Լրահոս

20.11.2010 11:39


Թուրք իրավապահների և «ԳԱԼԱ»-ի աշխատախմբի անցանկալի ընկերակցությունը Կարսում

Թուրք իրավապահների և «ԳԱԼԱ»-ի աշխատախմբի անցանկալի ընկերակցությունը Կարսում

2010թ.նոյեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Թուրքիայի Կարս քաղաքում աշխատող «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատանքային խումբը բերման է ենթարկվել տեղի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Քաղաքի նախկին հայաբնակ թաղամասերից մեկում նկարահանումներ կատարելու ժամանակ «ԳԱԼԱ»-ի աշխատակիցներին են մոտեցել քաղաքացիական հագուստով մի քանի ծառայողներ եւ արգելել նկարահանումները: Այնուհետեւ, 5 հոգուց բաղկացած խմբին ուղեկցել են ազգային անվտանգության բաժանմունք՝  փաստաթղթային ստուգումներ իրականացնելու նպատակով: Ծառայության աշխատակիցները տեղեկացրել են,որ հեռուստաընկերության աշխատանքային խումբը, առանց համապատասխան կառույցների թույլտվության, իրավունք չունի նկարահանումներ կատարել Կարսում, և ընդհանրապես, Թուրքիայի հանրապետության տարածքում: Հեռուստաընկերության աշխատակիցները հակադարձել են, որ թույլտվություն ստանալ հնարավոր չէր, քանի որ Բայրամ կոչվող իրենց տոնական օրերին պետական ատյաններում պատասխանատու որեւէ անձի գտնելը փաստացի անհնար էր: «ԳԱԼԱ»-ի աշխատախմբի անդամները (խմբի ղեկավար  Կ.Հարությունյան, խմբագիր Է.Մխիթարյան, օպերատոր Տ. Գասաբյան, թարգմանիչ  Հ. Ֆիլյան, վարորդ Ռ.Մարտիրոսյան) հրաժարվել են իրավապահներին հանձնել անձնագրերը եւ հայտնել են, որ ոտնահարվում է իրենց իրավունքները: Ազգային անվտանգության աշխատակիցները մի քանի հեռախոսազրույց են ունեցել իրենց վերադասի հետ, այնուհետեւ տեղեկացրել, որ տուգանք պետք է վճարվի: Նախ նշել են,որ մեկ անձի տուգանքի չափը 250 թուրքական լիրա է, այնուհետեւ, այսպես  ասած  «լավության կարգով» նույն գումարի չափը սահամանել են ամբողջ խմբի համար: Աշխատախմբի դժգոհություններին նրանք պատասխանել են բարի ժպիտով, թեյի հյուրասիրությամբ եւ «մեր օրենքի պահանջն է. ոչ մի դիտավորություն չկա» խոսքերով: Սակայն մի քանի նոր հեռախոսազանգից հետո, նրանք Հայաստանից ժամանած խմբին տեղեկացրել են,որ տուգանք չի լինի եւ իրենք պարտք ու պահանջ չունեն: Ի դեպ, ազգային անվտանգության թուրք աշխատակիցները 5 րոպեով փաստաթղթային ստուգումներ կատարելու պատրվակով   մոտ 1.5 ժամ խմբին պահել են բաժանմունքում: Խմբի անդամների պնդումներից հետո, որ իրենք պահվում են անհիմն, թուրք իրավապահները, ստուգելով «ԳԱԼԱ»-ի աշխատակիցների անձնագրային տվյալներն ու երկրի տարածք մուտք գործելու օրինականությունը, նրանց ազատ են արձակել՝ խնդրելով դադարեցնել հետագա նկարահանումները: Հարկ է նշել, որ թուրք իրավապահների եւ «ԳԱԼԱ»-ի աշխատախմբի անցանկալի ընկերակցությունը տեւել է մոտ 90 րոպե, որից հետո նկարահանող խումբը նրանց ուղեկցությամբ հեռացել է:

Այս խորագրի վերջին նյութերը