Կարծիք

08.02.2012 11:53


Լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության, Սերժի Վովայի և ոստիկանի տեսակի մասին

Լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության, Սերժի Վովայի և ոստիկանի տեսակի մասին

Երբ լրատվամիջոցները հայտնեցին, որ ձերբակալվել է Հայկ Գևորգյանը, ես չզարմացա: Չզարմացա ոչ թե այն պատճառով, որ վաղուց էի սպասում, թե Հայկին կձերբակալեն, քանի որ նա ամեն օր հանցագործություններ էր կատարում, այլ պարզապես նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու նրան այդ պաշտոնում նշանակողները վաղուց արդեն չեն զարմացնում իրենց տարօրինակ և անհեթեթ գործողություններով:

Ոմանց համար Հայկ Գևորգյանի ձերբակալումն իսկական անակնկալ էր: Շատերն ասում են, թե ինչպես կարելի էր ձերբակալել Հայկի նման բարի և ազնիվ քաղաքացուն: Ես Հայկի հետ մտերիմ չեմ, բայց հավատում եմ, որ նա բարի և ազնիվ է։ Սակայն մի՞թե կարելի էր օրենքի կոպիտ խախտումով և ծիծաղելի հիմնավորումներով ձերբակալել, օրինակ, ոչ այնքան բարի և ոչ այնքան ազնիվ ցանկացած մեկ այլ մարդու: Կարծում եմ, որ հասարակության ակտիվ շերտի սխալներից մեկն էլ այն է, որ ակտիվանում և աղմուկ-աղաղակ է բարձրացնում, երբ ձերբակալվում է լայն շրջանակներին հայտնի ինչ–որ մարդ: Մենք մոռանում ենք, որ գրեթե յուրաքանչյուր օր ոստիկանների կամայականության զոհ են դառնում այլ քաղաքացիներ, որոնք լրագրող կամ մարդու իրավունքների պաշտպան չեն: Բայց հիմա չծանրանանք այս հարցի վրա, այլ կենտրոնանանք Հայկ Գևորգյանի ձերբակալության վրա: Շատերին է հետաքրքրում, թե ինչու հենց Հայկը: Հավատացեք, եթե գտնվի հարմար առիթ, ապա կձերբակալվեն նաև այն լրագրողները կամ քաղաքական գործիչները, որոնք հանդգնել են ոչ առանց հիմքի այս կամ այն կերպ ցույց տալ Վլադիմիր Գասպարյանի իրական դեմքը:

Երբ ցանկացած պաշտոնյայի երկրի ղեկավարությունը գրեթե անսահմանափակ լիազորություններ է տալիս, երբ այդ մարդն էլ էքսցենտրիկ է, ապա նա կարող է նաև այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք չէին մտնում վարչախմբի ղեկավարության ծրագրերի մեջ: Վովա Գասպարյանը հասկացավ, որ ինքը լայն լիազորություններ ունի, հասկացավ, որ վերարտադրության հարցում Սերժ Սարգսյանն ու նրա նեղ թիմն իր հետ հսկայական հույսեր են կապում: Իսկ ոստիկանապետի նմանները նման իրավիճակում սկսում են անակնկալի բերել նաև իրենց շեֆերին: Կարելի է պատկերացնել Սերժ Սարգսյանի դեմքի արտահայտությունը, երբ նա, ասենք, Թաթա Սիմոնյանի երգերը հաղորդող FM ռադիոկայաններից մեկով, երգերի ընդմիջումներից մեկի արանքում, լսում է, որ ձերբակալվել է Հայկ Գևորգյանը:

Երբ Վովա Գասպարյանը ձախողված արշավանքներ էր իրականացնում Արարատի մարզում, հետո նաև Կոտայքում, իսկ դրանից առաջ էլ ինչ–որ գործողության շրջանակներում ԲՀԿ-ական թմրամոլներ էր հայտնաբերում, ոմանք քթի տակ ծիծաղում էին և նույնիսկ գովում Վովային։ Նրանք չէին մտածում, որ այդ նույն գործողության զոհը կարող են և իրենք լինել կամ իրենց գործընկերը, քանի որ այն իրավիճակում, երբ վարչախումբը սկսում է փլուզվել և իր վերջին շաբաթներն է ապրում, կարող են լինել և իրենց տրված լիազորություններից գլուխները կորցրած ոստիկանապետներ, որոնք կդիմեն ամենաանհեթեթ գործողության:

Եթե Հայկը ազատ չարձակվեր, ապա կարելի էր նույնիսկ կասկածել, որ Վլադիմիր Գասպարյանը կատարել է վարչախմբի պատվերը, բայց հիմա արդեն իսկ վստահաբար կարելի է ասել, որ լրագրողը դարձել է Վովա Գասպարյանի ինքնագործունեության զոհը: Այնպես որ, Հայկ Գևորգյանը ձերբակալվեց, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն չի վերահսկում իրավիճակը, իսկ ոստիկանապետի պաշտոնում հայտնվել է մի մարդ, որն ամբողջովին կտրված է իրականությունից, և իրեն թվում է, թե կարող է պատժել ցանկացած մարդու: Ամենայն հավանականությամբ, նրան թվում է, թե մի ամբողջ ժողովուրդ այնքան պարապ է և անողնաշար, որ հանդուրժելու է իր պատժիչ արշավանքները:

Սերժ Սարգսյանը եթե տիրապետեր իրավիճակին, ապա Հայկի ձերբակալության լուրն իմանալուց հետո պետք է անմիջապես պաշտոնանկ աներ ոստիկանապետին: Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ չի արվել: Մենք չենք էլ զարմանում, որ նա դեռ զբաղեցնում է ոստիկանապետի պաշտոնը: Եթե Սյունիքի մարզպետը խուլիգանական արարքից հետո պահպանեց պաշտոնը, ապա Հայկի ձերբակալությունից հետո Գասպարյանի պաշտոնանկության մասին կարելի է և չմտածել: Այս ամենը հերթական անգամ վկայում է, թե ինչ բարոյահոգեբանական վիճակի մեջ է գտնվում իր վերջին շաբաթներն ապրող վարչախումբը:

Հայկ Գևորգյանի ձերբակալությունից հետո հիշեցի, թե ինչպես էր Վլադիմիր Գասպարյանը ոստիկանական զորքերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ասում՝ հասարակությունը պետք է վստահի և սիրի իրավապահին, և որ փոխադարձ վստահությունը շատ կարևոր է: Հիմա կարելի է պատկերացնել, թե Հայկ Գևորգյանը, նրա ընտանիքի անդամները, ընկերներն և ընդհանրապես հասարակությունը ինչպես են սկսել վստահել իրավապահներին:

Պատկերացնու՞մ եք, թե, օրինակ,  ՀԺ–ի լրագրողն ինչքան է վստահում Վովային։ Ասում են՝ անգամ Հայկն իր գլխավերևում փակցրել է Վովա Գասպարյանի մեծադիր լուսանկարը, իսկ համակարգչի, այսպես կոչված, դեսքթոփին էլ Գասպարյանի ժպտացող լուսանկարն է: Սերը, փոխադարձ վստահությունը հենց այսպես պետք է լինեն:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ով ասել էր, թե ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի, ապա կարծում ենք, որ շատ շուտով հանրությանը կտեղեկացնի, թե այդ որ տիպը նկատի ուներ: Մենք համառորեն չենք ցանկանում կարծել, թե Սարգսյանը նկատի ուներ այն տիպը, որը ոստիկանական գործերը թողած՝ զբաղվում է անձնական վրեժ լուծելով կամ կուսակցությունների դեմ ամոթալի գործողություններ է իրականացնում, իսկ հետո հպարտանում իր արարքներով:

Վարդան Մխիթարյան   

Այս խորագրի վերջին նյութերը