Մեկնաբանություն

15.01.2012 15:15


Ո՞վ կգլխավորի ՀՀԿ–ի ցուցակը

Ո՞վ կգլխավորի ՀՀԿ–ի ցուցակը

ԱԺ ընտրությունների մոտենալուն զուգընթաց կուսակցությունները հստակեցնում են իրենց ցուցակները։ ՀՀԿ–ն բացառություն չէ։

Նախագահական ընտրություններից հետո ԱԺ նախագահի պաշտոնում հայտնված Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում էր, որպեսզի դե ֆակտո երկրորդ դեմքը դառնա Սերժ Սարգսյանից հետո: Նա խնդիր էր դրել դառնալ վարչապետ, իսկ հետագայում էլ, գլխավորելով ՀՀԿ–ի ցուցակը, ձգտել ավելիին. չէ՞ որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէր։

Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, Հ. Աբրահամյանը ոչ միայն չկարողացավ ձեռք գցել կառավարության ղեկավարի պաշտոնը և դառնալ իշխող կուսակցության ցուցակի առաջին համարը, այլև զրկվեց նույնիսկ ԱԺ նախագահի աթոռից և «գործուղվեց» ՀՀԿ–ի շտաբ՝ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ «որակական հեղափոխություն» ապահովելու համար, ինչը փաստացի նշանակում է շնորհազրկում և կարիերային գահավիժում (քաղաքականությամբ զբաղվելու համար, այնուամենայնիվ, խելք պետք է)։ Այն խոսակցությունները, թե ՀՀԿ հաջողության դեպքում Աբրահամյանը կդառնա վարչապետ՝ պարզապես ծիծաղ են առաջացնում քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդկանց մոտ։

Եվ այսպես, իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին հրաժարականի միջոցով ապացուցած ԱԺ նախկին խոսնակի թեման ՀՀԿ ցուցակը գլխավորելու մասով վերջնականապես փակվեց։

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա Հ. Աբրահամյանի պաշտոնազրկումից հետո ակտիվորեն շրջանառվում էր այն լուրը, թե նա է գլխավորելու ՀՀԿ–ի ցուցակը, քանզի իր մրցակիցը խաղից դուրս եկավ։ Սակայն պարզվեց, որ վարչապետի նմանօրինակ առաջխաղացմանը դեմ է ոչ միայն ՀՀԿ–ի մեծ մասը, այլ նաև Սերժ Սարգսյանի փեսան, ով իր սեփական ծրագրերն ունի 2018ի նախագահական ընտրությունների մասով և ի դեմս Տ. Սարգսյանի ներքին մրցակից է տեսնում, հետևաբար չի կարող կողմ լինել, որպեսզի իշխանական մեքենան աշխատի վարչապետի գլխավորած ցուցակի համար։ Պատահական չէ, որ վերջին շրջանում փեսայական լրատվամիջոցները (խոսքը կայքերի ու թերթերի մասին է) սկսել են ակտիվորեն «փչացնել» Տիգրան Սարգսյանին՝ նրան արդարացիորեն մեղադրելով տնտեսության ձախողման համար (փեսան ու իր կամակատարները նոր տեսան դա. աման, աման)։

Հիմա ՀՀԿ–ում, փաստացի, այնպիսի ներքին գզվռտոց ու անորոշ վիճակ է, որ, պատկերավոր ասած, շունը տիրոջը չի ճանաչում։ Սերժ Սարգսյանին նման պայմաններում այլ բան չի մնում, քան ստիպված անձամբ գլխավորել ՀՀԿ–ի նախընտրական ցուցակը՝ կանխելու համար իր թիմի վերջնական փլուզումը։

Ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի և մենք կունենանք աննախադեպ ԱԺ ընտրություններ, քանզի երբեք չի եղել այնպես, որ գործող նախագահը օրենսդիր մարմնի ընտրությունների ժամանակ արբիտրի դերակատարից վերածվի ընդամենը մասնակից կողմերից մեկի։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի ուղղակի մասնակցությունն ընտրություններին կբարձրացնի հասարակական ակտիվությունը և շատերը ԱԺ ընտրությունները կընկալեն որպես գալիք նախագահական ընտրությունների առաջին փուլ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Ակնհայտ է, որ 2008–ին 50%–ից ավել արձանագրված բլեֆը հիմա հնարավոր չի լինելու կրկնել և նախագահի գլխավորած ՀՀԿ–ն պաշտոնապես կամրագրի լավագույն դեպքում 20%–անոց արդյունք (2007–ին ՀՀԿ–ն պաշտոնապես հավաքել էր շուրջ 32%), ինչը կնշանակի, որ Սերժ Սարգսյանը տապալվում է և չի կարող նույնիսկ մտածել վերարտադրվելու մասին, իսկ Տիգրան Սարգսյանն էլ այդ դեպքում ուշադրությամբ պետք է հետևի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Սերժ Սարգսյանը սա շատ լավ հասկանում է և տեսնում է բոլոր ռիսկերը, բայց այլընտրանք չունի. Տիգրան Սարգսյանին վստահել ցուցակի առաջին համարը՝ կնշանակի  տապալվել ավելի սարսափելի ձևով։

Սերժ Սարգսյանի հույսը լիսկաներն են, բայց դա փրփուրներից կախվելու պես մի բան է։ Լիսկաներն առաջինն են լքելու խորտակվող նավակը. սա իմիջիայլոց։

Ամփոփենք. ՀՀԿ–ի նախընտրական ցուցակը գրեթե 100–տոկոսանոց հավանականությամբ կգլխավորի Սերժ Սարգսյանը, ինչը կբերի ընտրությունների գերքաղաքականացմանն ու հասարակական ակտիվության աճին։ Հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ՝ ՀՀԿ–ն ֆիասկո կունենա, ինչն էլ հետագայում կբերի իշխանափոխության՝ ուկրաինական տարբերակով։ Իսկ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը որոշի արկածախնդրության գնալ ու «նկարել» իրեն ցանկալի արդյունքներ, ապա «արաբական գարունը» կկրկնվի մեզ մոտ՝ այդտեղից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը