Կարծիք

25.11.2011 13:52


Հայաստանի փրկությունն այլընտրանք չունի

Հայաստանի փրկությունն այլընտրանք չունի

Մինչ վարչախումբը, կուսակցությունները եւ նրանց համակիրներն ակտիվորեն նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, իսկ ոմանք նաեւ հերթական ընտրակեղծիքներին, հայաստանցիների կենսամակարդակը գահավիժում է անդունդի ամենախորքը, տնտեսվարողների թիվը կրճատվում է, հարկահանները շարունակում են իրենց անցանկալի եւ անակնկալ ստուգումները, տնտեսության ընդհանուր վիճակն էլ գնալով ավելի անմխիթար է դառնում:

Նույնիսկ միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունն է արձագանքել, որ մեր վիճակն ավելի է վատացել: Եթե նախկինում մենք ունեինք «կայուն» գնահատական, ապա այժմ հասել ենք «բացասականին»: Բնականաբար, այս փաստը չի մտահոգում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Տիգրան Սարգսյանին, ոչ էլ վարչախմբի ներկայացուցիչներից որեւէ մեկին: Նրանց ամբողջ ուշադրությունը սեւեռված է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բացի այդ, նրանք այդպես էլ չեն ընդունում, որ մի օր իրենց իրականացրած քայլերի արդյունքում պետությունը պարզապես կարող է փլուզվել:

«Մուդիսի» գնահատականի հիմքում դրված է Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման հեռանկարը: Մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի համեմատ աճում է ու աճում, բացի այդ, անկախ տնտեսագետները պնդում են, որ այս տարվա պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի ավելի քան 11 տոկոսը, իսկ մյուս տարի այս ցուցանիշը հաստատ չի կրճատվի: Այս չոր թվերի ետեւում մարդկային ճակատագրեր են թաքնված: Այս թվերի ետեւում իր ամենօրյա դժվարին կյանքով ապրում է հայաստանցին, որը գնալով կորցնում է հույսը վաղվա օրվա հանդեպ եւ մտածում է իր հարեւանի կամ ազգականի օրինակին հետեւելով բնակություն հաստատել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ուկրաինայում կամ Ռուսաստանում: Դժվար է հավատալ, բայց ընտանիքներ կան, որոնք արդեն բնակություն են հաստատել նաեւ Թուրքիայում: Այս ամենը Տիգրան Սարգսյանին եւ նրան այդ պաշտոնում հաստատած Սերժ Սարգսյանին չեն հետաքրքրում: Նրանք, ամենայն հավանականությամբ ուրախ են, որ դժգոհ մարդիկ հեղափոխություն անելու փոխարեն հեռանում են Հայաստանից:

Պաշտոնական տվյալները հիմք վերցնելով կարող ենք ասել, որ այս տարվա ավարտին  Հայաստանից միայն մեկ տարում հեռացավ մոտ հարյուր հազար մարդ: Այս իրավիճակում իշխանությունները ոչինչ չեն անում արտագաղթի պատճառները վերացնելու համար: Ընդհակառակը, ամեն ինչ անում են դրանք խորացնելու համար: Զրուցեք ցանկացած տնտեսվարողի հետ եւ հարցրեք, թե ինչ են մտածում այս իշխանությունների եւ նրանց իրականացրած քայլերի մասին: Իսկ վարչապետը շարունակում է երկրներ փնտրել, որ մեզ պարք կտան: Եւ չենք զարմանա, եթե մի օր լսենք, որ Սենեգալի դեսպանը Հայաստան էր եկել մեր երկրին վարկ տրամադրելու հարցը բարձր մակարդակով քննարկելու համար:

Եթե ժողովուրդը լռի, եթե կուսակցությունները խորհրդարանում մեկ–երկու տեղ ստանալու համար չնկատելու տան կատարվող խայտառակությունները, ապա մենք կունենանք մի երկիր, որն արդեն անբուժելի կլինի:

Հավատացեք, որ եթե ինչ որ հրաշքով վարչախմբին հաջողվի վերարտադրվել եւ ժողովուրդը շարունակի հեռուստաէկրաններից տեսնել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին եւ մյուսներին, ապա Հայաստանում պարսկական աշտարակի կառուցումն արդեն խիստ խորհրդանշական կլինի:

Որեւէ լուրջ գործարար Հայաստանում ներդնում չի անի, որեւէ իրատես գործարար Հայաստանում այլեւս գործարարությամբ չի զբաղվի, եւ եթե հաջողացնի, ապա կապիտալն ու բիզնեսը կտեղափոխի այլ երկրներ: Մեր տնտեսությունը ոչ թե քայքայվում է, այլ արդեն քայքայվել է: Այն ինչ մնացել է, դա տնտեսության ավերակներն են: Թող որևէ մեկին չխաբեն դրսից ուղարկվող գումարները: Պողոսն իր եղբայր Պետրոսին ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից գումար է ուղարկում եւ նա սովից չի մահանում կամ նույնիսկ թանկարժեք ավտոմեքենա է գնում եւ ստեղծվում է խաբուսիկ իրավիճակ, թե իբր Հայաստանում հնարավոր է ապրել եւ նույնիսկ ավտոմեքենա գնել: Բայց այս ամենը չի կարող հավերժ շարունակվել, քանի որ տնտեսության ողնաշարն արդեն կոտրված է:

Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը համառորեն չեն ընդունում, որ մեր երկրի վիճակը ծանր եւ օրհասկան է: Նրանք կարծում են, որ անհրաժեշտ պահին ռուսներն ամեն ինչ կանեն, որ մենք չփլուզվենք, բայց այդպես չի լինում: Երբ տունը քանդվում է նեսից՝ դրսի միջամտությունները որեւէ օգուտ չեն կարող տալ: Եւ վերջին հաշվով խորհրդային երկիրն արդեն չկա եւ չկա այն պատճառով, որ նրա ղեկավարները եւս ինքնախաբեությամբ էին զբաղված:

Հիմա իրավիճակը շատ պարզ է եւ մենք էլ պետք է ընտրություն կատարենք, թե ինչ ենք ուզում մեր եւ մեր երեխաների համար: Հասունացել է մի իրավիճակ, երբ հարկավոր են արմատական փոփոխություններ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր ընդունում են, որ մեր երկիրն այլևս չի կարող գնալ այս ուղով, մի կողմ դնեն երկրորդական հարցերը, նախկինում ունեցած վեճերն ու տարաձայնությունները՝  ջանքերը համախմբելով երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը