Հարցազրույց

22.02.2012 18:10


Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյան

Հարցազրույց 041 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանի հետ

–Դուք ՀՀԿ–ին անդամակցելու դիմում եք ներկայացրել։ Ինչո՞ւ հենց ՀՀԿ–ին։

–Հաշվի եմ առել, որ իմ սկզբունքներին և գաղափարներին ավելի մոտ ՀՀԿ–ն է, դրա համար էլ դիմել եմ այդ կուսակցությանն անդամակցելու համար։

–Առաջիկա խորհրդարանում կրկի՞ն մեծամասնական ընտրակարգով եք առաջադրվելու, թե՞ արդեն կընդգրկվեք ՀՀԿ–ի համամասնական ցուցակ։

–Իմ մտադրության մեջ ոչինչ չի փոխվել։ Ես առաջադրվելու եմ թիվ 041 ընտրատարածքում՝ մեծամասնականով։

–ՀՀԿ–ին անդամակցելը Ձեզ որևէ կերպ կօգնի՞ ընտրվելու հարցում։ Գուցե հենց դրա՞ համար եք որոշել ՀՀԿ–ական դառնալ։

Ճիշտն ասած՝ ՀՀԿ–ին անդամակցելն ինձ կօգնի, թե չի օգնի, ընտրությունը ցույց կտա, բայց ես ընտրվելու որևէ խնդիր չեմ ունեցել, որովհետև 5 տարի իմ ընտրողների ամենօրյա շփումների մեջ եմ եղել, և, իմ կարծիքով, ընտրողներն իմ կատարած աշխատանքը կգնահատեն։ Իրենք և՛ անկուսակցական ժամանակ են գնահատել, և՛ հիմա՝ որպես արդեն ՀՀԿ–ի անդամ։

–Այդ դեպքում կուսակցություն մտնելու անհրաժեշտությունը ո՞րն էր։

–Քանի որ իմ ընտրատարածքը հիմնականում սահմանամերձ գոտի է, այնտեղ խնդիրներ շատ կան՝ և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանությունների հետ լուծելիք խնդիրներ։ Որպեսզի ես ամբողջությամբ կարողանամ օգտակար լինել իմ ընտրատարածքի ընտրողներին, դրա համար էլ որոշեցի անդամակցել այդ մեծ կուսակցությանը։ Բնականաբար, գիտեք, որ իշխանության մեջ կան նաև կոալիցիոն ընկերներ, բայց ես նախընտրեցի մեծին, որպեսզի կարողանամ իմ տարածաշրջանը վերհանել և ինչ–որ չափով կոալիցիոն լուծումներ ստանալ։

–Բայց գուցե առաջիկա ընտրություններից հետո այդ մեծը դառնա փոքր, և մեկ ուրիշը դառնա մեծ։ Ինչո՞վ եք համոզված, որ այսօրվա մեծը կմնա նույն կերպ մեծ։

–Մինչև որոշում կայացնելը ես շատ եմ ծանրութեթև արել, շփվել եմ իմ ընտրողների հետ և նոյեմբեր ամսից ուսումնասիրությունների մեջ եմ, հանդիպումների ժամանակ մարդկանց հարցուփորձ էի անում, և համոզված եմ, որ ՀՀԿ–ն թվաքանակով ամենաշատ տեղն է ունենալու։

–Ասում եք՝ նոյեմբերից ուսումնասիրում եք, բայց հունվարի 12–ին մենք զրուցել ենք, և կարծես թե որևէ կուսակցության անդամագրվելու մտադրություն չունեիք։ Պնդում էիք, որ ընկերական կուսակցության անդամ եք։ Ի՞նչ փոխվեց ընդամենը այս մոտ մեկ ամսվա ընթացքում։

–Ես այդ ընկերական կուսակցության մեջ շարունակում եմ մնալ, բայց քաղաքական իրավիճակն այնքան արագ փոխվեց, որ ես ստիպված էի արագ որոշում կայացնել։

–Օրինա՞կ։ Ի՞նչ իրավիճակ է փոխվել։

–Դե, հիմա կոալիցիոն ուժերը միմյանց հետ բանակցում են, չեն համաձայնվում կամ համաձայնվում են։ Մի խոսքով, դուք ինձանից լավ գիտեք՝ ինչ փոփոխություններ են լինում, և այդ փոփոխությունները շարունակվում են։ Մինչև ընտրության օրն էլ շատ բաներ կարող են փոխվել։

–Մեր կայքին տված բազմաթիվ հարցազրույցներում Դուք շատ անգամ անհամաձայնություն եք հայտնել կառավարության որոշ օրինագծերի ու քայլերի նկատմամբ։ Օրինակ՝ դեմ եք քվեարկել «Ակցիզային հարկի մասին» օրինագին՝ պնդելով, որ այն վատ կանդրադառնա տեղական արտադրողի վրա, որ արտոնյալ մարդիկ չպետք է լինեն, որ խոշոր բիզնեսին և՛ ներքևից են խփում, և՛ վերևից, ինչ լինում է՝ տեղական արտադրողի գլխին են անում և այլն։ Այսքանից հետո ինչպե՞ս անդամագրվեցիք ՀՀԿ–ին։

Այո՛, այո՛։ Իմ աշխատաոճը ինչպես որ եղել է, այդտեղ որևէ բան չի փոխվելու։ Այսինքն, սևին սև՛ եմ ասելու, սպիտակին՝ սպիտա՛կ՝ անկախ այն բանից՝ ով կնեղանա, ով չի նեղանա։ Ես՝ որպես սկզբունքային անձնավորություն, եղե՛լ եմ, կա՛մ ու մնալո՛ւ եմ։

–Կարծում եք, որ այդ ինքնուրույնությունը կունենա՞ք ՀՀԿ–ում։

–Կաշխատեմ իմ դիրքը պահել։

–Բայց չէ՞ որ Ձեր քննադատությանն արժանացած օրինագծերը հենց ՀՀԿ–ի ձևավորած կառավարությունն է ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Ինչպե՞ս եք դեմ արտահայտվելու Ձեր կուսակցության ղեկավարությանը։

–Մինչև օրինագծի՝ ԱԺ նիստ մտնելը, այն քննարկվում է, և ես այդ ժամանակ, իմ փորձից ելնելով, առաջարկություններ կանեմ։ Միգուցե կարողանամ որոշ նախագծեր հենց սկզբից իմ մասնակցությամբ փոխել։

–Դուք նաև դեմ էիք արտահայտվել ՀՀԿ–ի այն որոշմանը, որ խորհրդարանում գործարարներ չպե՛տք է լինեն։

Եթե ես որպես գործարար առաջադրվում եմ, նշանակում է՝ ես չեմ համարում, որ գործարարը չպետք է լինի ԱԺ–ում։ Ես նորից նույն կարծիքին եմ՝ պետք է աշխատո՛ղ մարդ լինի խորհրդարանում, և ես չեմ առանձնացնում՝ նա գործարար է, ուսուցիչ, դասախոս, իրավաբան, թե՞ տնտեսագետ։ Իսկ ո՞վ է ասել, որ գործարարը չի կարող լավ օրենքներ ընդունել։ Չէ՞ որ գործարարը պրակտիկ մարդ է և ավելի նորմալ օրենքներ կարող է ընդունել։

–Հետևաբար, արդարացի ու ազնիվ համարո՞ւմ եք ընտրողների ու նույն գործարարների հանդեպ ՀՀԿ–ի դիրքորոշումը, որ, փաստորեն, արտաքինից իրենք ընտրողներին ներկայանում են, թե տեսե՛ք, մենք գործարարներին, օլիգարխներին մեր ցուցակում չենք ընդգրկում, բայց մեծամասնական ընտրակարգով այդ գործարարներին սատարում են և նաև նրանց միջոցով էլ պետք է ձայներ ստանան։

–Ես չէի ասի, որ միայն նրանց միջոցով պետք է ձայներ ստանան։ Բնականաբար, ցանկացած կուսակցություն ժողովրդի մեջ ունի իր տեղն ու դիրքը՝ մեկը լավ, մեկը՝ վատ, մեկը՝ միջակ։ Եթե տվյալ ընտրատարածքում պատգամավոր է ընտրվում մի կուսակցության ներկայացուցիչ, ուրեմն  համամասնական ցուցակո՞վ էլ պետք է այդ կուսակցությանը ձայն տան։ Ո՛չ։ Ժողովուրդն է որոշում. նա կարող է մեծամասնականով նախընտրել մեկին, իսկ համամասնականով՝ մեկ ուրիշ կուսակցության։ Դա մեկը մյուսի հետ կապ չունեցող բան է։

–Ինչպե՞ս թե կապ չունեցող բան է։ Դուք Ձեր ընտրողներներին կոչ չե՞ք անելու իրենց ձայնը տալ ՀՀԿ–ին։

–Անցած ընտրություններին ինձ ՀՀԿ–ն չի սատարել, բայց բավական մեծ տոկոս եմ հավաքել։ Այս անգամ, բնականաբար, եթե ես այդ կուսակցության անդամ եմ, պետք է կոչ անեմ, անպայման։

–Այսինքն, նշանակում է, որ նպաստելու եք ՀՀԿ–ի ձայների ավելացմանը։

–Բնականաբար, ինձ ձայն տվողների մի մասն էլ իմ հորդորով ձայն կտա ՀՀԿ–ին։ ՀՀԿ–ն ձայներ ունի, ես էլ ավելի կշատացնեմ։

–Ամեն դեպքում, որքանո՞վ եք ազնիվ համարում ՀՀԿ–ի պահվածքը, որ արտաքինից ուրիշ բան են ցույց տալիս, բայց մեծամասնականով սատարում են գործարարներին ու նաև նրանց միջոցով են ձայներ ստանալու։

Բայց ՀՀԿ–ն հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակում գործարար չի լինելու։ Իրենք իրենց խոստումը, համոզված եմ, պահելու են։ Ի՞նչ կապ ունի մեծամասնականով ընտրված պատգամավորը համամասնականի հետ։

–Այնքանով կապ ունի, որ մեծամասնակով սատարում են նույն այդ գործարարներին։ Ո՞րն է այստեղ տրամաբանությունը, որ համամասնականում չե՛ն ընդգրկում, բայց մեծամասնականով սատարում են։ Թող նրանց ընգրկեին իրենց համամասնական ցուցակ։

–Մեծամասնականով յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ առաջադրվե՞լ, թե՞ ոչ։ 41 ընտրատարածքից պատգամավոր պետք է ընտրվի։ Հիմա ի՞նչ եք կարծում՝ կուսակցությունները չաջակցե՞ն այդ պատգամավորներին։ Բա այդ պատգամավորները ո՞ր խմբերի հետ պետք է մտնեն ԱԺ, աշխատեն։

–Կարող են աջակցել, բայց այդ կուսակցություններից միայն Հանրապետականն է հայտարարել, որ գործարարներն իր ցուցակում չեն լինելու։ Այստեղ հակասություն, նույնիսկ, կարելի է ասել, խարդախություն չե՞ք տեսնում։

–Բնականաբար, խարդախություն չեմ տեսնում։ Իրենք ասել են իրենց համամասնական ցուցակի համար, և համոզված եմ, որ իրենց խոստումը կպահեն։ Եթե հանրապետության նախագահը, ով ՀՀԿ–ի ղեկավարն է, հայտարարել է, ուրեմն ցանկացած հայտարարություն պահում է։ Իսկ մեծամասնականով ով ուզում է, թող առաջադրվի, ի՞նչ է եղել։ Հետո խնդրում եմ լրագրողներին գործարարների նկատմամբ մի քիչ լավ վերաբերմունք ցուցաբերել։ Վերջին հաշվով, այս երկիրը պահողը գործարարներն են՝ մենք։ Ե՛վ փող ստեղծողն ենք մենք, և՛ հարկ տվողը, և՛ աշխատատեղ ստեղծողը։

–Բայց հենց Հանրապետականն է գործարարներին վատ նայում՝ այդպիսի հայտարարություն անելով, կարծես թե գործարարները հիվանդ են, բորոտ են, որ իրենց ցուցակում չեն ընդգրկում։ Ճիշտ կանեք՝ այդ կոչով դիմեք Ձեր նոր կուսակից ընկերներին։

–Չեմ կարծում, որ այդպես է։ Շատ հանդիպումներ են եղել գործարարների և հանրապետականների միջև, ու ես վատ վերաբերմունք չեմ տեսել գործարարների նկատմամբ։

–Խնդրում եմ հնարավորինս ազնիվ պատասխանել։ Դուք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին իրո՞ք գործարարներ չեք համարում։

–Ազնիվ խոսք, ես չգիտեմ...ես ինքս երկար տարիներ բիզնեսի մեջ գտնվող մարդ եմ, բայց հիմա եթե դուք ինձ ասեք՝ մի ձեռնարկության կամ բիզնեսի անուն տվեք, որ նրանց սեփականությունն է, ես, հավատացնում եմ ձեզ, նման բան չեմ լսել, չգիտեմ։ Իսկ ասեկոսեներին ես չեմ հավատում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը  

Այս խորագրի վերջին նյութերը