Հարցազրույց

10.01.2012 16:48


Էմմա Պետրոսյան.

Էմմա Պետրոսյան.

Հարցազրույց ճանաչված երգչուհի Էմմա Պետրոսյանի հետ

–Ինչպե՞ս անցան Ամանորի տոները, աշխատո՞ւմ էիք Ձեր գործընկերների պես, թե՞ տանն եք անցկացրել։

–Ինչ ստեղծագործական այս վիճակի մեջ ենք, ստացվում է այնպես, որ ցանկացած տոն՝ Սուրբ Ծնունդ, Ամանոր, Մարտի ութ և այլն, չի կարող միայն անձնական ուրախության երեկո լինել։ Այն միաժամանակ դառնում է և՛ քո ուրախությունը, և՛ քո աշխատանքը։ Այդ տոնը կիսվում է ոչ միայն քո ընտանիքի հետ, այլ նաև հասարակության։ Կարող ես և հրաժարվել քո տոնն ուրիշների հետ կիսելուց, կամքը քոնն է։ Մեր ընտանիքում ընդունված է, որ Ամանորի գիշերը՝ ժամը 12։00–ին, տանը լինենք։ Մենք սիրում ենք նստել մի սեղանի շուրջ ու այդպես դիմավորել Նոր տարին։ Քանի որ ես աշխատում եմ «Մալխաս» ջազ ակումբում, դրա համար Նոր տարին դիմավորելուց հետո իմ երեկոն անցկացրի այնտեղ և՛ ստեղծագործական, և՛ ժամանցի առումով։ Շատ լավ երեկո ունեցա, որովհետև այնտեղ էր հավաքվել ջազ և ընդհանրապես լավ երաժշտություն սիրող հանդիսատես։

–Իսկ հասցրե՞լ եք այս տոնական օրերին հետևել հեռուստաեթերին։ Ի՞նչ կարծիք ունեք տոնական ծրագրերի մասին։

–Շատ քիչ բան եմ դիտել, որովհետև շատ հյուրեր եմ ունեցել. բացի այդ, մենք էլ հյուր ենք գնացել։ Որոշ բաներ տեսել  եմ, բայց հիմնական գիշերվա այդ հաղորդումները չեմ տեսել։ Քանի որ ամբողջական չեմ դիտել հաղոդումները, չեմ էլ կարող ասել՝ լա՞վ ծրագրեր էին պատրաստված, թե՞ ոչ։ Միայն կարող եմ ասել, որ էլի այն նույն մարդիկ էին ընդգրկված այդ ծրագրերում, որոնց մենք ամբողջ տարին տեսնում էինք, և ովքեր ամբողջ տարի երգում էին, այդ առումով փոփոխություն չկար։ Դա միշտ կա։

–Իսկ ընդհանրապես մեր մշակութային կյանքի մասին ի՞նչ կասեք։ Շատերն ասում են, որ անընդհատ անկում ենք ապրում, Դո՞ւք ինչ կարծիքի եք։

–Ես համաձայն եմ նրա հետ, որ այսօր եթերից չի ներկայացվում լավ արվեստ։ Այսօր եթերը լուրջ շարժիչ է, և եթե այդ շարժիչն այսօր ոչինչ չի փոխում իր արտադրության մեջ (խոսքը բովանդակության, ժանրի մասին է, որովհետև տեխնիկական, գործիքավորման առումով գուցե փոփոխություններ կան), երգի ժանրում այն, ինչ հիմա կատարվում է...կներեք, բայց ոչ  մի գնահատական չեմ կարող տալ։

–2012–ին բեկում սպասո՞ւմ եք։

–Գիտե՛ք, եթե նստենք սպասենք ու ասենք՝ ինչ լինում է՝ թող լինի, ոչ մի փոփոխություն էլ չի լինի։ Բայց եթե յուրաքանչյուր մարդ չհուսահատվի ու իր դաշտում, իր գործի մեջ շարունակի անել այն, ինչ պարտավոր է անել, ապա ինչ–որ բան հաստատ կփոխվի։ Ուրիշ բան, թե որքանով այդ մարդու արածը  կներկայացվի։ Սա բոլորովին այլ խնդիր է, և գուցե ամենակարևոր մասը, որովհետև հնարավոր է՝ ստեղծագործող մարդը շատ–շատ բաներ անի, բայց դա մնա ուղղակի չորս պատերի մեջ։

–ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել էր, թե շատ հաճախ հենց քաղաքական վերնախավով է պայմանավորված այն մշակութային իրականությունը, որը մենք ունենք։ Ի՞նչ եք կարծում՝ կա՞ կապ մշակութային այս իրավիճակի և իշխանությունների վարած քաղաքականության միջև։

–Ես լիովին համաձայն եմ Լիլիթի հետ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ քաղաքականությունն ու մշակույթը կապ չունենան միմյանց հետ։ Դա հնարավոր չէ։ Իհարկե, մշակույթն ու քաղաքականությունն առանց մեկը մյուսի գոյություն ունեն, բայց իրավիճակի կարգավորման, զարգացման առումով դրանք շաղկապված  են։ Եթե քաղաքական վերնախավը հասկանա (գուցե հասկանում է,  բայց չի իրականացնում), որ այս պահին որոշվում է նաև իր երեխայի ճակատագիրը, երևի այլ կերպ կլինի։ Եթե վերնախավի յուրաքանչյուր անհատ գիտակցի, թե ինչ է ստանում իր երեխան...ինքը պետք է մտածի այն մասին, որ իր երեխան թունավորվում է, այդ թվում՝ մեր երեխաները։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ աշխարհն այս պահին ինչ–որ այլ բան է պահանջում, բայց մի պահ պետք է մտածենք, թե մենք ինչ ենք արտադրում և ինչ ենք թողնելու մեր սերունդներին։ Առանց այս ամենի՝ ես մեր  ապագան շատ տկար եմ տեսնում։ Պետք է մշակույթն իրական լինի, պետք է գիտության ճյուղերն իրապես զարգանան, ու բոլոր ոլորտները ոչ թե կեղծ, ուռճացված տարբերակով ցուցադրվեն, այլ իրական արժեք ունենան։ Հնարավորինս ամեն բան պետք է անել, որ քայլ առ քայլ զարգացումը գնա ճշգրիտ։ Ես չեմ ասում, թե վաղն արթնանանք, կոճակը սեղմենք, ու մեր երազած, եվրոպական, քաղաքակիրթ երկիրը լինի, իհարկե, շատ լավ կլիներ, բայց դրան աստիճանաբար կարելի է հասնել։ Տա Աստված, որ բոլոր լծակները ճշգրիտ աշխատեն։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը