Լրահոս

25.11.2011 17:08


ՌԴ ԱԳՆ–ն հաղորդագրություն է տարածել Վերին Լարս անցակետի սահմանափակումների մասին

ՌԴ ԱԳՆ–ն հաղորդագրություն է տարածել Վերին Լարս անցակետի սահմանափակումների մասին «Նոյեմբերի 12–ից վրացական իշխանությունները, առանց պաշտոնական ծանուցման, Ռուսաստանն ու Վրաստանը կապող Վերին Լարս անցակետում սահմանափակել են ավտոտրանսպորտային միջոցները, ինչի հետևանքով ռուսական կողմում տասնյակ բեռնատարների և տրանսպորտային այլ միջոցների հերթ է գոյացել։ Վարորդներն ու ուղևորները հայտնվել են ծանր վիճակում։ Նրանք ստիպված են ապրել գրեթե դաշտային պայմաններում։ Սննդի և ջրի պակասություն է զգացվում։ Տեղի իշխանությունները հնարավոր միջոցներ են ձեռնարկում՝ օգնություն ցուցաբերելու մարդկանց»,–ասվում է  հաղորդագրության մեջ։ Ըստ ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության՝ վրաց սահմանապահներն անցնելու իրավունք են տալիս միայն առանձին բեռնատարների այն դեպքում, երբ հակառակ ուղղությամբ Վրաստանից Ռուսաստան առանց որևէ խոչընդոտի անցնում են բոլոր տրանսպորտային միջոցները։ Ռուսաստանի արտգործնախարարությունը վրացական կողմից պարզաբանումներ է պահանջել ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում համապատասխան նոտան ուղարկվել է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատուն, որը ներկայացնում է Վրաստանի շահերը։ Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր ՀՀ կապի և տրանսպորտի նախարարը՝ նոյեմբերի 24–ի դրությամբ մոտ 150 ավտոմեքենա է կանգնած եղել անցակետի մոտ և չի կարողացել հատել ռուս–վրացական սահմանը։

Այս խորագրի վերջին նյութերը