Լրահոս

04.05.2009 17:55


Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևին

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևին

Այսօր հայ երաժշտասեր հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա ունկնդրելու աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որն անցկացվում է Հայաստանի Նախագահի բարձր հովանու ներքո: Այդ առիթով աշխարհահռչակ դիրիժորի հետ Հայաստան են ժամանել նաեւ բալետի լեգենդար պարուհի Մայա Պլեսեցկայան, մեծանուն կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը, անվանի դաշնակահար Դենիս Մացուեւը: Արվեստի գործիչներին այսօր հյուրընկալել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով մշակույթի անվանի գործիչների այցը Հայաստան, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանում իրենց արվեստը ներկայացրել են ռուսական մշակույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր: Նա նաեւ ասել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների վերջերս կայացած հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել հումանիտար ոլորտում երկու երկրների լայն համագործակցությունը:

Նախագահ Սարգսյանի խոսքով' հումանիտար ոլորտում արդյունավետ գործակցությունը, հագեցած միջոցառումները մեկ անգամ եւս խոսում են երկու ժողովուրդների հոգեւոր ամուր կապերի մասին:

«Հայաստան եմ եկել մեծ ուրախությամբ եւ հատուկ զգացումներով»,- ընդգծել է աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը: Նշելով, որ իր ղեկաված նվագախմբի հետ այսօր հանդես են գալու նաեւ հայ երաժիշտներ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն ասել է, որ աշխարհի տարբեր բեմերում հանդես են գալիս տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանն, իրավմամբ, կարող է հպարտանալ:

Զրուցակիցները կարեւորելով նման շփումները, ընդգծել են արվեստի մեծ դերը ժողովուրդների մերձեցման գործում:

Վալերի Գերգիեւին հանձնվել է նաեւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որին նա արժանացել է հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար:

ՀՀ նախագահի մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը