Լրահոս

08.05.2009 19:18


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է թրաֆիկինգի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է  թրաֆիկինգի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեին

Հանդիպման ժամանակ քննարկվեցին մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ հանրապետությունում ձեռնարկված քայլերն անցած ժամանակահատվածում, գրանցված առաջընթացն ու ուշադրության առարկա այն ոլորտները, որոնցում դեռեւս աշխատանք կա տանելու:

Տկն. Բյոդեն նշեց, որ անցած երեք օրերի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն արդյունավետ էին եւ բավականաչափ պատկերացում տվեցին Հայաստանում երեւույթի դեմ իրականացվող քայլերի մասին թե΄օրենսդրական դաշտում, թե΄իրավապահ մարմինների գործունեության եւ թե΄զոհերին աջակցության ոլորտներում, որն այսօր իրականացվում է տեղական մասնագիտացված հասարակական կազմակերպությունների միջոցով: Նա արձանագրեց, որ պետական կառույցների եւ ՀԿ-ների միջեւ առկա է սերտ համագործակցություն, ինչը լավ հիմք է թրաֆիկինգի դեմ արդյունավետ պայքար մղելու համար: Նրա կողմից կարեւորվեց պետական ֆինանսավորման խնդիրը, որպես գործողությունների անխափան իրականացման նախապայմանի, հատկապես' հաջորդ եռամյա ազգային ծրագրի մշակման ժամանակ: Վեր հանվեցին նաեւ որոշ խնդիրներ, ինչպիսիք  են, օրինակ, ներքին ու աշխատանքային թրաֆիկինգը, որոնք, դատելով ԵԱՀԿ տարածաշրջանի այլ երկրների փորձից, կարող են մտահոգության առարկա լինել եւ կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրման ու այդ ուղղությամբ հստակ քայլերի իրականացման:

Պրն. Կիրակոսյանն անդրադարձ կատարեց թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ այլ երկրների հետ համագործակցությանն ու այդ դաշտում առկա խնդիրներին, որոնք հաճախ դժվարեցնում են արդյունավետ ու լիարժեք գործողությունների իրականացումը: Նա գոհունակությամբ արձանագրեց թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված ջանքերում Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների հետ համագործակցությունն ու նրանց շարունակական աջակցությունը, ինչը կարեւոր գործոն է եղել առ այսօր գրանցված առաջընթացի համար: ՀՀ ԱԳ փոխնախարարը հույս հայտնեց, որ այդ համատեղ աշխատանքը, նաեւ' ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ, կշարունակվի' օգնելով ՀՀ շահագրգիռ կառույցներին էլ ավելի արդյունավետ ու նպատակային  դարձնելու թրաֆկինիգի կանխարգելմանը, հետապնդմանն ու զոհերի աջակցությանն ուղղված գործողությունները:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը