Կարծիք

31.01.2012 13:15


Վարչախմբի միակ դաշնակիցը մարդկանց հուսահատությունն է

Վարչախմբի միակ դաշնակիցը մարդկանց հուսահատությունն է

Նախընտրական շրջանն այս անգամ բավական շուտ սկսվեց: Պատճառները շատ են, բայց ամենակարեւորն այն է, որ բավական անհարմար իրավիճակի մեջ հայտնվեցին նրանք, ովքեր «ֆալս ստարտ» վերցրեցին: Ամենայն հավանականությամբ նախագահականում կարծում էին, որ կեղծ մեկնարկով կկարողանան առաջ անցնել մրցակիցներից եւ հեշտությամբ իրականացնել մեկ ազգ` մեկ ֆեոդալ ծրագիրը: Ժամանակը ցույց տվեց, որ քաղաքականությունում, ինչպես եւ սպորտում, ֆալս ստարտով մեկնարկողները պատժվում են:

Իհարկե, ավելի քան պարզ է, որ ժամանակից շուտ մեկնարկածները ամեն ինչ անելու են իրենց հաղթանակն ապահովելու համար, բայց ակնհայտ է նաեւ, որ նրանք այնքան ծանր վիճակում են, որ ցայտնոտում հայտնված եւ պարտված դիրք ունեցող շախմատիստի նման իրավիճակը փրկելու համար դիմում են  տարատեսակ հնարքների:

Նախագահականում հասկանում են, որ խորհրդարանական ընտրություններին որքան քիչ թվով մարդիկ մասնակցեն, այնքան ավելի լավ իրենց համար: Պարզ է, որ նրանք չեն կարող կանգնել յուրաքանչյուր ընտրողի տան դիմաց եւ նրանց արգելել դուրս գալ տնից կամ ընտրատեղամասի ճանապարհին բոլոր ընտրողներին առեւանգեն եւ տեղափոխեն անհայտ ուղղությամբ: Մնում է միակ տարբերակը. հուսահատության տարածում: Վարչախումբը տարբեր միջոցներով եւ եղանակներով ընտրողներին փորձում է համոզել, որ միեւնույնն է, ով ինչ անի կամ ասի, իրենք հաջողությամբ կեղծելու են ընտրությունների արդյունքները եւ ապահովելու են ՀՀԿ-ի հաղթանակը: Նրանք, ովքեր կհավատան այս պնդմանը, բնականաբար ոչ միայն չեն մասնակցի ընտրություններին, այլ նաեւ ամեն ինչ կանեն Հայաստանից հեռանալու համար:

Ամենավատն այն է, որ վարչախմբի առաջնորդները հասկանում են, թե ինչ կկատարվի Հայաստանի հետ, եթե մեկ անգամ եւս կեղծվեն ընտրությունների արդյունքները եւ ձեւավորվի նախագահականին հլու հնազանդ խորհրդարան: Գիտակցում են, բայց հանուն իրենց նեղ անձնական շահերի պատրաստ են պահպանել իրենց իշխանությունը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ մի կապ չունեն արտագաղթի, կենսամակարդակի կտրուկ անկման, գործազրկության եւ աղքատության աճի, հուսահատության եւ բարոյալքման մթնոլորտի ձեւավորման հետ: Այս իրավիճակում քաղաքական առողջ ուժերի խնդիրն է դառնում նաեւ հուսահատության ալիքի կասեցումը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը դուրս է նախագահականի ազդեցության տակից, պարտավոր է յուրաքանչյուր ընտրողի բացատրել, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ցանկանում են ներկայացնել վարչախմբի սազանդարները, եւ որ վարչախումբը չի կարող կեղծել ընտրությունների արդյունքները:

Պետք է յուրաքանչյուր մարդու հասկացնել, որ որքան շատ մարդ մասնակցի ընտրությանը, այնքան ավելի ծանր է լինելու կեղծարարների գործը: Այնպես որ, քարոզչական դաշտում քաղաքական ուժերը լուրջ եւ կարեւոր գործ ունեն անելու, բացի իրենք իրենց գովելուց:

Այսպիսով, քաղաքական այն ուժերը, որոնց շահերից չի բխում ընտրակեղծիքն ու մեկ ազգ` մեկ ֆեոդալ ծարգիրը, ամեն ինչ պետք է անեն հուսահատությունը մարդկանց միջից հանելը: Դա այնքան էլ բարդ գործ չէ: Բավական է, որ ընտրողը տեսնի, որ նույն այդ քաղաքական ուժերը ակտիվ աշխատանք են տանում եւ հավատում են իրենց հաջողությանը, իսկ երբ այս կամ այն ընդդիմադիրը կամ կեղծ ընդդիմադիրը հայտարարում է, թե միեւնույնն է վարչական ռեսուրսի դեմ հնարավոր չէ պայքարել կամ եթե մեծամասնական ընտրական համակարգը չվերացվի ժողովուրդը չի կարող հաղթել, ապա ջուր է լցնում Բաղրամյան 26-ի ջրաղացին: Ի դեպ, սա Հայաստանի պատմության մեջ առաջին խորհրդարանական ընտրությունն է, որին Բաղրամյան 26-ն այսքան մեծ ակտիվությամբ է մասնակցում: Այնպես որ, ՀՀԿ ասելիս կամ կարդալիս պետք է հասկանանք Բաղրամյան 26:

Իսկ երբ քաղաքական առողջ ուժերը կարողանան ժողովրդին հիմնավորել, որ ամեն ինչ կորած չէ, եւ որ այս ընտրություններով կսկսվի Հայաստանի նորմալացման եւ զարգացման գործընթացը, ամեն ինչ շատ ավելի հեշտ եւ սահուն կլինի: Իսկ որ այս անգամ վարչախմբի համար ընտրությունները խաղ ու պար չեն լինելու, վկայում է այն մասին, որ իրականությանը տիրապետող ՀՀԿ-ականները ամեն ինչ անում են շտաբները չգլխավորելու համար: Սա արդեն բավական խոսուն ցուցանիշ է:

Իսկ որքան մոտենան ընտրությունները,մ այնքան Բաղրամյան 26-ի համար ավելի ակնհայտ է դառնալու, որ իրենց գործերը, մեղմ ասած, լավ չեն: Անցել է այն ժամանակաշրջանը, երբ ռադիոն եւ հեռուստաընկերությունները վերահսկելով հնարավոր էր մարդկանց ուղեղները լվանալ: Հիմա լրատվական ամբողջ դաշտն այլեւս հնարավոր չէ վերահսկել: հասարակական կարծիքի բոլոր անկախ հարցումներն էլ վկայում են, որ լավագույն դեպքում ՀՀԿ-ն կարող է տասը տոկոսի ակնկալիք ունենալ: Ավելին, անկախ դիտորդների ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ ժողովուրդը տրամադրված է ոչ ասել մեծամասնքական ընտրակարգով առաջադրված այն թեկնածուներին, որոնք կներկայցնեն ՀՀԿ-ն կամ վարչախումբը:

Այսպիսով, խորհրդարանական ընտրություններով նոր Հայաստանի կառուցումը բավական իրատեսական է թվում, մնում է, որ քաղաքական առողջ ուժերն ավելի ակտիվ լինեն եւ ավելի պարզ եւ հասկանալի լեզվով խոսեն ընտրողների հետ:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը