Հարցազրույց

28.11.2011 17:28


Վարդան Օսկանյան.

Վարդան Օսկանյան.

«Ալ Զազիրա» հեռուստաընկերության անգլերեն հեռարձակման նոյեմբերի 26-ի «Եվրոգոտու խնդիրների ազդեցությունները» (The Euro Trigger) հաղորդման հյուրն էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ստորև ներկայացված է  հարցազրույցի հայերեն թարգմանությունը

-Moody’s-ն այս շաբաթ իջեցրեց Հայաստանի վարկանիշի կանխատեսումը` այն գնահատելով բացասական: Ի՞նչ եք կարծում` սա Հայաստանի տնտեսությա՞ն խնդիրներով է պայմանավորված, թե՞ Եվրոպայի և Ռուսաստանի տնտեսությունների։

-Կարծում եմ` վերջինների։ Հայաստանի տնտեսությունը մեծապես կրում է համաշխարհային տնտեսության ազդեցությունը: Թեև մեր երկիրը փոքր է, և եթե 2009 թվականի ճգնաժամը կարող է որևէ ցուցիչ լինել, կարծում եմ՝ գլոբալ տնտեսության որևէ նոր անկում կամ ճգնաժամ անպայմանորեն կազդի Հայաստանի վրա։ Եվ քանի որ այս անգամ կարծես թե համաշխարհային տնտեսության անկման աղբյուրը լինելու է Եվրոպան, Հայաստանի վրա այդ ազդեցությունն է՛լ ավելի ուղղակի կլինի, քանզի Եվրամիությունը Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է։ Հայաստանը մետաղներ, հղկված ադամանդներ է արտահանում Գերմանիա, Բուլղարիա և Բելգիա։ Ազդեցության մյուս ուղին Ռուսաստանն է, որը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, Հայաստանում ամենամեծ ներդրողը և Հայաստան եկող դրամական փոխանցումների 75%-ի աղբյուրը։ Հայասատանը Ռուսաստան արտահանում է հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ, հումք և վերամշակված ապրանքներ։ Համաշխարհային տնտեսության որևէ անկում անպայմանորեն կազդի Ռուսաստանի վրա՝ փոխելով այդ տարրերն ու գործոնները և հետևաբար ազդելով նաև Հայաստանի տնտեսության վրա։ Կարծում եմ՝ Moody’s-ի որոշումը պայմանավորված էր այս հանգամանքներով։

-Այս ամենը հաշվի առնելով` արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանը, թեկուզ և չկարողանալով ամբողջությամբ ինքնաբավ դառնալ, իրավիճակը հաղթահարի` ներառելով այլ ոլորտներ և չբավարարվելով միայն Ձեր նշած ոլորտներով` հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն և բնական պաշարներ: Թե՞ կշարունակի 100%-ով կախված մնալ արտաքին շուկաներից։

-2009թ․ ճգնաժամն անշուշտ այս խնդիրն օրակարգային դարձրեց։ Դիվերսիֆիկացումը, ոչ թե որ նախկինում չէր, բայց կառավարության համար ակնհայտորեն դարձավ առաջնահերթություն։ Կառավարությունը սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին, քանի որ Հայաստանը ճգնաժամից առավել ուժեղ հարված ստացած տնտեսություններից էր։ Ավելին, մենք 2009թ․ ամենամեծ հարվածը ստացած երկրորդ տնտեսությունն էինք։ Մենք 14,5 տոկոս անկում ունեցանք, որը Հայաստանի տնտեսության համար չափազանց մեծ է: Սկսած այդ պահից՝ մենք սկսեցինք դիտարկել թե որոնք էին այս մեծ անկման պատճառները` հաշվի առնելով, որ մեր հարևան երկրներում անկումը շատ ավելի փոքր էր: Հարցի պատասխանն այն էր, որ այլ խնդիրների կողքին` անարդյունավետ կառավարում, կառուցվածքային խնդիրներ, հիմնականում դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն էր։ Արդյունաբերության ավանդական ուղղություններից բացի, որ մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից, Հայաստանը ներուժ ունի այլ ոլորտներում, ինչպես օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների, քանի որ մեր բնակչության կրթական մակարդակը բարձր է, զբոսաշրջության և ծառայությունների, քանի որ մեր երկիրը գեղեցիկ է, մարդիկ՝ հյուրասեր։ Նաև շեշտը պետք է դնել փոքր և միջին ձեռնարկատիրության վրա, քանի որ հայերը նախաձեռնող ազգ են։ Մեր հարևանները, անշուշտ, ունեն շատ այլ գրավիչ կողմեր։ Վրաստանը տարանցիկ երկիր է, ելք ունի դեպի ծով։ Ադրբեջանը նավթ ու գազ ունի։ Հայաստանը շրջափակված է, չունի բնական պաշարներ, տարածքով և բնակչությամբ փոքր է։ Հետևապես մեր գրավչությունն արտաքին ներդրումների համար, ինչը շատ անհրաժեշտ է զարգացնելու այն ոլորտները, որոնցով պետք է դիվերսիֆիկացվի մեր տնտեսությունը, պետք է լինի հասարակության հետագա ժողովրդավարացումը, օրենքի գերակայությունը, առավել լայն արդարադատությունը: Ահա սրանք պետք է դառնան Հայաստանի գրավիչ կողմերը։ Կառավարությունը գիտակցում է այս բոլորը, և  մենք բավականին առաջընթաց ենք արձանագրել այս ուղղություններում, սակայն ես չեմ կարծում, որ մենք արել ենք բավարարը:

-Կարո՞ղ եմ արդյոք Ձեզ հարցնել մեկ այլ հիմնախնդրի մասին, որ գործնականում ընկած չէ գլոբալ անկման հիմքում, բայց կարող է Հայաստանի վրա ազդել տնտեսապես։ Խոսքը Իրանի մասին է։ Արևմուտքը ձգտում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Ինչպե՞ս է դա ազդում ձեզ` որպես Իրանի հարևան երկրի վրա, և ինչպիսի՞ն կլինի, օրինակ, ձեր երկու երկրների միջև կառուցվող գազատարի ապագան։

-Իրանի նկատամբ կիրառվող պատժամիջոցները դեռ չեն ազդել Հայաստանի վրա։ Եթե վերջին` միջուկային զենքի հետ կապված զարգացումների հետևանքով լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվեն, ապա հասկանալի է, որ դրանք կվնասեն նաև Հայաստանին։ Այդտեղ կասկած չկա։ Սակայն, մյուս կողմից, Հայաստանը միջազգային հանրության անդամ է և պարտավոր է հարգել պատժամիջոցների հանձնարարականները։ Այդ իսկ պատճառով Հայաստանի դիրքորոշումն այս հարցում մշտապես եղել է այն, որ Իրանի հետ կոնֆլիկտը լուծվի բանակցությունների միջոցով, որպեսզի հնարավոր լինի խուսափել լրացուցիչ պատժամիջոցներից և ռազմական գործողություններից, ինչը կործանարար կլինի ողջ տարածաշրջանի համար։ Ահա թե ինչու Հայաստանի դիրքորոշումն է, որ խնդիրը լուծվի բանակցությունների միջոցով, որովհետև լրացուցիչ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ Հայաստանի համար հավասարազոր կլինեն երրորդ փակ սահման ունենալուն։

Այս խորագրի վերջին նյութերը