Կարծիք

22.05.2025 12:31


Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան

Մայիսի 20-21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այս մի քանի տարվա ընդհատումներից հետո, առաջին անգամ այցելեց Երևան։ Ընդ որում, թե՛ Պուտինի, և թե՛ Փաշինյանի շրջապատում չեն թաքցնում իրար նկատմամբ կասկածանքի և օտարման գործոնի առկայությունը։

Սակայն, մյուս կողմից, կողմերը որոշում են կայացրել, կրկին փորձել վերականգնել գոնե այն հարաբերությունների մակարդակը, որը թույլ կտա, փոքր-ինչ թուլացնել սառը հարաբերությունները, որն առկա է այսօր:

Երեկվա հանդիպման արդյունքում և համատեղ ասուլիսի ընթացքում, կարծես, գոնե արտաքնապես անցնում էր այն թեզը, թե պիտի փորձեն միմյանց հանդեպ եղած «փոխադարձ դժգոհությունները» այլևս անցյալում թողնեն:

Հասկանալի է, որ միմյանց հանդեպ անվստահության մթնոլորտը չի վերանա:

Մյուս կողմից, երկու կողմն էլ, բացի իրենց միջև հարաբերություններից, փորձում են մյուս ուղղությունների վրա խաղարկել այս «ժամանակավոր մերձեցման» խաղաղթուղթը:

Ի՞նչ նկատի ունենք:

Փաշինյանը, կազմաքանդելով հայ-ռուսական հարաբերությունները, հույս ուներ, որ դրա արդյունքում կստանար դրական ազդակներ ԵՄ-ից և Թուրքիայից՝ հարաբերությունների սերտացման համար:

Սակայն պարզվեց, որ ԵՄ-ն մեծ հաշվով թքած ունի Հայաստանի վրա, քանի որ չունի այս տարածաշրջանում որևէ լուրջ ազդեցություն գետնի վրա: Բացի այդ, մինչ Վրաստանի հարցի լուծումը, այնտեղ լուրջ չեն համարում Հայաստանին անդրադառնալ: Կարելի է միայն նայել այս տարածաշրջանի քարտեզին, և ամեն ինչ հասկանալի կլինի:

Մյուս կողմից, ԵՄ-ի վերնախավին դուր էին գալիս Փաշինյանի միակողմանի հակառուսական հրապարակային ակցիաները:

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այստեղ նույնպես հրճվում էին Փաշինյանի քայլերով, սակայն նույնպես հայտարարում էին, որ Անկարան կհաստատի Փաշինյանի վարչակազմի հետ լիարժեք հարաբերություններ, միայն Ադրբեջանի հետ բոլոր խնդիրները կարգավորելուց հետո:

Փաշինյանը, որպեսզի լուծի այդ հարցը, գնաց աննախադեպ զիջումների Ադրբեջանին, սակայն վերջինիս պահանջները ավելանում էին, «ախորժակը ուտելու ժամանակ է բացվում», հայտնի սկզբունքին համաձայն:

Ստացվել էր այնպես, որ Փաշինյանը հայտնվել էր աշխարհաքաղաքական ծուղակի մեջ, իր իսկ քաղաքականության պատճառով:

Իսկ ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի հաստատվելուց հետո, Փաշինյանի դիրքերը դրսում էլ ավելի թուլացան, քանզի ամերիկյան կողմի համար, Հայաստանի խնդիրները Մոզամբիկից շատ չէին տարբերվում:

Հենց այդ գործոնները հաշվի առնելով՝ Փաշինյանը կրկին ազդակներ փոխանցեց Մոսկվային, որ կուզեր վերականգներ նախկինում փչացված հարաբերությունները:

Մոսկվան այս պարագայում, այլ ելք չուներ, քան պոզիտիվ արձագանք տար, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը կարող էր հայտնվել էլ ավելի ծանր վիճակում, որից կտուժեին նաև Մոսկվայի շահերը տարածաշրջանում:

Բավական է նշել միայն Ադրբեջանի այսօրվա դեմարշները Մոսկվայի հանդեպ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արցախի կլանումից հետո Բաքվի կախվածությունը Մոսկվայից էապես թուլացավ, և այսօր Ադրբեջանը սկսել է կոշտ դիրքերից հանդես գալ Կրեմլի նկատմամբ:

Նշանակո՞ւմ է արդյոք, որ Մոսկվայի և Փաշինյանի այս համատեղ հետաքրքրությմունը՝ բարելավել հարաբերությունները, ռազմավարական բնույթի են:

Կարծում ենք, որ՝ ո՛չ, քանի որ երկու կողմն էլ գիտեն. դա թելադրված է իրավիճակային բնույթով:

Փաշինյանն այս քայլով փորձում է ճնշում գործադրել ԵՄ-ի և Թուրքիայի վրա, իսկ Մոսկվան փորձում է հասկացնել Ադրբեջանին, որ տարածաշրջանում ինքը կարող է ունենալ ավելի լավ դաշնակից, քան՝Ադրբեջանն է:

Սակայն, պետք է նշել, որ թե՛ Մոսկվայի, և թե՛ Փաշինյանի այս խաղաթղթերը ձևական բնույթ ունեն, քանզի , թե՛ Անկարայում և Բաքվում, թե՛ ԵՄ-ում լավ են հասկանում, որ Փաշինյանը Կրեմլի հետ իր «կարմիր գծերը» հատել է և չի փորձի վերականգնել այն, վախենալով, որ միևնույն է «Մոսկվան արցունքների չի հավատա»:

Այդ իսկ պատճառով, Փաշինյանի այս քայլերը չի թուլացնի Անկարայի և Բաքվի մոտեցումները Հայաստանի հանդեպ:

Եվ դրա ապացույցն է նաև այն, որ երեկ Ալիևը արդեն հրապարակայնորեն նոր նախապայմանով հանդես եկավ Հայաստանը փաստացի ոչնչացնելու տարբերակով, նշելով, որ հասնելու է նրան, որ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիները» վերադառնան Հայաստան:

Փաշինյանն իր այս յոթ տարվա քաղաքականության արդյունքում կործանման եզրին է հասցրել Հայաստանը և չգիտի թե ինչպես դուրս գա այս իրավիճակից:

Մոսկվայում դա շատ լավ հասկանում են և փորձում են ձեռք մեկնել նրան, որպեսզի ականատեսը չդառնան Հայաստանի ապամոնտաժման գործնթացին, որից նաև մեծապես կտուժեն նաև իրենք:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը