը խմա՞ծ էր վարչապետը, թե՞ ոչ:

Ես շատ կցանկանայի, որ սույն հրապարակմամբ վերջ դրվեր այս պատմությանը, որովհետև, չի բացառվում, կարող ենք հասնել գլուխներ թռցնելուն, ինչը քաղաքական մոմենտի այս փուլում ընդհանրապես ցանկալի չէ ՀՀԿ-ի ու վարչապետի թիմի համար: Հեն է, Հովիկ Աբրահամյանը հաստատեց իր հրաժարականը, իսկ շտաբը դեռ չկա ու չկա: Պետք է գործով զբաղվել վերջապես:

Եվ այսպես` խմա՞ծ էր վարչապետը, թե՞ խմած չէր: Մի կողմ դրեք բոլոր պատճառաբանությունները, մոռացեք ձեր դիտած տեսաձայնագրությունն ու մի պահ կենտրոնացեք այն բանի վրա, թե ի վերջո ինչ ասաց վարչապետը: Նա, եթե չեք մոռացել, ՀՀԿ երիտասարդներին կոչ արեց լինել տաղանդաշատ: Դուք այդպիսին պիտի լինեք շախմատի բնագավառում, դուք այդպիսին պիտի լինեք ֆուտբոլի բնագավառում: Այդ երկու բնագավառը միայն հիշեց մեր այդ օրվա վարչապետը:

Ես դժվարանում եմ ասել, թե ինչպե՞ս է դինամիկն ազդում մարդու հիշողության վրա, բայց ինչ էլ լիներ, գիտելիքահենք երկիր կառուցողի համար առաջին տեղում ֆուտբոլն ու շախմատը պիտի չլինեին: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր լինելու, եթե ՀՀ նախագահը լիներ ուշուի ֆեդերացիայի ղեկավար եւ ձևավոր չմշկասահքի սիրահար:

Ձեր ցավը տանեմ, եկեք վերջ տանք այս թեմային ու, ինչպես ասել էինք նախօրոք, մտածենք` մարդ է, մի բաժակ էլ խմել է, աշխարհը հո շուռ չեկա՞վ: Իսկ Թաթայից բացի ո՞վ չէր խմել այդ օրը: Եթե բոլորը խմած չլինեին, ՀՀԿ ջահելության մեծարման երեկոյին Թաթա կհրավիրեի՞ն: Ահա եւ ձեզ բացատրություն: Էլ ի՞նչ եք ընկել պեչենու բաղերը: Հոգնեցինք, էլի…

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը