Կարծիք

22.01.2025 12:47


Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում

Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում

Մաս երկրորդ

(սկիզբը՝ նախորդիվ)

90-ականների սկզբին, երբ տարածվեցին Ֆրենսիս Ֆուկույամայի մոտեցումները, միաժամանակ առաջադրվեց նաև հակադիր թեզը, որն առավելապես ներկայացնում էր մեկ այլ ամերիկյան տեսաբան և ֆիլիսոփա՝ Սամուել Հանթինգթոնը:

Վերջինս անխնա քննադատում էր Ֆուկույամային և «լիբերալ-բոլշևիկներին», նշելով, որ նրանց տեսությունը մի նոր «կոմունիզմ է» հիշեցնում և, ի վերջո, այն կարող է հանգեցնել երրորդ համաշխարային պատերազմի: Քանի որ, ըստ նրա՝ աշխարհը միատարր արժեքներով չի ապրում, այլ այն բաժանված է մի քանի «քաղաքակրթությունների»:

Եվ, եթե «լիբերալ-բոլշևիկները» փորձեն իրենց պատկերացումները թելադրել իրենց համար խորթ «քաղաքակրթական» երկրներին, ապա կառաջացնեն մեծ հակադրություն, որն էլ կարող է հանգեցնել մեծ պատերազմի: Հանթինգթոնը մասնավորապես բերում էր Իրանի օրինակը, որտեղ ամերիկացիների ճնշման արդյունքում տեղի ունեցավ իսլամական պայթյուն՝ ընդդեմ արևմտյան քաղաքակրթության տարրերի:

Ըստ Հանթինգթոնի, առանց այն էլ այդ «քաղաքակրթությունների» միջև կան հակասություններ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ հակասությունները մեծ բախման պատճառ չդառնան:

Հանթինգթոնն առաջարկում էր ամերիկյան շրջանակներին չզբաղվել ավելորդ գլոբալիստական ծրագրերով, այլ կենտրոնանալ բացառապես արևմտյան քաղաքակրթության զարգացման վրա:

Սակայն այն ժամանակ, ամերիկյան ու եվրոպական Deep State-ները մերժեցին Հանթինգթոնի մոտեցումը և իրենց համար, որպես գաղափարական հենք, որդեգրեցին Ֆուկույամայի մոտեցումը:

Մարդկության հետագա զարգացումը ցույց տվեց Հանթինգթոնի կանխատեսումների ճշմարտացիությունը:

Սկսած 2000-ականներից՝ կտրուկ սրվեցին արևմտյան երկրների հարաբերություններն իսլամական աշխարհի հետ:

Իսկ 2001-ի ահաբեկչությունն սկիզբ դարձավ նոր պատերազմների համար: Աֆղանստան, Իրաք, հետո Լիբիա, Սիրիա:

2007-ին Մյունխենում այդ մոտեցմանն առաջին անգամ հակադրվեց Ռուսաստանի նախագահ՝Պուտինը:

Սկսած 2011-ից՝ ողջ Միջին Արևելքը հայտնվեց պատերազմների մեջ:

Իսկ 2014-ին բռնկվեց ուկրաինական ճգնաժամը, որը 2022-ի փետրվարից վերածվեց լայնամասշտաբ պատերազմի:

Այդ վերջին պատերազմը մոտ է նրան, որ վերածվի երրորդ համաշխարհայինի, և պարզապես խնդիրն այն է, թե ով պիտի առաջինը սեղմի ատոմային հարվածի կոճակը:

Հենց այս մթնոլորտում է սկսվում պատկերացումների փոփոխությունների ալիքի զարգացում եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում:

Ի վերջո, պարզ է դառնում, որ «լիբերալ-բոլշևիզմը» դա զուտ տեղային գաղափար չէ, այն իր բնույթով քայքայիչ հոսանք է, որը երկրի ներսում բերում է բաժանումների, իսկ երկրից դուրս դառնում է «համաշխարհային գլոբալ պատերազմի» համար գաղափարական հենք, ինչպես որ ժամանակին հայտնի բոլշևիկ Լև Տրոցկին առաջ էր քաշում համաշխարային պատերազմի գաղափար՝ հանուն աշխարհով մեկ կոմունիզմի տարածման:

Տրոցկու այդ մոտեցումները հակազդեցության արժանացան աշխարհով մեկ: Իսկ որոշ երկրներում նաև նացիոնալ-սոցիալիզմի տեսքով, որի հետևանքով աշխարհը չկարողացավ խուսափել նոր համաշխարհային պատերազմից:

Ինչպես որ կոմունիստական շարժումը դարձավ նոր համաշխարհային պատերազմի համար պատճառներից մեկը, այնպես էլ՝ արտաքուստ «հումանիստական» այս նոր ձախակողմյան հոսանքը կարող է վերաճել նոր պատերազմի: Փաստացի այս հոսանքի կրողները ակամայից դառնում են նաև «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներ:

Օրինակ, գերմանական «կանաչների» այդ կերպարանափոխումը պարզապես ապշեցնող է իր ձևով և բովանդակությամբ:

Նույնը կարելի է ասել ամերիկյան դեմոկրատների, եվրոպական սոցիալիստների մասին:

Ցանկացած գաղափար, որը մերժում է ազգային, կրոնական առանձնահատկությունը, իր մեջ պարունակում է գենդերային ինկլյուզիվության մոտեցում, իրականում դառնում է ագրեսիվ անդրազգային հոսանք, որն իր մեջ սկսում է պարունակել պարտադրանքի տարր: Հենց այդ պատճառով էլ նման գործիչներն ի վերջո վերածվում են «լիբերալ-բոլշևիկների», որոնք սկսում են գործել «ով մեր հետ չէ, մեր դեմ է» հայտնի սկզբունքով:

Իսկ միջազգային հարթակում, նման մոտեցումը անխուսափելի հանգեցնում է պատերազմների:

Սակայն նման գաղափարախոսության տարածման համար աշխարհով մեկ պետք են նաև մեծ ռեսուրսներ:

Համաշխարհային «լիբերալ-բոլշևիկների» այդ Deep State-ը որոշում էր կայացրել, որ իրենց հիմնական հենակետային երկիրը, որ պիտի նաև ռեսուրսներ տրամադրի այդ գաղափարների տարածմանը, պիտի լինի ԱՄՆ-ն:

Ինչպես որ ժամանակին համաշխարհային կոմունիստական շարժումը որոշում էր կայացրել, որ իրենց գաղափարների տարածման գլխավոր երկիրը պիտի լիներ ԽՍՀՄ-ը:

Սակայն, ցանկացած համաշխարհային նախագիծ, որի վրա փորձում են կառուցել նոր կայսրություն, ժամանակի ընթացքում հանգեցնում է այդ կայսրության փլուզմանը: Քանի որ աշխարհը չի կարող զարգանալ բացառապես մեկ գաղափարախոսության հիման վրա: Իսկ երբ դա իրականություն է դառնում, այդ ժամանակ էլ այն կայսրությունը, որը կառուցվել էր այդ անդրազգային գաղափարախոսության վրա, սկսում է փլուզվել:

Հենց դրա պատճառով փլուզվեց ԽՍՀՄ-ը, քանի որ մինչ այդ փլուզվել էր նաև կոմունիզմի գաղափարը:

Այսօր, երբ արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ «լիբերալ-բոլշևիզմի» գաղափարախոսությունը փլուզման առաջ է կանգնել, ամերիկյան պահպանողական շրջանակները, հիշելով Հանթինգթոնին, փորձում են օր առաջ փրկել ԱՄՆ-ն ձախակողմյան այդ հոսանքից, որպեսզի նա ևս չկրկնի ԽՍՀՄ-ի ճակատագիրը:

Հենց այդ պատճառով է Թրամփը եկել իշխանության ԱՄՆ-ում և հենց այդ պատճառով է նա ստացել ամերիկացիների վստահությունը, որն իր ձևով և բովանդակությամբ, հիշեցնում է Ռեյգանի իշխանության գալը 1980 թվականին:

շարունակելի․․․

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը