Հարցազրույց

18.02.2012 15:04


Վիկտոր Սողոմոնյան

Վիկտոր Սողոմոնյան

Հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ

- 24 տարեկանում դարձել եք ԱԺ աշխատակազմի ղեկավար, 26-ում արդեն նշանակվել եք նախագահի մամլո քարտուղար, 33-ում էլ, ասում են, պատգամավոր եք ցանկանում դառնալ: Դժվար չէ՞ր այդքան երիտասարդ տարիքում մտնել քաղաքականության մեջ:

- Իրականում քաղաքականության մեջ ավելի շուտ եմ հայտնվել, օրինաչափ եւ պատահաբար` միեւնույն ժամանակ: Օրինաչափ այն տեսանկյունից, որ ե՛ւ հայրս, ե՛ւ պապս քաղաքականությամբ են զբաղվել, ցեղական է (ծիծաղում է): Հիմա ասեմ, թե ինչու, միաժամանակ, պատահական: 1999-ին, երբ «Մշակույթ» հեռուստաընկերությունը դարձավ «Պրոմեթեւս», ես հաղորդում վարելու առաջարկություն ստացա: Առաջին եթերը պետք է լիներ նոյեմբերի 1-ին, եւ ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում Հրաչ Քեշիշյանի ու մյուս գործընկերներիս հետ պատրաստում էինք «Վաղ առավոտյան» եւ «Ուշ երեկոյան» ժամանցային հաղորդաշարերը: Բայց հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, բնականաբար, անհեթեթ էր դառնում նման ժամանցային-զվարճալի հաղորդմամբ եթեր մտնելը: Որոշեցինք ձեւաչափն ինչ-որ կերպ փոխել եւ տաղավար հրավիրել նաեւ քաղաքական գործիչների:

- Փաստորեն, հենց այդ ժամանակ էլ դեմ առ դեմ առաջին անգամ շփվեցիք քաղաքականության եւ քաղաքական գործիչների հետ:

- Այնպես չէ, որ առհասարակ չէի շփվել, տանը շատ էի շփվել հորս ընկերների հետ, որոնք հայտնի քաղաքական դեմքեր էին (շատերն այժմ էլ են). չէի եղել կիրառական քաղաքականության մեջ, այն էլ` հրապարակային: Հաղորդաշարը տեւեց ընդամենը երեք ամիս, բայց այդ երեք ամսից հետո այնպես ստացվեց, որ բոլորն ինձ արդեն ընկալում էին որպես քաղաքական ծրագրի հաղորդավար:

- Եվ ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը:

- Գիտեք, մի զգացում ապրեցի, որը, վստահ եմ, ապրում են գրեթե բոլոր լրագրողները, բայց հաճախ անգամ իրենք իրենց խոստովանելու համարձակություն չեն ունենում. լրագրողին երբեմն թվում է, թե ամեն ինչ գիտի քաղաքականության մասին, թվում է, թե քաղաքական գործիչներն անգամ շատ բան չեն հասկանում, թերի են, դու էլ կարող ես վերեւից իրենց հետ խոսել, կամ դիմացդ տարիքով, ճանապարհ անցած քաղաքական գործիչ է նստած, եւ քեզ արդեն թվում է, որ դուք արդեն իսկ իրար հավասար եք: Շատ մեծ գայթակղություն է դա...

- Ինչ անկեղծ խոստովանություն...

- Այս անկեղծությունը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր այս զգացումն ապրել են, բայց չեն տարբերակել եւ մինչ օրս նույն կերպ են իրենց պահում` քաղաքական գործչին վերեւից են նայում, մտածում են, թե կարելի է նրան հեգնել, հարցազրույցին չպատրաստվել, թվում է` լրագրող են, իրենց ամեն ինչ կարելի է, իսկ պատասխանատուն քաղաքական գործիչն է: Անկեղծանում եմ հօգուտ նրանց, ովքեր խոստովանության այդ շեմը չեն կարողանում անցնել:

- Եվ ինչպե՞ս դարձի եկաք:

- Երբ ինքս դարձա պաշտոնյա: Դժվար էր խոստովանել, որ մինչ այդ, չնայած ընդունված ու քո պատկերացմամբ լավ լրագրող ես եղել, բայց պետք է կտրուկ վերանայես մոտեցումդ պետական եւ քաղաքական գործիչների, քաղաքականության նկատմամբ ընդհանրապես: Նրանց աշխատանքն այն չէ, ինչ երեւում է լրագրողական դիտակետից: Գիտեք, ոչ թե դարձի գալ էր ինձ համար, այլ դիտակետի եւ մոտեցումների փոփոխություն:

- Իսկ ինչպե՞ս նշանակվեցիք ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար:

- Որպես լրագրող եւ քարոզչության մասնագետ` ՕԵԿ-ին օգնել էի նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ Արթուր Բաղդասարյանը, որն ընտրվեց ԱԺ նախագահ, ինձ առաջարկեց այդ պաշտոնը: Աշխատեցի մոտ 8 ամիս, հետո սեփական դիմումիս համաձայն հեռացա:

- Ինչո՞ւ:

- Շատ ընդհանուր ասեմ` աշխարհայացքների տարբերության պատճառով:

- ՕԵԿ-ական չդարձա՞ք:

- Ոչ, ես մինչ օրս որեւէ կուսակցության անդամ չեմ եղել:

- Եվ արդեն երկու տարի անց, պայմանականորեն ասած, եկավ Ձեր կյանքի հաջորդ փուլը` դարձաք նախագահի մամլո քարտուղար: Ինչպե՞ս եղավ նշանակումը:

- Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ծանոթանալու պատիվն ունեցել եմ դեռ 2001թվականին, երբ «Լրաբերի» լրագրող էի: Շփվել էի նրա հետ, մի քանի անգամ հարցազրույց արել, ուղեկցել նրան արտասահմանյան այցելությունների ժամանակ: Ծանոթությունից 4 տարի անց` մի գեղեցիկ օր, հրավիրվեցի երկրի ղեկավարի մոտ եւ կարճատեւ զրույցից հետո նշանակվեցի նախագահի մամլո քարտուղար: Այն ժամանակ ես ընդամենը շարքային գիտնական էի եւ շարքային երիտասարդ գործազուրկ ու, անկեղծ ասած, շատ էի շոյվել այդ հրավերից: Նախագահ Քոչարյանի աշխատակազմում շատ երիտասարդներ կային, եւ բոլորը լավագույն մասնագետներ էին իրենց ոլորտում, եւ երբ առաջարկությունը ստացա, հասկացա, որ ինձ էլ է այդպես ընկալում: Հատկապես, որ գիտեի, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ կադրային միջամտություն անել հնարավոր չէ, ծանոթով կամ բարեկամ լինելով աշխատանքի ընդունվել հնարավոր չէ:

- Ի՞նչն էր ամենադժվարը Ձեզ համար այս նոր պաշտոնում, ինչի՞ հետ էր դժվար համակերպվել:

- Դժվարությամբ համակերպվեցի այդ պաշտոնը զբաղեցնողի հսկայական պատասխանատվության աստիճանի հետ. ի վերջո, իրավունք ես ձեռք բերում հայտարարություններով հանդես գալ ամբողջ երկրի անունից, քաղաքականության բոլոր հարցերով: Հիշում եմ, երբ նոր էի նշանակվել, մի հայտարարության տեքստ էինք քննարկում նախագահի հետ, ամփոփիչ նախադասության մեջ գրել էի «մենք պատրաստ ենք» արտահայտությունը։ Նախագահը նայեց, ասաց` նորմալ տեքստ է, միայն «մենք»-ը փոխարինենք «Հայաստանի Հանրապետություն»-ով: Կարծում եմ` կարող եք պատկերացնել, խոսում ես Հայաստանի Հանրապետության անունից: Ի դեպ, այդ պատասխանատվության զգացումն այդպես էլ երբեք սովորական չդարձավ:

- Իսկ ինչպե՞ս էր հենց Քոչարյանի հետ աշխատելը:

- Նախագահ Քոչարյանի հետ աշխատելը ե՛ւ շատ դժվար էր, ե՛ւ շատ հեշտ: Ի դեպ, մինչ օրս էլ այդպես է: Դժվարությունն այն էր, որ աշխատանքի մեջ ընդունում է միայն ամբողջական տեղեկատվություն, կատարյալ կոմպետենտություն, ճշմարտություն եւ ճշգրտություն: Իրեն ինչ-որ բան զեկուցելու համար պետք է բավական ժամանակ ծախսես պատրաստվելու համար: Իսկ հեշտ էր աշխատանքային մթնոլորտի առումով: Երբեք ոչ մի անակնկալ, առավել եւս` տհաճ, չէր անի: Չեմ հիշում գեթ մի դեպք, որ ձայն բարձրացնի, փորձի թեկուզ կիսավիրավորական բան ասել կամ անտեղի կատակել, երբեք չի եղել, որ ասի` գիտես, տրամադրություն չունեմ, գործերից չխոսենք, եւ այլն: Կարծում եմ` պատկերացրեցիք:

- Ի՞նչ նորամուծություն մտցրիք մամլո խոսնակի ինստիտուտում:

- Տեղեկատվության հավաքման եւ տարածման նոր մի մեթոդ եմ մշակել, որը հետո շարադրել եմ նաեւ իմ «Նախագահի խոսնակը» գրքում: Գիրքը հրատարակել եմ Մոսկվայում` իմ գործընկերոջ` Վ. Պուտինի մամլո քարուղար Ալեքսեյ Գրոմովի հետ: Գիտեք, լրագրողը միշտ պետք է զգա, որ, ի դեմս մամուլի քարտուղար, իր «մարդն» ունի նախագահի աշխատակազմում, նախագահն էլ պետք է միշտ իմանա, որ ներկայացուցիչ ունի լրագրողական աշխարհում: Կարճ ասած` մամուլի քարտուղարը երկկողմանի երթեւեկության կամրջի կարգավիճակ ունի: Այդ ինստիտուտը մեզ մոտ դեռ վերջնականապես չի կայացել, օրինակ` ես չեմ կարողանում պատկերացնել, որ մամլո քարտուղարը կարող է ասուլիս չտալ:

- Արդեն այսօր ԱԺ-ում լրագրողների հայտնվելու մեծ միտում է նկատվում, ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

- Վատ չեմ վերաբերվում, ի վերջո, քաղաքականությանն ավելի մոտ կանգնած այլ մասնագետ, քան լրագրողը քիչ կա: Մոտ են կանգնած, գուցե ավելի շատ բան գիտեն քաղաքական խնդիրների մասին, ճանաչում են բոլորին եւ ունեն իրենց սեփական տեսակետն ու մոտեցումները: Ուզում եմ հաջողություն մաղթել իմ բոլոր գործընկերներին, ովքեր գնում են խորհրդարան:

- Դուք չե՞ք գնալու:

- Ոչ, ես պատգամավոր դառնալ չեմ պատրաստվում: Ոչ թե նրա համար, թե դա լավ է կամ վատ, այլ պարզապես իմ ծրագրերի մեջ դա չի մտնում: Հիմա ինձ չեմ պատկերացնում խորհրդարանում: Ես ինձ շատ լավ եմ զգում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում: Եթե լուրջ թերացումներ չունենամ, եւ նախագահ Քոչարյանն այլ որոշում չընդունի, հաճույքով կշարունակեմ աշխատել: Քաղաքական այլ պլաններ չունեմ, գիտության հետ կապված ծրագրեր ունեմ. պատրաստվում եմ դոկտորական ատենախոսություն պաշտպանել ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտում, շարունակել դասավանդել Երեւանում եւ Մոսկվայում:

- Պարո՛ն Սողոմոնյան, ինչո՞վ եք զբաղվում այսօր:

- Հիմա, բնականաբար անհամեմատ թեթեւ է աշխատանքային օրակարգս: Այնքան ազատ ժամանակ եմ ունեցել, որ անգամ հասցրել եմ երկու գիրք գրել. մեկն արդեն ասացի` «Նախագահի խոսնակը», եւ երկրորդ գիրքը լինելու է իմ դոկտորական ատենախոսությունը` «Իշխանության հրապարակայնությունը» վերտառությամբ: Թեմայի ընտրությունը պայմանավորված էր իմ` տարիների կուտակած փորձով, եւ ոչ միայն որպես մամլո քարտուղար:

- Անդրադառնանք քաղաքական վերջին զարգացումներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Վարդան Օսկանյանի` մեծ քաղաքականություն վերադառնալը, ԲՀԿ-ին անդամակցելը, որը շատերը կապում են Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ:

- Երբ այս հարցը չեմ ցանկանում մեկնաբանել (հիմա էլ, ձեր թույլտվությամբ, չեմ մեկնաբանի), պատճառաբանում են, թե պարտավոր եմ մեկնաբանել թեկուզ միայն այն պատճառով, որ 10 տարի Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարարն է եղել: Այսօր գործող շատ քաղաքական դեմքեր 10 տարի աշխատել են Քոչարյանի թիմում, բայց ես նրանցից որեւէ մեկի քաղաքական շարժի եւ գործունեության մասին մեկնաբանություններով հանդես չեմ գալիս: Դեռ ասելու ոչինչ չունեմ, հարկ լինի` անպայման կխոսեմ:

- Իսկ նախագահ Քոչարյանի վերադարձի հավանականության մասին ի՞նչ կասեք:

- Նա արդեն հայտարարել է իր վերադարձի երեք նախապայմանների մասին: Այստեղ, կարծում եմ, ամեն բան պարզ է:

yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը