Կարծիք

14.04.2026 11:06


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման․ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum (MEF)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման․ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum (MEF)

Ամերիկյան այս հեղինակավոր վերլուծական կենտրոնի համոզմամբ, անցյալ տարի կնքված եռակողմ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը կենսունակ չի լինի մի շարք պատճառներով:

Ըստ այդ կենտրոնի՝ կողմերից ոչ մեկը անկեղծ նպատակներ չի հետապնդում, որ տարածաշրջանում իրապես խաղաղություն հաստատվի:

Նրանցից ամեն մեկը ձգտում է իր խնդիրը լուծել:

Ամերիկյան կողմի համար կարևոր է ավելի շատ իմիջային դիվիդենտներ ստանալը, դրանով Թրամփը փորձում է ցույց տալ, որ իր արտաքին քաղաքական ոլորտում նոր հաջողություններ է գրանցում:

Փաշինյանի համար կարևոր է, որ Հայաստանում նա ընկալվի միակ «խաղաղություն» հաստատողը, որպեսզի դրա միջոցով կարողանա վերարտադրել իր իշխանությունը:

Իսկ Ալիևի համար, այս նախագիծը միջոց է, որպեսզի Ադրբեջանի դիրքերը ամրապնդի Հայաստանի հարավում և հետագայում կարողանա Հայաստանը թուլացնել՝ ցամաքային ամուր կապ հաստատելով Նախիջևավանի հետ:

Ըստ ամերիկյան այս կենտրոնի՝ Ալիևի նպատակներից է նաև է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը Ադրբեջանում, փորձելով նեղել իր մրցակից Փաշաևների և Թալիբովների կլաններին:

Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ալիևը՝ փաստացի վերացնելով Նախիջևանի ինքնավարությունը

Ինչպես հայտնի է, մեկ ամիս առաջ, Իլհամ Ալիևը հաստատեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) նոր սահմանադրությունը։ Հիմնական փոփոխություններից մեկը Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նախաբանից հղումների հեռացումն էր, որոնցում նշվում էր, որ Մոսկվան և Անկարան համաձայն են ՆԻՀ-ի գոյությանը՝ Բաքվի պաշտպանության ներքո։

Սա կարող է կոսմետիկ փոփոխություն թվալ, բայց իրականությունն ավելի բարդ է։ Այն ընդգծում է, որ ՆԻՀ-ը գոյություն ունի ոչ թե խոշոր տերությունների միջև հավասարակշռության, այլ բացառապես Բաքվի բարի կամքի շնորհիվ։

Ըստ նոր փաստաթղթի՝ ինքնավար մարզի ղեկավարը այլևս տեղական խորհրդարանի խոսնակը չէ, այլ Ադրբեջանի նախագահն է:

Ինքնավար մարզի կառավարությունը նույնպես այլևս չի ենթարկվում պատգամավորներին, իսկ նախարարների կաբինետն այժմ հաշվետու է բացառապես Բաքվին: Վերջապես, Ադրբեջանի առաջնորդը իրավունք է ստանում լուծարել խորհրդարանը, եթե այն «չի կատարում իր պարտականությունները»:

Ինչո՞ւ հենց այս պահին Ալիևը որոշեց իրականացնել այս փոփոխությունները:

Ըստ ամերիկյան և ռուսական փորձագետների՝ պահը Ալիևը ընտրել է հետևյալ պատճառով:

Իր մեկուսացվածության շնորհիվ Նախիջևանի Հանրապետությունում զարգացել էր յուրահատուկ քաղաքական մշակույթ։ Տեղական կլանները կարողացել էին, ոչ միայն պահպանել իրենց հարաբերական ինքնուրունությունը Բաքվից, այլև կարողանում էին հաջողության հասնել բուն Ադրբեջանում և, մասնավորապես, Բաքվում։

Մինչդեռ Ալիևի համար արդեն իսկ իր կնոջ՝ Փաշաևների կլանի աճող ազդեցությունը նյարդայնացնող էր:

Արցախյան պատերազմում հաղթանակ տանելուց հետո, Ալիևը շեշտակիորեն ամրապնդեց իր կլանի դիրքերը երկրում:

Եվ ահա, Սյունիքում իր դիրքերը ամրապնդելուց հետո, Ալիևը պատրաստվում է արդեն վերջնականապես ջախջախել Նախիջևանյան Թալիբովների կլանը:

Իսկ այդ հարցում ամերիկյան ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչումը ուղղակի նվեր կարող է դառնալ:

Սակայն իրանա-ամերիկյան վերջին հակամարտությունը կարող է խառնել այս ծրագրերը:

Իսկ Հայաստանում հունիսի 7-ի ընտրություններից հետո, եթե Փաշինյանը չկարողանա վերարտադրել իր իշխանությունը, ապա դրա արդյունքում Ալիևի երազանքները Նախիջևանի վերաբերյալ այդպես էլ կարող են երազանքների մակարդակի մնալ:

Եթե Հայաստանում լիներ գիտակից ազգային իշխանություն, ապա այս հարցում գոնե շեշտադրումների մակարդակով կարող էր ազդել այս ամենի վրա:

Սակայն Հայաստանում երբեք գիտակից, լուսավորչական իշխանություն չի եղել, առավել ևս՝ Փաշինյանի կառավարման ժամանակ, նման հաշվարկներ կատարելը կլիներ անիմաստ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը