Քաղաքական

13.01.2012 20:23


Գեղամ Նազարյան. «Չի կարելի հույսը թողնել ընտրության հաջորդ օրվա հանրահավաքին»

Գեղամ Նազարյան. «Չի կարելի հույսը թողնել ընտրության հաջորդ օրվա հանրահավաքին»

Zham.am-ի հարցազրույցը «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ Նազարյանի հետ

-Կարծիք կա, որ թերի ընտրական օրենսգրքի պայմաններում անհնար է անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:

-Կարծում եմ, որ պետք է ամեն ինչ արվի` հնարավորին չափ անթերի ընտրական օրենսգիրք ունենալու համար, բայց ասել, թե մենք վատ ընտրական օրենսգիրք ունենք, եւ ազատ ընտրությունների անցկացումն անհնար է, մեղմ ասած, ճիշտ չէ:  Մեր ընտրական օրենսգիրքն անթերի չէ, բայց չի կարելի ասել, թե այն վատն է: Տխուր է, բայց շատերը ասում են, թե մեր ընտրական օրենսգիրքը վատն է` առանց ծանոթ լինելու նույն այդ օրենսգրքին:

-Ձեր կարծիքով գործող ընտրական օրենսգիրքը թույլ կտա՞ անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ:

-Անկասկած, նույնիսկ թերություններ ունեցող ընտրական օրենսգիրքը մեզ հնարավորություն է տալիս անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ: Քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, հնարավորություն ունեն վերահսկել ըտնտրությունների ընթացքը: Այստեղ անհրաժեշտ է ունենալ կամք, համարձակություն եւ ցանկություն:  Ժամանակակից տեխնոլոգիաների մատչելիությունը և զանգվածային կիրառումը խիստ դժվարացնում են ընտրակեղծիքների մեքենայի աշխատանքը: Ասեմ ավելին` ճիշտ աշխատելու դեպքում դարձնում են անհնար:  Ընտրական օրենսգրքի 6-րդ  հոդվածով սահմանված է, որ ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա լինելու վստահված անձինք, դիտորդները, լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ավելին, ըևտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, լրագրողները կարող են լուսանկարել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը: Այնպես որ, այն ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցել ընտրություններին, ճիշտ կանեն հենց այսօրվանից պատրաստվեն քվեարկության օրվան եւ ընտրեն այնպիսի վստահված անձանց, որոնք  չեն կաշառվի: Հավատացեք, որ երբ ընտրատեղամասերում լինեն երեք չորս չկաշառվող եւ գոնե փոքր համարձակություն ունեցող վստահված անձինք եւ դիտորդներ, ապա տեղամասերում կեղծիքների իրականացումն անհնար կդառնա:

-Ստացվում է, որ նախորդ ընտրություններում կուսակցությունները եւ դաշինքներն այս հարցում բացթողումներ են ունեցել:

-Իհարկե: Եթե բացթողումներ չլինեին, ապա ընտրությունները տեղամասերում շատ ավելի արդար եւ ազատ կլինեին: Եղել են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացուցիչները տարբեր պատճառներով չնկատելու են տվել տեղի ունեցող ակնհայտ խախտումները: Եղել են դեպքեր, երբ կողք-կողքի գտնվող ընտրատեղամասերից մեկում արձանագրվել եւ կանխվել են բազմաթիվ խախտումներ, իսկ մյուսում` ոչ: Ակնհայտ է, որ ընտրատեղամասերից մեկում դիտորդները եւ վստահված անձինք այլ գործով են զբաղված եղել:  Այնպես որ, լավ եւ ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է բռնել ընտրակեղծարարների ձեռքը: Ուզում եմ հիշատակել նաեւ 67-րդ հոդվածը, որտեղ ավելի քան պարզ գրված է, որ վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:

Դուք լավատեսորեն եք տրամադրված, բայց շատերն արդեն հիմա նշում են, թե անհնար է պայքարել վարչական ռեսուրսի դեմ:

-Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, քան նախկինում : Մեկ անգամ եւս կրկնեմ, որ ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ եւ չի կարելի մատնացույց անելով ընտրական օրենսգրքի թերություններին, ձեռքերը թափ տալ եւ ասել, թե ընտրությունների ելքը կանխորոշված է:      Պետք է այսօրվանից կատարել մեծ ծավալի աշխատանք: Չի կարելի հույսը թողնել ընտրության հաջորդ օրվա հանրահավաքին: Թեև դա նույնպես կարևոր է, բայց այս անգամ շատ ավելի կարևոր է մինչև ընտրությունները և ընտրությունների օրը կատարած քրտնաջան աշխատանքը:  Շատ կարևոր է հասկանալ, որ այս անգամ ընտրակեղծքիների դեմ պայքարելու է ոչ միայն նոմինալ ընդդիմությունը, ալյև բացառությամբ ՀՀԿ-ի ողջ քաղաղաքական դաշտը: Այս անգամ շատ մեծ է  հակակեղծիքային կոալցիան:

-Իսկ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որ Հայաստանում վերջապես անցկացվեն քաղաքակիրթ երկրներին բնորոշ ընտրություններ:

-Նախ պետք է քաղաքական ուժերը համապատասխան կամք ցուցաբերեն եւ աշխատեն ավելի շատ, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Որեւէ եվրոպացի, ամերիկացի կամ ռուս մեր փոխարեն ազատ եւ արդար ընտրություն չի կազմակերպելու եւ անցկացնելու: Ես այժմ կրկին հիշատակեմ ընտրական օրենսգրքի 6-րդ, 31-րդ եւ 67-րդ հոդվածները, որոնք թույլ են տալիս իրականացնել այնպիսի ընտրություններ, որից հետո կարող ենք ասել, որ ձեւավորվել է մի խորհրդարան, որն արտահայտում է հասարակության տրամադրությունները: Եւս մեկ անգամ շեշտեմ, որ յուրաքանչյուր կուսակցություն եւ դաշինք պետք է վստահված անձանց թեկնածությունները քննարկելիս լինի ավելի քան բծախնդիր եւ ուշադիր, իսկ դիտորդական կազմակերպություններն էլ պետք է իրենց աշխատանքը կատարեն ավելի արդյունավետ: Վստահ եմ, որ այս անգամ մենք կանցկացնենք անհամեմատ ավելի ազատ եւ արդար ընտրություններ: Չի կարելի ոչինչ չանել, հույսը դնելով եվրոպացիների կամ ինչ որ հրաշքի վրա եւ հերթական ընտրակեղծիքներից հետո դուրս գալ փողոց, մի քանի օր շարունակ ցույցեր անել եւ հետո գնալ տուն: Աշխատել է պետք, աշխատել: Երկրում անարյուն փոփոխություններ ունենալու համար պետք է այսօրվանից համակարգված աշխատել ընտրակեղծիքների դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը