Կարծիք

21.01.2025 12:14


Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ՝ ծանո՞թ է Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ՝ ծանո՞թ է Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը

Ինչպես հայտնի է, ժամանակակից աշխարհում երկրների կայուն զարգացման համար կենտրոնական դեր է կատարում իշխանության լեգիտիմության աստիճանի հարցը:

Եթե այդ լեգիտիմության չափը ցածր է, ապա երկրի կայունությունը նույնպես դառնում է երերուն:

Իհարկե, իշխանության լեգիտիմության կարևորագույն բաղադրիչը նրա ընտրական լեգիտիմության աստիճանն է:

Սակայն, պակաս դեր չի կատարում նաև այն, թե այդ նույն ընտրական լեգիտիմություն ունեցող իշխանությունն ինչ աստիճանի է սկսում արհամարհել սեփական ժողովրդի շահերը:

Ընտրական լեգիտիմությունը թույլ է տալիս իշխանությանը երկիրը կառավարել: Սակայն դա չի նշանակում, որ ցանկացած քայլ այդ իշխանությունը կարող է կատարել:

Ավելին, լինում են դեպքեր, երբ ժողովուրդը ստանում է լեգիտիմ իրավունք՝ նույնիսկ ապստամբության միջոցով հեռացնել այն իշխանությանը, որը մերժում է կոնկրետ հարցով հանրության մեծ մասի շահը:

Ըստ ազատականության անգլիացի հայտնի ներկայացուցիչ Ջոն Լոքի՝ նույնիսկ լեգիտիմ իշխանությունը կարող է իր լեգիտիմությունը պահպանել միայն այն դեպքում, եթե կարողանա պաշտպանել իր երկրի քաղաքացիների կյանքի, ազատության, սեփականության և մյուս բնական իրավունքները։ Իսկ եթե ​​այդ իշխանությունը չի կատարում իր այդ պարտականությունը, ապա քաղաքացիներն իրավունք են ստանում ընդվզելու և նույնիսկ աբստամբելու։

Լոքի այս մոտեցումը դրված է այսօրվա մի շարք դեմոկրատական երկրների սահմանադրությունների հիմքում:

Մասնավորապես, ԱՄՆ-ի սահմանադրության հիմքում դրված է հենց այս լոքյան մոտեցումը:

Ընդ որում, ամերիկյան գաղափարական գործիչները ժամանակին դնելով այդ մոտեցումը՝ հատուկ նշում էին, որ դրանով նրանք ստիպելու են, որ ապագա որևէ ամերիկյան իշխանություն չհամարձակվի ընտրվելուց հետո դուրս գալ հանրության դեմ:

Ըստ ամերիկյան տեսաբանների՝ լոքյան հենց այս մոտեցման պատճառով է, որ արդեն 200 տարուց ավելի, ամերիկյան դեմոկրատիան պահպանվել է:

Ավելին, գրեթե բոլոր տեսաբանների կարծիքով, դրված է այդ դրույթը երկրի սահմանադրության հիմքում, թե ոչ, միևնույն է, այդ դրույթը գործում է իրական կյանքում:

Երբ իշխանությունը բացահայտ դուրս է գալիս հանրության մեծ մասի դեմ, այդ հանրությունն սկսում է ընդվզել:

Այսօրվա հայաստանյան իրականությունը շատ մոտ է այս իրավիճակին:

Փաշինյանի իշխանությունը թեև ունի ընտրական լեգիտիմություն, այն շատ այլ հարցերում այդ լեգիտիմությունը կորցրել է:

Ավելին, Արցախի կորստից հետո այդ լեգիտիմությունը նույնպես վերացել է: Պարզապես դեռ չի ձևավորվել այն քաղաքական միավորը, որը կկարողանար այդ հայտը ներկայացնել Փաշինյանի իշխանությանը:

Այդ իսկ պատճառով էլ այս իշխանությունը մինչ այսօր գոյատևել է:

Իսկ տրանսպորտի ուղեվարձի թանկացումն այն վերջին կաթիլն է, որ լցնելու է «համբերության թասը», և մարդիկ ընդվզելու են:

Քանզի ուղեվարձը թանկացնելու իշխանության որոշումը զուրկ է լուրջ հիմնավորումից: Մանավանդ, որ պիտի հաշվի առնել նաև մարդկանց կենսամակարդակի նվազումը վերջին տարիների ընթացքում:

Բացի այդ, այս թանկացման մեթոդաբանությունն ու ձևը հուշում են, որ գործ ունենք ոչ կոմպետենտ իշխանության հետ, որը նույնիսկ իր հաշվարկների մեջ է խճճվել և չի կարողանում թվային հիմնավորում բերել, թե ինչու է ուզում թանկացնել տրանսպորտի ուղեվարձը:

Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ավինյանը Լոքի տեսությանը հավանաբար ծանոթ չեն, և այդ իսկ պատճառով էլ չեն վախենում գործել հանրության շահերի դեմ՝ մտածելով, որ միևնույն է, մարդիկ կհարմարվեն այս թանկացումներին:

Սակայն, ինչպես դասականն էր կանխատեսում, «խիարը այս անգամ թարս է բուսնելու», և միայն դրանից հետո Փաշինյանն ու Ավինյանը կհասկանան Լոքի տեսության արդիականության աստիճանը: Բայց արդեն կարող է ուշ լինել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը