Կարծիք

30.09.2024 11:27


Ես ծնկի իջա ավելի քան հազար տարի այս տաճարում պահվող սուրբ մասունքների առջև․ Նիկոլայ I-ի այցը Էջմիածին ու Երևան

Ես ծնկի իջա ավելի քան հազար տարի այս տաճարում պահվող սուրբ մասունքների առջև․ Նիկոլայ I-ի այցը Էջմիածին ու Երևան

«Դուրս գալով Ալեքսանդրապոլից՝ մեկնեցի Հայաստանի տարածքում գտնվող Մաստերի գյուղ։ Այնտեղ ինձ սպասում էին հայ ժողովրդի ներկայացուցիչները՝ տեղի բեկերն ու մելիքները, ինչպես նաև քուրդ ավագները, որոնք իմ պատվավոր ուղեկցորդները դարձան դեպի Սարդարապատ, ուր մենք հասանք՝ գիշերելու։ Այստեղ տարածքն ավելի վեհաշուք էր, Արարատը վեր էր խոյանում իր ողջ փառքով՝ դառնալով այն կտավի ետնապատկերը, որը մարդկության բնօրանն էր վերածնում հիշողության մեջ։

Բոլորն ակամա զգացին այդ տեսարանի վեհությունը, որը սկիզբ էր առել դեռ մեծ ջրհեղեղի ժամանակներից։

Իջնելով հովիտը՝ ես տեսա հոյակապ Քենգերլի հեծելազորը՝ գումարտակ կազմած։ Ձիավորները կանգնած էին շարքով՝ միատեսակ համազգեստով, հեծած հիասքանչ ձիերի վրա։ Նրանց հրամանատար գնդապետը մոտեցավ ինձ մերկ սուսերով և զեկուցեց ռուսերեն, ինչպես կաներ մեր կանոնավոր զորքի սպան։ Գնդի սպիտակ համազգեստն էլ ավելի էլեգանտ էր դարձրել այդ յուրահատուկ գեղեցկությամբ օժտված տղամարդկանց։ Այդ հրաշալի զորքերն ինձ ընդունեցին ուրախությամբ, նրանց նայելը հաճելի էր:

Այդպիսի ուղեկցությամբ ես ձիով մոտեցա նշանավոր ու հինավուրց Էջմիածին հայկական վանքին, որտեղ հայրապետը դիմավորեց ինձ՝ նույնպես ձիով։ Մենք կարծես տեղափոխվեցինք առաքյալների ժամանակները՝ հայտնվելով ամենահեռավոր դարերի առասպելական պատումների մեջ։ Ձիուց իջնելով՝ Հովհաննես հայրապետը ելույթ ունեցավ, հետո ինձ տարավ վանքի պարսպից այն կողմ։ Եպիսկոպոսներն ու վարդապետները միացան մեր արտասովոր և տպավորիչ հեծելախմբին։

Սուրհանդակներ հիշեցնող երկու ծառայողներ առաջնորդում էին հայրապետի ձին, որին հետևում էր մոտ 50 հոգուց բաղկացած շքախումբը՝ բոլորը հագնված գրեթե վանականի նման։ Այստեղ էին նաև վանքի երկու կարևոր ծառայողներ, որոնցից մեկը կրում էր հայրապետի առաքելական ցուպը, իսկ մյուսը՝ հրամանատարի գավազանը՝ որպես խորհրդանիշներ նրա երկնային, երկրային և ռազմական ուժի։ Ողջ հեծելախմբի առջևից շարժվում էր ախոռապետը, որը շքեղորեն զարդարված տապճակներով երկու ձի էր վարում։

Երբ մենք մոտեցանք Էջմիածնին, վանքի և շրջակա եկեղեցիների զանգակատների ղողանջները միաձուլվեցին եկեղեցու սպասավորների երգեցողությանն ու բոլոր կողմերից այդտեղ հավաքված բազմության բացականչություններին։ Վանքի մուտքի մոտ շարվեցին վանականները՝ տոնական կերպարով երկու արքեպիսկոպոսների գլխավորությամբ, նրանցից մեկն ինձ մեկնեց հրաշագործ սրբապատկեր՝ համբուրելու համար, իսկ մյուսն աղ ու հաց մատուցեց։ Այնուհետև նրանք ինձ գլխավոր տաճար ուղեկցեցին։

Հայրապետն ինձ թողեց տաճարի հյուսիսային մուտքի մոտ՝ հարավից այնտեղ մտնելու համար․ նա ինձ դիմավորեց զոհասեղանի առջև՝ իր բարձր արժանապատվությանը համապատասխան հագուստով, խաչը ձեռքին՝ իր հոգևոր աստիճանին հարիր ամենայն շքեղությամբ։ Հատակը ծածկված էր շքեղ գորգերով։ Այն բանից հետո, երբ պատկերակալի մոտ ինձ սուրբ ջուր տվեցին, Հովհաննես հայրապետը երդվեց, այնուհետև բոլոր ներկաներն աղոթք բարձրացրեցին թագավոր ձեռք բերելու համար, ինչն այս հնագույն կամարները չէին տեսել յոթ հարյուր տարի: Ես ծնկի իջա ավելի քան հազար տարի այս տաճարում պահվող սուրբ մասունքների առջև, այնուհետև նույն շքախմբի ուղեկցությամբ ուսումնասիրեցի խորանը, Սուրբ Սինոդը, ճեմարանը, տպարանը և սեղանատունը։

Այնուհետև այցելեցի հայրապետի կեցավայր, որն ինձ ընծայեց Տիրոջ խաչի մի մասը՝ ասելով. «Թող մեր փրկագնման այս խորհրդանիշը հավերժ պաշտպանի քեզ և գահաժառանգներիդ թաքնված և ակնհայտ թշնամիներից»։ Դուրս գալով վանքից, որն այնքան հարուստ չէր, որքան ես սպասում էի և որն ինձ ոչ մի այլ բանով չզարմացրեց, քան իր հնությամբ, ես զննեցի Քենգերլի գունդը, որն ինձ ձիավարգով ուղեկցում էր մինչև Երևան։ Եկեղեցում աղոթելուց հետո ես մտա ինձ համար պատրաստված տունը՝ ուրախանալով հանգստանալու հնարավորությամբ։

Ամսի 6-ին ընդունեցի Պարսից շահի դեսպանին, որն ուղեկցում էր շահի 7-ամյա գահաժառանգին։ Ես այդ դուրեկան երեխային նստեցրի ծնկներիս և նրա ներկայությամբ խստորեն ասացի դեսպանին, որ նրա բոլոր հավաստիացումները հրաշալի են, բայց ես դրանց մեջ անկեղծություն չեմ տեսնում, քանի որ Պարսկաստանում իմ զինվորներին դասալքության են դրդում և նրանց միջոցով հատուկ զորքեր են ստեղծում։ Ես պահանջում եմ, որ այդ մարդիկ շուտափույթ վերադարձվեն ինձ, այլապես կդիտարկեմ Պարսկաստանը որպես իմ նկատմամբ մասամբ թշնամական պետություն։ Ես ուշադիր կհետևեմ խաղաղությանը և ստորագրված պայմանագրերին, բայց կստիպեմ նաև մյուսներին անել նույնը։ Մենք բաժանվեցինք միմյանցից որպես լավ ընկերներ, նա շահի անունից ինձ լավ ձիեր, մարգարիտներ ու մեծ քանակությամբ շալեր նվիրեց։

Երևանն այնքան անառողջ տեղ էր, որ բերդի պարիսպներից դուրս գրեթե ոչ ոք չէր մնացել։ Բնակիչները տեղափոխվել էին գետի մյուս կողմը, և կայազորը ստիպված էր այնտեղ ուղարկել նրանց պաշտպանելու համար անհրաժեշտ քանակությամբ զորք։ Նույն օրը մեկնելով՝ գիշերեցի Չուխլիում, 7-ին՝ Քադիում, հոկտեմբերի 8-ին, ժամը 15-ին հասա Թիֆլիս»։

Նախկինում շրջանառվում էր մի միֆ, թե իբր ցարն Արարատը չի տեսել ու իբր ասել է, որ հոգ չէ, որ Արարատը չտեսավ ցարին կամ նման մի բան։ Իրականում Նիկոլայ I-ը տեսել ու հիացել է Արարատով։

Հ․Գ․

Նախկինում շրջանառվում էր մի միֆ, թե իբր ցարն Արարատը չի տեսել ու իբր ասել է, որ հոգ չէ, որ Արարատը չտեսավ ցարին կամ նման մի բան։ Իրականում Նիկոլայ I-ը տեսել ու հիացել է Արարատով։

Էջմիածնի Մայր տաճարի ամենահին լուսանկարներից մեկը, եթե ոչ ամենահինը։
Լուսանկարի հեղինակը Գաբրիել Խատիսյանն է։
1850-ականներին ստեղծված այս աղային տպածոն (salt print) այդ տեխնիկայով արված եզակի պահպանված նմուշն է հայ լուսանկարչության պատմության մեջ, ինչպես նաև հայ լուսանկարչի կողմից արված ամենավաղ թվագրվող լուսանկարներից մեկը։

Նիկոլայ I-ի հիշողությունները գրի է առել կոմս Ալեքսանդր Բենկենդորֆը։

Պատրաստեց Դերենիկ Մալխասյանը

Այս խորագրի վերջին նյութերը