Լրահոս

04.02.2012 11:29


Այսօր Մոսկվայում միանգամից 4 զանգվածային հանրահավաք ու երթ կանցկացվի

Այսօր Մոսկվայում միանգամից 4 զանգվածային հանրահավաք ու երթ կանցկացվի

Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կանցկացվի միանգամից 4 հանրահավաք ու երթ։ Սա աննախադեպ է Ռուսաստանի պատմության վերջին 20 տարիների համար, քանի որ հանրահավաքների մասնակիցների քանակը կարող է հասնել մինչև 50 հազ մարդու, և դրանք արտոնված են իշխանությունների կողմից։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Հետաքրքրական է, որ ակցիաների կազմակերպիչները միայն ընդդիմությունից չեն. կա նաև ընդդիմության դեմ հանդես եկող հանրահավաք։

Առաջին երթ և հանրահավաք՝ «Հանուն ազատ ընտրությունների», Մեծ Յակիմանկա և Բոլոտնայա հրապարակ, ժամը 12։00-15։00։ Մասնակիցների թիվը կարող է հասնել 50 հազարի։ Կազմակերպիչ՝ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ («Յաբլոկո» կուսակցություն, ազգայնականներ և այլն)։

Երկրորդ հանրահավաք՝ «Կորցնելու բան ունենք», Պոկլոննայա գորա, ժամը 13։00-14։00։ Մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 15 հազարի։ Կազմակերպիչները հանդես են գալիս ընդդիմության չափից ավելի ակտիվության դեմ ու Պետդումայի ընտրությունների վերաբերյալ ընդդիմության բողոքները որակում որպես «սադրիչ»։

Երրորդ հանրահավաք՝ «Հանուն արդար ընտրությունների ու ժողովրդավարության». Սախարովի անվան պրոսպեկտ, ժամը 14։00-16։00։ Կազմակերպիչներ՝ գործարար Կոնստանտին Բորովոյ և հասարակական գործիչ Վալերիա Նովոդվորսկայա։ Մասնակիցների թիվը, ըստ կազմակերպիչների, մինչև 30 հազարի կարող է հասնել։ Հանրահավաքի կարգախոսներից է՝ «Մենք Պուտինի դեմ ենք»։

Չորրորդ հանրահավաք՝ «Հանուն մաքուր և արդար ժողովրդավարության»։ Պուշկինի հրապարակ, ժամը 12։00-13։00։  Մասնակիցների թիվը՝ մինչև 1,5 հազար մարդ։ Կազմակերպիչ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցությունը)։

Մոսկվայի քաղաքապետարանը պնդում է, որ ձեռնարկել է անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցները։ Ժամանակավորապես կխաթարվի տրանսպորտի երթևեկությունը քաղաքի կենտրոնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանրահավաքներ անցկացվեցին դեկտեմբերի 10-ին և 24-ին։ Այն ժամանակ ակցիան կազմակերպած ընդդիմությունը հայտարարել էր, որ հավաքվել է մոտ 40 հազ մարդ, սակայն պաշտոնապես նշվում էր 25 հազ–ի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը