Լրահոս

13.05.2009 16:05


ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» կհամագործակցեն

ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» կհամագործակցեն

«Ազդակ» ակումբում խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի ավագանու ընտրությունների շեմին կրքերի պոռթկում է, լարվածություն է նկատվում։ Դա այլ հասարակությունների համար բնական է, սակայն մեր հասարակության մեջ հանգեցնում է «ծնոտ կոտրելուն, ծեծ ու ջարդին և նույնիսկ սպանությունների, ինչն անթույլատրելի է»։

Ինչ վերաբերվում է կոալիցիայից Դաշնակցության դուրս գալուն և որպես ընդդիմություն հանդես գալուն, Վահան Հովհաննիսյանն ասել է, որ շատերը չէին հավատում, թե դաշնակցությունը երբևէ կոալիցիայից դուրս կգա.

-Երբ դուրս եկանք, սկսեցին ասել, թե իշխանությունն է մեզ ուղարկել ընդդիմադիր դաշտ, և անդամներից շատերը շուտով կփախչեն կուսակցության շարքերից։ Ոչ ոք չփախավ։ Մեկ-մեկ էլ թող հասարակությունը զարմանա և հասկանա, որ կան բաներ, որոնք պաշտոններից ավելի թանկ են։ Դրանք մեր քաղաքական գաղափարներն ու մեր կուրսն են, դրանց դավաճանել չի կարելի։

Նա նաև նշել է, որ այժմ ՀՅԴ-ն աշխատում է իշխանության վրա ազդելու ամբողջովին նոր մեխանիզմներ և մոդել ստեղծելու վրա։ Չնայած նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ իրենք  կոշտ ընդդիմություն են եղել, ժամանակը բոլորովին այլ էր, և այժմ պետք է աշխատել նոր մոդելով։

Նա չի հերքել նաև, որ Դաշնակցությունը «Ժառանգություն» կուսակցությանն առաջարկել է համագործակցել և «նոր օրինագծերի, նոր քաղաքական ուղղությունների, լսումների, օրինագծերում բարեփոխումներ կատարելու հետ կապված առաջարկությունների վերաբերյալ նախնական կոնսուլտացիաներ ունենալ»։

-Ես՝ որպես խմբակցության ղեկավար, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին առաջարկել եմ, որպես երկու ընդդիմադիր խմբակցություններ, համագործակցել այս հարցերի շուրջ, սակայն խոսքը կոալիցիա կազմելու մասին չէ։ Իմ առաջարկն ընդունվել է, և դա շատ բնական է,- ասել է Վահան Հովհաննիսյանը։

Ընտրությունների օրինականությունն ապահովելու հարցում ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել այդ հարցում շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը