Կարծիք

29.11.2011 10:15


Սերժ Սարգսյանն արդեն իսկ պարտվել է

Սերժ Սարգսյանն արդեն իսկ պարտվել է

Հայաստանում սկսվել է հետաքրքիր մի ժամանակաշրջան, որի ընթացքում բավական զարմանահրաշ իրադարձություններ եւ բացահայտումներ են տեղի ունենում: Մենք իմացանք, թե ինչ խորհուրդներ է Տիգրան Սարգսյանին տվել իր պապը, հասկացանք, որ Սերժ Սարգսյանի համար բավական հանդուրժելի է, երբ մարզպետը ինչ-ինչ նպատակներով կամ պատճառներով կին գործարար է ծեծի ենթարկում: Ավելին, իմացանք, որ նախագահին հավատարմության երդում տալու համար, ոմանք հարկ են համարում հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից: Հասկացանք, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը այն զբաղեցնողները քաղաքական չեն համարում եւ լավ առաջարկ ստանալուց շտապում են լքել հայրենիքը: Այսքան բացահայտումները հեշտ չէ մարսելը, հատկապես, որ այս ամենը շարունակվում է:

Օրերս հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մարդկային սրտերի քաջ գիտակ է եւ նա անգամ կարողանում է կռահել, թե այս կամ այն մարդը այս կամ այն հայտարարությունը սրտի ցավով է անում, թե ոչ: Իրոք, սա բավական ինքնատիպ տաղանդ է: Եւ սրտերի մեծագույն գիտակ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, թե իրենց նպատակն է շատ լավ ընտրություններ անցկացնել: Ստիպված ենք Սերժ Սարգսյանին հուշել, որ ընտրությունները լավ ու վատ չեն լինում: Ընտրությունները լինում են արդար եւ ոչ արդար, ազատ եւ ոչ ազատ, թափանցիկ եւ ոչ թափանցիկ:

Սերժ Սարգսյանն ասել է, թե իրենց նպատակն է այնպիսի ընտրություններ անցկացնել, որ համապատասխանեն միջազգային չափանիշներին: Առաջին հայացքից հրաշալի եւ վեհ ցանկություն, բայց երբ ուշադրություն ենք դարձնում այն քայլերին, որոնք իրականացնում է վարչախումբը, ստիպված ենք լինում ցավով արձանագրել, որ Սերժ Սարգսյանի նպատակը ոչ թե միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրության անցկացումն է, այլ այն, որ դիտորդները հայտարարեն, որ ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին:

Սերժ Սարգսյանի եւ նրա երիտասարդ շրջապատի երազանքն է Հայաստանը վերածել Թուրքմենստանի: Դա առավել քան ակնհայտ է: Բայց մեկ անգամ եւս շեշտենք, որ դա անհնար է եւ այդ ծրագիրը դատապարտված է ձախողման:

«Մենք ոչ միայն նպատակ ունենք, այլեւ կոնկրետ գործողություններ ենք կատարում»,- ասել է Սարգսյանը: Կոնկրետ գործողություններն էլ ընտրություններից կես տարի առաջ ՀՀԿ շտաբի ձեւավորման մասին հայտարարություններն էին եւ Հովիկ Աբրահամյանի եւ Միքայել Մինասյանի հրաժարականները:

«Կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու, եւ հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու եւ ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձեւով, այլ բոլոր քաղաքական պրոցեսները հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց կարծիքին»,- ավելացրել է Սերժ Սարգսյանը: Եւ այստեղ չենք կարող չնշել, որ լումայի արժեք չունեն այն քաղաքական գործընթացները, որոնք առանց աղմուկի են ընթանում: Քաղաքական գործընթացները նույնիսկ խորհրդային պետությունում էին աղմուկով ընթանում: Առանց աղմուկ քաղաքական գործընթացները տեղի են ունենում Թուրքմենստանում, տեղի էին ունենում Լիբիայում: Իսկ ինչ վերաբերում է չարությամբ լցված մարդկանց, ապա միայն Սերժ Սարգսյանը կիմանա, թե ում սրտում է չարությունը նստած:

Լավ հոգեբանները, ծանոթանալով Սերժ Սարգսյանի վերոհիշյալ մտքերին, անմիջապես կհասկանան, որ գործ ունեն մի մարդու հետ, ով կորցրել է ինքնատիրապետումը եւ բոլորի մեջ հակառակորդներ է փնտրում: Պարզ է նաեւ, որ նման մարդը չի կարող ոչ թե պետություն, այլ անգամ փոքրիկ հիմնարկ ղեկավարել: Իսկ մեր խնդիրն այն է, որ այս մարդը համառորեն ցանկանում է ոչ միայն պահպանել իր պաշտոնը, այլ իրականացնել «Մեկ ազգ` մեկ օլիգարխ» ծրագիրը, որը բառիս բուն իմաստով կործանարար կլինի մեր պետության համար: Բոլորի համար էլ արդեն իսկ պարզ է, որ այն մարդը, այն նախագահը, որը հանդուրժեց կին ծեծող մարզպետին, նույնիսկ բարոյական իրավունք չունի պետություն ղեկավարել:

Բարեբախտաբար մեր երկիրը, մեր ժողովուրդը դեռ ամբողջովին չի բարոյալքվել եւ առկա է բավարար ներուժ այս խայտառակ եւ վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար: Անհրաժեշտ է միայն, որ բոլոր այն ուժերը, ովքեր գիտակցում են, որ Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հետագա պաշտոնավորումը կործանարար հետեւանքներ կունենա մեր երկրի համար, մի կողմ դնեն երկրորդական տարակարծությունները, մի կողմ դնեն վիրավորվածությունը եւ միասնական ջանքերով երկիրը դուրս բերեն այս իրավիճակից:

Գործընթացն արդեն սկսված է: Մնում է այն շարունակել: Իջեւանը դառնալու է նոր եւ հզոր Հայաստանի խորհրդանիշը: Իջեւանում տեղի ունեցած ընտրությունները խորհրդանշական են: Իջեւանը դառնալու է պայքարող ժողովրդի համար փարոս: Մնում է միայն բավարար կամք դրսեւորել եւ հեռու մնալ «փարիսեցիներից», որոնք նախագահականից սազը վերցրած Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրաքվեից հետո ասում են, թե ինչպես կարելի է համագործակցել ԲՀԿ–ի հետ։ Նման «երգիչների» նպատակը մեկն է` ապահովել Սերժ Սարգսյանի թիմի վերարտադրությունը: Բայց մեկ անգամ եւս շեշտենք, որ Սերժ Սարգսյանն այնպիսի ծրագիր է ցանկանում իրականացնել, որը Հայաստանում դատապարտված է լիակատար ձախողման: Այնպես որ, որքան գումար էլ որ ծախսեն լրատվական դաշտը վերահսկելու համար, միեւնույնն է, ժողովուրդը չի ընտրելու Սերժ Սարգսյանին, չի քվեարկելու այն կուսակցությանը, որը նա է գլխավորում: Ավելին, թույլ չի տալու, որ թվանկարչությամբ վարչախումբը վերարտադրվի:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը