Կարծիք

25.01.2012 10:24


Վարչախումբը կոտրած տաշտակի առաջ

Վարչախումբը կոտրած տաշտակի առաջ

Ընտրություններից մի քանի ամիս առաջ արդեն իսկ պարզ է, որ վարչախումբը չի հրաժարվելու նախկին մեթոդներից եւ եղանակներից ու փորձելու է ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես միշտ: Իհարկե, հնարավոր են արտաքին դեկորացիաների որոշ փոփոխություններ, բայց դա էական հարց չէ, որի վրա պետք է ուշադրություն դարձնել:

Հայաստանը փոքր երկիր է եւ ցանկացած շարժ, քայլ, ասված խոսք անմիջապես հայտնի է դառնում լայն հանրությանը: Այնպես որ, մենք արդեն իսկ քաջատեղյակ ենք, թե ինչպես են վարչախմբի ներկայացուցիչները եւ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը պատրաստվում ընտրություններին: Պատրաստվելը` պատրաստվում են, բայց ամբողջ հարցն այն է, որ այլեւս հնարավոր չի լինելու կիրառել նախկին մեթոդներն ու եղանակները: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, այդ թվում եւ քաղաքական դաշտում, որը համառորեն չեն ցանկանում կամ պարզապես չեն կարողանում տեսնել նրանք, ովքեր ծրագրում են հերթական անգամ ընտրակեղծիքների օգնությամբ հասնել հաղթանակի:

Անկախ նրանից, թե մինչեւ մայիս ընտրական օրենսգրքում փոփոխություններ կարվեն, թե ոչ, անկախ նրանից, կպահպանվի մեծամասնական ընտրական համակարգը, թե ոչ, ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունները չեն կարող նմանվել 2007-ի կամ 2008-ի նախագահական ընտրություններին: Իսկ վերջին քննարկումներն էլ եւ մեծամասնական-համամասնական ընտրական համակարգերի շուրջ առկա զարգացումներն էլ վարչախմբին ավելի անհարմար վիճակի մեջ են գցել: Ի տարբերություն քաղաքական դաշտում գտնվող մյուս ուժերի, նրանք կտրականապես դեմ են մեծամասնական ընտրական համակարգի վերացմանը, բայց այդպես էլ հիմնավոր փաստարկներ չեն բերում, թե ինչու են կողմ, որ 41 պատգամավոր ընտրվի մեծամասնական ընտրական համակարգով: Որքան շատ են փորձում հիմնավորել իրենց տեսակետը, այնքան ավելի անհարմար իրավիճակում են հայտնվում եւ շատ հաճախ սկսում հակասել նախկին հիմնավորումներին:

Սա այն վիճակն է, որը որ պետք է լիներ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ վարչախումբը համառորեն շարունակում է պահպանել իշխանությունը եւ անգամ հաշվի չնստելով ժողովրդի տրամադրությունների հետ` երազում է խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալ:

Այս ամենին զուգահեռ մի հետաքրքիր գործընթաց է տեղի ունենում: Նրանք, ովքեր տիրապետում են իրավիճակին, ովքեր այսօր մոտ են կանգնած քաղաքական անցուդարձին ամեն ինչ անում են ՀՀԿ շտաբներից հեռու մնալու համար, բայց նրանց պարզապես գցում են անելանելի իրավիճակների մեջ եւ ամեն ինչ անում, որ իրենց ուզած մարդիկ աշխատեն շտաբներում եւ գլխավորեն դրանք: «Մեր նեղին չես հասնում»,- ասում են նրանք, եւ իրենց մտերիմին, աշխատակցին, հարազատին դնում ծանր ընտրություն կատարելու առաջ: Ահա սա է հայաստանյան իրականությունը: Բայց եթե այս տարբերակը նախկինում աշխատել է, ապա հիմա չի կարող աշխատել:

Վերջին հաշվով, որքան էլ մարդիկ հույս դնեն իրենց ֆինանսական հզոր միջոցների վրա, որքան էլ հույսը դնեն ընտրակեղծիքների վրա, որքան էլ հույսեր կապեն վարչական ռեսուրսի հետ, այսուհանդերձ, պետք է ընդունենք, որ վերջին հաշվով վերջնական խոսքը պատկանում է ՀՀ քաղաքացուն, որը որեւէ հիմքեր եւ դրդապատճառներ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը քվեարկելու համար: Տնտեսական ճգնաժամի, աղքատության եւ արտագաղթի, սոցիալական վիճակի վատթարացման եւ կենսամակարդակի կտրուկ անկման, ինչպես նաեւ բիզնես դաշտի ամայացման պայմաններում անհնար է հասնել այն արդյունքներին, որոնք արձանագրվել են նախկինում:

Նրանք ովքեր կփորձեն կեղծել ընտրությունները, կհայտնվեն վարչապետի սիրած կոտրած տաշտակի առաջ։

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը