Լրահոս

16.04.2026 10:43


Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ

Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ

Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ իր երկիրը կարող է գործել Իսրայելի դեմ այնպես, ինչպես գործել է Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Սակայն Թուրքիայի ռազմական կարողությունների մանրակրկիտ վերլուծությունը հանգեցնում է միանշանակ եզրակացության. ցանկացած նման փորձ դատապարտված է ձախողման: Այնուամենայնիվ, կա մեկ այլ սցենար, որը ոչ պակաս վտանգավոր է, քան ուղղակի ներխուժումը, որը Իսրայելի պաշտպանության ուժերը պետք է լրջորեն քննարկեն, նշեւմ է իսրայելական Israel Hayom պարբերականը :

Այս հայտարարությունը կոնկրետ հարցեր է առաջացնում. կա՞ արդյոք որևէ ճշմարտություն թուրք առաջնորդի խոսքերում: Արդյո՞ք Անկարան իսկապես ունակ է իրական ռազմական սպառնալիք ներկայացնել հրեական պետության համար, նշում է պարբերականը:

Գործնականում, 1974 թվականին Կիպրոսի ներխուժումից ի վեր, Թուրքիան չի իրականացրել օտարերկրյա տարածքների լիակատար զավթմանն ուղղված լայնածավալ ավանդական արշավանքներ։ Այնուամենայնիվ, այն զգալի ցամաքային գործողություններ է իրականացրել Սիրիայում և Իրաքում։

Պետք է հասկանալ, որ Թուրքիայի գործողությունները երկու ճակատներում էլ ուղղված լինելով հարևան երկրների դեմ, հիմնականում պայմանավորված էին քրդական սպառնալիքին հակազդելու ցանկությամբ, որը Անկարան համարում է իր ազգային անվտանգության դեմ ուղղված մարտահրավեր:

Ինչ վերաբերում է Լիբիային և Լեռնային Ղարաբաղին, ապա այնտեղ թուրքական ներգրավվածությունը շատ ավելի համեստ ռազմական ներկայություն էր՝ սահմանափակված խորհրդատվություններով, հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, զենքի մատակարարմամբ և տեղական ուժերի աջակցությամբ, այդ թվում՝ սիրիացի վարձկանների տեղակայմամբ, նշում է պարբերականը:

Հնարավո՞ր է պատկերացնել ռազմածովային ուժերի դեսանտի կիրառման սցենար։ Թուրքական նավատորմը իսկապես տարածաշրջանի ամենահզորներից մեկն է, սակայն Իսրայելի ափին լայնածավալ դեսանտային գործողությունը ռազմական առումով անհնար է թվում ներկայիս պայմաններում։

Նման գործողությունը կպահանջի կայուն ծովային և օդային գերակայություն, ինչպես նաև զորքերի մեծ կոնտինգենտի տեղակայում, նշում է պարբերականը։ Նման փորձի հաջողության հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ այն կբախվի Իսրայելի հզոր համակցված պատասխանին, որը կներառի նավատորմը, ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանության համակարգերը և հետախուզական միջոցները: Նման պաշտպանությունը կապահովի թշնամու վաղ հայտնաբերումը, դեսանտային ուժերին հարվածներ հասցնելը նրանց առաջխաղացման ընթացքում և խորը թիկունքում, ինչպես նաև ներխուժող ուժերի չեզոքացումը՝ նախքան նրանց ափամերձ գծին հասնելը, նշում է պարբերականը:

Ինչ վերաբերվում է օդային հարձակման հնարավորությանը, ապա ըստ պարբերականի, Իսրայելի ռազմաօդային ուժերը անհերքելի առավելություն ունեն իրենց թուրք գործընկերների նկատմամբ՝ թե՛ գործառնական պատրաստվածության, թե՛ իրենց ավիացիոն նավատորմի որակի առումով։ Սա ճշմարիտ է նույնիսկ հաշվի առնելով Թուրքիայի վերջին տարիներին իրականացված արդիականացման ջանքերը, ներառյալ նավատորմի թարմացումը և Եվրոպայից Eurofighter կործանիչներ գնելու ծրագրերը։ Մինչ օրս, որոշ լուրերի հակառակ, Միացյալ Նահանգները դեռևս չի սկսել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային։

Եզրակացությունը հստակ է. Իսրայելի վրա ուղղակի ցամաքային կամ ծովային ներխուժումը քիչ հավանական է, գոնե մոտ ապագայում, նշում է պարբերականը։

Սակայն, ըստ իսրայելական այս պարբերականի, Թուրքիան կարող է գործել Իսրայելի դեմ, աջակցելով սունի ծայրահեղականներին, Իսրայելի հյուսիսում:

Եվ հատկապես այս շարքում Անկարան կարող է օգտագործել Սիրիայի ներկայիս ռեժիմը:

Ճիշտ է, այս պահին, դեռ Սիրիան պատրաստ չէ այդ դերին, սակայն հեռավոր ապագայում դա կարող է իրատեսական դառնալ:

Վերջում եզրակացնելով, թե Էրդողանի սպառնալիքները՝ ուղղված Իսրայելին, ինչ կարող են նշանակել, հրեական այս պարբերականը այն եզրահանգմանն է գալիս, որ մոտ ապագայում, Էրդողանի սպառնալիքները Իսրայելի հանդեպ, «հաչան շան պես մի բան են»:

Սակայն, նշում է իսրայելական պարբերականը, Էրդողանի աճող նկրտումները՝ Թուրքիան սուննի աշխարհի առաջնորդը դարձնելու, զուգորդված նրա նեոօսմանյան նկրտումների հետ, կարող են, ի վերջո, նրան դրդել քայլեր ձեռնարկել իր սովորական ռազմատենչ հռետորաբանությունից այն կողմ։ Իսրայելը պետք է զգոն մնա և ուշադիր հետևի Անկարայում տեղի ունեցող զարգացումներին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի դերում չհայտնվի և դրա համար Թել-Ավիվն ունի բոլոր հնարավորությունները, եզրակացնում է հրեական պարբերականը:

Մեր կողմից նշենք, որ իսրայելական վերլուծաբանները բոլոր սցենարները հաշվում են, սակայն բաց են թողնում ամենակարևորը, որ բուն Իսրայելում չառաջանա հրեական Փաշինյանի նմանակը, որ կարող է ներսից քանդել այդ պետությունը և Թուրքիայի առաջ բացել երկրի դռները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը` Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը