Կարծիք

28.01.2012 01:23


Նախկին մեթոդները չեն աշխատելու

Նախկին  մեթոդները չեն աշխատելու

Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բախտորոշ են լինելու մեր երկրի համար: Ազգային Ժողովի ընտրությունները մեր երկրում երբեք այսքան չեն կարեւորվել: Բնականաբար, այսքան կարեւորվող ընտրություններին քաղաքական ուժերը  լուրջ են նախապատրաստվում, իհարկե, յուրաքանչյուրը` յուրովի: Իսկ վարչախումբը, չնայած բոլոր լավատեսական կանխատեսումներին, ընտրություններին նախապատրաստվում է հին եւ բազմաթիվ անգամ փորձարկված մեթոդներով: Վարչախմբի առաջնորդները եւ նրանց երիտխորհրդականները ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում: Նրանց շահերից չի բխում այդ փոփոխությունները տեսնելը եւ դրանց հետ հաշվի նստելը: Լսելով Սերժ Սարգսյանի թիմակիցների հայտարարությունները, մամուլի միջոցներից իմանալով, թե ովքեր են ցանկանում ՀՀԿ-ի միջոցով զբաղեցնել պատգամավորական աթոռներ, մեկ անգամ եւս համոզվում ենք, որ վարչախումբը նախկին համառությամբ շարժվում է դեպի իր նպատակակետը:

Գրեթե բոլորի համար էլ պարզ է, որ գրեթե զրոյական վարկանիշ ունեցող հանրապետականների առաջնորդները հույսը դնելու են ընտրակեղծիքների վրա: Մի պահ պատկերացրեք ազատ եւ արդար ընտրություններ եւ փորձեք կռահել, թե այդ դեպքում հարյուր հայաստանցի ընտրողից քանիսն իր ձայնը կտա ՀՀԿ-ին: Ամենալավատեսական գնահատականներով` հազիվ 7-10 հոգի: Վարչախումբը լսել անգամ չի ուզում իր պարտության մասին, եւ դժվար չէ կռահել, որ փորձելու է ամեն ինչ անել հերթական խայտառակ ընտրությունները կազմակերպելու համար: Իսկ ընտրակեղծիքներին նախորդում է մեկ այլ կեղծիք` սոցհարցումը:

Արդեն այսօր այս ու այն լրատվամիջոցը հայտնում է, որ այս կամ այն հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հարցումների համաձայն վարչախմբի կուսակցության վարկանիշը նոր ռեկորդներ է սահմանում: Մենք վաղուց արդեն սովորել ենք այս ամենին: Ոմանց մոտ հարց կառաջանա, թե ում են պետք այս հարցումները, քանի որ կարելի է կեղծել ընտրությունների արդյունքները եւ վերջ: Իրականում, նման, այսպես կոչված, սոցհարցումները նպատակ ունեն ժողովրդին նախապատրաստել հերթական ընտրակեղծիքին: Ծրագիրն այսպես է. հայ մարդը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ շարունակ լսում է ՀՀԿ-ի բարձր վարկանիշի մասին, հասկանում, որ այս անգամ էլ ՀՀԿ-ից պրծում չկա, թեւաթափ է լինում եւ կա՛մ չի գնում ընտրության, կա՛մ գնում եւ քվեարկում է  ՀՀԿ-ի օգտին, իհարկե, որոշակի ծառայության դիմաց:

Նախկինում հենց այսպես էլ եղել է: Բայց հիմա այս հնարքը նախկին արդյունքները չի կարող տալ, քանի որ, Հայաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել տեխնոլոգիաների գրոհի շնորհիվ: Հայ մարդն ունի ինտերնետ, որտեղից կարողանում է տեղեկություններ ստանալ այնպիսի լրատվամիջոցից, որը դուրս է վարչախմբի վերահսկողությունից, իսկ նրանք էլ, ովքեր լրատվամիջոցներից չեն օգտվում, նույն տեխնոլոգիաների օգնությամբ այդ տեղեկությունները ստանում են քաղաքականապես ակտիվ իրենց հարազատներից կամ ընկերներից: Այնպես որ, այսօր նախկին մեթոդներով հեռուն չես գնա: Իսկ ամենակարեւորն այն է, որ այս անգամ ընտրակեղծիքների նախկին մեխանիզմը չի աշխատելու` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը