Լրահոս

21.01.2012 12:45


Հրատարակվել է Կիմ Չեն Իրի ավագ որդու գիրքը՝ «Հայրս և ես»

Հրատարակվել է Կիմ Չեն Իրի ավագ որդու գիրքը՝ «Հայրս և ես»

Ճապոնիայի գրախանութներում հայտնվել է Հյուսիսային Կորեայի՝ Ամանորի նախաշեմին մահացած առաջնորդ Կիմ Չեն Իրի ավագ որդու գիրքը։ «Հայր Կիմ Չեն Իրը և ես» վերնագրով գիրքը դրված է Սթիվ Ջոբսի մասին պատմող համաշխարհային բեստսելլերի կողքին։ Ժողովածուն հրատարակվել է ռեկորդային արագությամբ։ Այն պարունակում է Իրի որդու՝ Կիմ Չեն Նանի նամակներն ու հարցազրույցները։

Իրի ավագ որդին երկար տարիներ բնակվում է արտասահմանում՝ Ժնևում ստանալով բարձրագույն կրթություն, և տիրապետում է 4 օտար լեզվի։  Գրքում գրված է.

«Ակնհայտ է, որ առանց բարեփոխումների և տնտեսական ազատության՝ երկիրը կկործանվի, սակայն միաժամանակ բարեփոխումները պետական համակարգի փլուզման ռիսկ են պարունակում»։

Կիմ Չեն Նանը նաև խոստովանում է, որ քաղաքական որևէ հավակնություն ինքը չունի և չի պատրաստվում մասնակցել երկրի ճակատագրի կերտմանը։  Իսկ իր կրտսեր եղբոր՝ այժմ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի մասին գրում է.

«Այդ երկրում նորմալ մտածող մարդը չի կարող դառնալ երրոդր սերնդի ժառանգորդ։ Կասկածում եմ, որ երիտասարդ ժառանգորդը, ում միայն երկու տարի առաջ սկսեցին պատրաստել որպես հորը փոխարինողի, ի վիճակի է ստանձնել բացարձակ իշխանությունը։ Կարծում եմ, որ նա կմնա երիտասարդ ժառանգորդի սիմվոլ, իսկ իրականում երկիրը կղեկավարի նախկին իշխող խմբավորումը»։

Գրքից պարզ չի դառնում՝ Կիմ Չեն Նանին հաջողվե՞լ է մասնակցել հոր հուղարկավորությանը։ Այդ հարցը նա շրջանցել է։

Այս խորագրի վերջին նյութերը