Լրահոս

03.02.2012 00:08


Հայաստանը մասնակցեց Շվեյցարիայում կայացած Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությանը

Հունվարի 31-ից մինչև փետրվարի 2-ը Ժնևի լճի ափին գտնվող գեղատեսիլ Ռոլ քաղաքում (Շվեյցարիա) տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) խորհրդակցությունը, որին մասնակցեցին ԵԱԸ ղեկավարությունը, եվրոպական երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները և եվրոպական գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նման խորհրդակցություն տեղի էր ունեցել նաև 2008-ին Հոլանդիայի Լեյդեն քաղաքում, և այս հանդիպման նպատակն էր ամփոփել վերջին չորս տարիների արդյունքները և քննարկել հետագա անելիքները: Մասնակիցների թվում էին ճանաչված աստղագետներ` ԵԱԸ նախագահ Թիերի Կուրվուազիեն (Շվեյցարիա), փոխնախագահներ Յան Պալուշը (Չեխիա) և Մերի Կոնտիզասը (Հունաստան), քարտուղար Էլիաս Բրինքսը (Մեծ Բրիտանիա), ԵԱԸ Խորհրդի այլ անդամներ, Եվրասիական աստղագիտական ընկերության համանախագահ Նիկոլայ Սամուսը (Ռուսաստան), Եվրոպական ԱՍՏՐՈՆԵՏ նախագծի խորհրդի նախագահ Ռոնալդ Ստարկը (Նիդերլանդներ) և համակարգող Ժան-Մարի Համեուրին (Ֆրանսիա), Եվրոպական ֆիզիկական ընկերության (ԵՖԸ) ներկայացուցիչ Ջոն Դադլին (Ֆրանսիա) և այլոք` ընդամենը 21 երկրի 35 գիտնական: Հայաստանից խորհրդակցությանը մասնակցեց և զեկուցումով հանդես եկավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը (ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան). նրա զեկուցումը նվիրված էր ՀԱԸ գործունեությանը 2008-2011 թվերին: Տարբեր երկրներում աստղագիտության ներկայիս վիճակի վերաբերյալ զեկուցումներ ներկայացրեցին նաև Ավստրիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի և Ֆրանսիայի աստղագիտական ընկերությունների նախագահները: Ներկայացվեց և քննարկվեց ԵԱԸ նախագահի կողմից առաջարկված եվրոպական աստղագիտության զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ընդգրկում է գիտական համագործակցության ընդլայնումը, հետագա տարեկան համաժողովների կազմակերպումը և այլն: Մասնավորապես, որոշվեց սկսած 2014-ից ԵԱԸ տարեկան համաժողովների բյուջեն 4000-5000 եվրոյից ավելացնել մինչև 100000 եվրո և նրանցում մասնակցությունը 400-500-ից հասցնել մինչև 1500-2000 գիտնականի: Քննարկվեց նաև ԵԱԸ հնարավոր համագործակցությունը ԱՍՏՐՈՆԵՏ նախագծի, ԵՖԸ, Եվրոպական միացյալ (հարավային) աստղադիտարանի և Եվրոպական տիեզերական գործակալության հետ: Ներկայումս ԵԱԸ կազմում պաշտոնապես ընդգրկված են 24 երկրների աստղագիտական ընկերություններ, սակայն անդամների թվում են աստղագետներ եվրոպական բոլոր և մի շարք այլ երկրներից: ՀԱԸ ԵԱԸ-ին անդամագրվել է 2001-ին, ներկայումս նրա կազմում ունի 18 աստղագետ, 2007-ին Երևանում կազմակերպել է ԵԱԸ տարեկան համաժողովը, որն երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր գիտական միջոցառումն էր:

Հայկական աստղագիտական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը