Աշխարհ

26.04.2026 10:26


Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր լրատվամիջոցների հետ (տեսանյութ)

Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր լրատվամիջոցների հետ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմի անդամները հրաձգության պատճառով տարհանվել են Washington Hilton հյուրանոցում անցկացվող Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press-ը, հյուրանոցում կրակ է բացել մի տղամարդ։

Հաղորդվում է, որ Գաղտնի ծառայությունն ու ԱՄՆ անվտանգության այլ գործակալություններ շրջապատել են հյուրանոցի խնջույքների դահլիճը, որտեղ ավելի քան հարյուր մարդ սպասում էր Թրամփի ելույթին։ Որոշ մասնակիցներ հայտնել են, որ լսել են, իրենց կարծիքով, հինգից ութ կրակոց։ Կրակողը դահլիճ չի մտել. միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի մեկ այլ հատվածում։

Թրամփից բացի միջոցառմանը ներկա են եղել առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանք, ինչպես նաև միջոցառմանը հրավիրված լրագրողները, ավելի ուշ տարհանվել են, իսկ անվտանգությունը հյուրանոցում ուժեղացվել է։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հետագայում հայտնել է, որ Գաղտնի ծառայությունը ձերբակալել է կասկածյալ հրաձիգին։ ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ հաստատել է տղամարդու ձերբակալությունը։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ հարձակվողը Հարավային Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ է, մասնավոր դպրոցի ուսուցիչ։ Նա նույն հյուրանոցի կենվոր է, սակայն ոչ միջոցառման մասնակից։ Հարձակվողը, ենթադրաբար, միայնակ է գործել։

«Հագեցած երեկո Վաշինգտոնում։ Գաղտնի ծառայությունն ու իրավապահ մարմինները հիանալի աշխատանք կատարեցին։ Նրանք գործեցին արագ ու քաջաբար։ Կրակողը կալանքի տակ է, և ես խորհուրդ եմ տվել շարունակել շոուն, բայց կհետևեմ իրավապահ մարմինների խորհուրդներին»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Կրակոցներից կարճ ժամանակ անց Թրամփը մամուլի ասուլիս է անցկացրել։ Նա ասել է, որ հարձակվողը, ով որոշել էր սպանել մարդկանց, մի քանի միավոր զենք է ունեցել, ու նա կրակել է Գաղտնի ծառայության աշխատակցի ուղղությամբ, ում փրկել է զրահաբաճկոնը։

Թրամփը հայտարարել է, որ լրագրողների հետ հանդիպումը միջադեպի պատճառով հետաձգվել է։

Այս խորագրի վերջին նյութերը