Լրահոս

30.11.2011 13:05


ՄԻՊ–ը հիասթափվա՞ծ է

ՄԻՊ–ը հիասթափվա՞ծ է

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձել է 1087.1 հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը, որը շոշոփում է «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացման հարցը։

–Սահմանադրական դատարանը որոշակի դրական քայլ է արել, որովհետև այն տվել է իրավական համակարգի համար չափազանց կարևոր դիրքորոշումներ, գնահատականներ, որոնք այս ոլորտը երկար տարիների համար դարձնելու են չափազանց կարգավորված, հստակ և հասկանալի։ Ճիշտ է, արդյունքներն իդեալական չեն, բայց ՍԴ–ն տվել է հստակեցում մի շարք խնդիրների վերաբերյալ։ Այնուամենայնիվ,  չի կարելի ասել, որ բոլոր հարցերը լուծվեցին, բոլոր հայցերը մերժվեցին։ Դա տեղի չունեցավ, և այդ առումով կա իմ՝ որպես մարդու անձնական հիասթափությունը արդյունքների վերաբերյալ։Ես կուզենայի, որ ՍԴ–ն, հակասահմանադրական ճանաչելով այդ որոշումը, մի հարվածով  լուծեր այսօրվա բոլոր գործերի խնդիրը։ Դա չափազանց մարդկային կլիներ, սակայն համակարգային առումով որքա՞ն դա ճիշտ կլիներ… Ես՝ որպես մասնագետ, ինքս խղճի խայթ ունեմ նման կարծիք հնչեցնելու համար,–հայտարարել է Անդրեասյանը՝ հավելելով, որ ՍԴ–ի որոշումները որևէ ատյանում բողոքարկման ենթակա չեն։

ՄԻՊ–ը նշել է, թե մի շարք հասկացություններ կան, որոնք օրենքում չեն մանրամասնվում, օրինակ՝ «ստույգ փաստ», «հրապարակային արտահայտություն», «ոչ ողջամիտ գործողություն», «գերակա հանրային շահ» և այլն։

–Եթե վերցնենք օրինապահ, արդար միջին գրագիտության դատավորին, ապա այդ դեպքում ՍԴ–ի այս որոշումը և այսօրվա օրենքը բավական են, որպեսզի որևէ լրատվամիջոց չտուժի խոսքի ազատության սահմանափակումից։ Բայց քանի որ դեռևս մեզ մոտ կան գործեր, մանավանդ այնպիսիները, որոնք արդեն դատական վճիռ են ստացել, այդ գործերով իսկ արդեն մենք, ցավոք սրտի, գործ ունենք խոսքի ազատության որոշակի վտանգվածության հետ,–հայտարարել է բանախոսը՝ միաժամանակ նշելով, որ եթե ինքը հիմնականում անդրադառնում է հարցի բացասական կողմերին, դա չի նշանակում, թե դրականը չկա։

Ապա Անդրեասյանը հավելել է.

–Կարող եմ էջերով թվարկել, թե ինչ դրական արդյուքներ է տվել ՍԴ–ի այս որոշումը, կարող եմ բերել բոլոր այն հասկացությունները, որոնք չկային, բայց ներմուծվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը