Կարծիք

07.12.2011 22:48


Ընտրություն երկու Հայաստանների միջեւ

Ընտրություն երկու Հայաստանների միջեւ

Ազգային ժողովը նախագահի, փոխանախագահի ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, թե ինչպիսի խորհրդարան է ցանկանում ունենալ Սերժ Սարգսյանը: Սյունիքի մարզպետի «քաջագործությունները» եւ նրա անպատիժ մնալը ցույց տվեցին, թե ինչպիսի մարզպետներ է ցանկանում ունենալ Սերժ Սարգսյանը: Վերջին երեք տարիների ընթացքում գործարարների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը մեկ անգամ եւս մեզ հուշեցին, թե ինչպիսի տնտեսություն է ցանկանում ունենալ Սերժ Սարգսյանը: Ֆուտբոլային դիվանագիտությունն էլ ցույց տվեց, թե ինչպիսի արտաքին քաղաքականության մասին է երազում այսօր երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնող մարդը:

Եթե այս ամենից հետո ինչ որ մեկը դեռ ցանկություն կհայտնի նրան տեսնել նախագահի պաշտոնում կամ պատրաստվում է քվեարկել Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության օգտին, ապա կարող ենք արձանագրել, որ թեեւ բազմադարյա, բայց եւ տարօրինակ ժողովուրդ ենք: Այսուհանդերձ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի աջակցել եւ քվեարկել իր նախընտրած կուսակցության կամ քաղաքական գործչի օգտին: Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ Հայաստանը դուրս գա խորը ճգնաժամից, այն ճգնաժամից, որը բոլորովին կապ չունի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, իսկ դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ վերջապես տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ:

Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունները եւ դրան հաջորդած իրադարձությունները ցույց են տալիս, որ եթե այլեւս այս հսկա երկրում հնարավոր չէ կառավերլ հին ձեւերով եւ եղանակներվ, ապա Հայաստանում առավել եւս: Բանն այն է, որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինը բավական բարձր վարկանիշ ունի, ի տարբերություն հայաստանցիներից, ռուսաստանցիները համեմատաբար բարձր կենսամակարդակ ունեն, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում կան բավական ազդեցիկ եւ խարիզմատիկ առաջնորդներով կուսակցություններ: Իսկ որ ամենակարեւորն է. եթե ռուսաստանցիների մի մասն ընդվզում է` չիմանալով, թե ինչ պետք է անել, ապա Հայաստանում այդ խնդիրը չկա: Հիմա պարզապես եկել է որոշումներ կայացնելու եւ ընտրություն կատարելու պահը:

Ժամանակն է, որ սկսենք որակապես նոր Հայաստանի կերտումը, որտեղ խորհրդարանի ղեկավարները կլինեն հանրության կողմից հարգված եւ ժողովրդի քվեին արժանացած մարդիկ, որտեղ մարզպետները ոչ միայն կին գործարարների չեն ծեծի, այլ նույնիսկ ընտրակեղծիքների մեջ չեն թաթախվի եւ կզբաղվեն բացառապես իրենց վերապահված գործառույթներով:

Նոր Հայաստանում գործարարներն իրենց պաշտպանված կզգան պետութան կողմից եւ ստիպված չեն լինի փակել իրենց գործը կամ բիզնեսը տեղափոխել արտերկիր: Իսկ նման երկրում որեւէ նախագահ իրեն չի կարող թույլ տալ զբաղվել ֆուտբոլային, բասկետբոլային կամ շախմատային դիվանագիտությամբ եւ պարզապես կվարի մեր երկրի շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն: Եւ վերջին հաշվով, նոր Հայաստանը պետք է անցնի խորհրդարանական կառավարման, որը թույլ կտա ավելի արագ հաղթահարել բռնատիրական ժամանակների հետեւանքները:

Առաջիկա մեկ երկու ամիսներին բոլոր լուրջ քաղաքական ուժերը ժամանակ կունենան վերջնական որոշում կայացնել եւ կանգնել այս կամ այն կողմում: Իսկ կողմերն էլ ընդամենը երկուսն են լինելու: Մի կողմում կանգնած են մնալու նրանք, ովքեր ամեն ինչ անելու են, որ երկրում ոչինչ չփոխվի եւ իրենք շարունակեն կառավարել նույն մեթոդներով, իսկ մյուս կողմում կանգնելու են նրանք, ովքեր հասկանում են, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել, որ այսպես շարունակվելու դեպքում արդեն ոչ միայն Վրաստանի նախագահը հեգնանքով կխոսի Հայաստանի մասին` ընդ որում, Հայաստանի նախագահի ներկայությամբ, ոչ միայն Ռուսաստանի վարչապետը մի քանի րոպեանոց հանդիպում կունենա երկրի նախագահի հետ, այլ այդպես կվարվեն բոլորը, այդ թվում նաեւ Մոնղոլիայի կամ Բութանի ղեկավարները, եթե իհարկե, հարկ համարեն առնչվել հայտնի քաղաքական գործչի բնորոշմամբ, ճանապարհների խաչմերուկում նստած քոռ բուի հետ:

Նոր Հայաստանում տեղ կգտնվի բոլորի համար, ովքեր սիրում են Հայաստանը, ովքեր հասկանում եւ ընդունում են, որ Հայաստանը մեր տունն է: Այնպես որ, հիմա պետք է թողնել փոխադարձ վիրավորանքները, պետք է չհիշել, թե ով ում երբ ինչ է ասել: Այս ամենը ձեռնտու կլինի բացառապես նրանց, ովքեր ամեն ինչ անելու են, որ մեր երկրում ոչինչ չփոխվի, այլ կերպ ասած մեր երկիրը զրկվի նորմալ պետություն դառնալու հեռանկարից:

Երբ «Ժառանգությունը» սկսում է բացականչել, որ ՀՅԴ-ն ընդդիմություն չէ, դրանով ուրախացնում է բացառապես Սերժ Սարգսյանին: Երբ ՀԱԿ-ը փորձում է անվանարկել «Ազատ դեմոկրատներին», իսկ վերջիններս էլ՝ ՀԱԿ–ին, ապա դրանով ջուր է լցվում Սերժ Սարգսյանի ջրաղացին։ Երբ թունդ ընդդիմադիրը, աղյուսային տրամաբանությունից ելնելով, բացականչում է, թե ինչպես կարող է հրեշտակի թեւեր ունեցող ՀԱԿ-ը համագործակցել ԲՀԿ-ի հետ, չի էլ հասկանում, թե ինչ մեծ բերկրանք է պատճառում Սերժ Սարգսյանին: Այնպես որ, հիմա ամեն ինչ պետք է անել առողջ ուժերի համախմբան համար, եւ ոչ թե պառակտում առաջացնել:

Հավատացեք, որ առանց մեր իսկ ջանքերի ամենամոտ ապագայում կբացահայտվեն բոլոր նրանք, ովքեր իրենց ընդդիմադիրի տեղ դրած, փաստացի, աշխատում են ՀՀԿ շտապբում:

Ի դեպ, ՀՀԿ շտաբ ասելիս ակամա հիշեցի Հովիկ Աբրահամյանի վերջին խոստովանություններից մեկը, թե ինքը արդեն սկսել է շտաբի ձեւավորմամբ զբաղվել եւ ծրագրում է հանդիպել մարզպետների եւ Երեւանի քաղաքապետի հետ: Հավանաբար, միայն մանկապարտեզի սաները չեն հասկանա, թե ինչու է Աբրահամյանը հանդիպելու մարզպետների հետ: Մի՞թե հարկատուների փողերով աշխատավարձ ստացող մարզպետները եւ քաղաքապետը պարտավոր են զբաղվել կուսակցություններից մեկի շտաբի ձեւավորման աշխատանքներով: Եւ հիմա հայ ժողովուրդը, կուսակցությունները, նրանց ղեկավարները, իրենց մտավորական համարողները պետք է ընտրություն կատարեն երկու Հայաստանների միջեւ: Ընդ որում՝ մի Հայաստանն ապագա չունի եւ կանգնած է լինելու կործանման շեմին, իսկ մյուս Հայաստանը վերածվելու է գեղեցիկ եւ բարգավաճ, հզոր եւ հպարտ մի երկրի, որի քաղաքացիները հպարտ են լինելու իրենց ունեցած պետության համար: Այստեղ հարց է հնչում, թե կա այնպիսի գումար, որը ինչ որ մեկին կստիպի ընտրություն կատարել կործանվող Հայաստանի օգտին:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը