Լրահոս

17.01.2011 10:56


Գյումրիում կառուցվող բնակարանների քանակը կրճատվել է

Դատելով տեղի պատասխանատուների հայտարարություններից, այս տարի ևս, ինչպես եւ նախորդ տարի, կրճատվել է Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար կառուցվող բնակարանների սկզբնապես նախատեսված քանակը: Եթե աղետի գոտու բնակարանաշինության նախորդ փուլով այստեղ անցյալ տարի ծրագրված 1320-ի փոխարեն կառուցվեց և շահագործման հանձնվեց 1056 բնակարան, այսինքն'264 բնակարանով պակաս, ապա այս տարի նախատեսված 1944-ի փոխարեն կշահագործվի 1750 բնակարան կամ 188-ով պակաս: Պատճառաբանությունը երկու դեպքերի համար մոտավորապես նույնն է. նախորդ փուլում նախապես որոշված 1 և 2 սենյականոցների հաշվին շնարարության ընթացքում որոշվեց եւ կառուցվեց 264 հատ 3 սենյականոց, իսկ այժմ 1, 2 և 3 սենյականոց բնակարանների թվի կրճատման հաշվին նախատեսվում է նախագծային փոփոխություններով կառուցել նաեւ 40-ի չափ 4 սենյականոց բնակարան:
Ներկայումս Գյումրու անօթևանների հերթացուցակում կա հաշվառված չորս սենյականոց բնակարանի հավակնորդ 44 ընտանիք: Անշուշտ, առաջին հայացքից մարդասիրական է նման փոփոխությունը: Սակայն առավել տրամաբանական կլիներ, եթե ընթացիկ տարում կառուցվող բնակարանների նախատեսված քանակի կրճատման փոխարեն 4 սենյակի հավակնորդ բազմանդամ ընտանիքներին հատկացվեին երկուական բնակարաններ: Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում նման ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել: Ուստի այս շահառուներն այժմ ստանալիք բնակարանի պատկանելությունը որոշելու բավական լուրջ խնդիրներ ունեն: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի կողմից տրված պազաբանմամբ' Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 5 սենյականոց բնակարանի հավակնորդ' 8 անձից բաղկացած ընտանիքներին ամենայն հավանականությամբ հատկացվելու են երկուական բնակարաններ: Իսկ ինչո՞ւ չի կարելի հարկ եղած դեպքերում նույն կերպ վարվել նաեւ 4 սենյականոցի շահառու ընտանիքների հարցում:
Եվս մեկ դիտարկում: Բոլորիս քաջ հայտնի է, որ 2008 թ. ՀՀ կառավարության ընդունած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն' աղետի գոտու անօթևան ընտանիքների բնակապահովման խնդրի լուծման վերջնաժամկետ հայտարարված է 2013 թվականը: 2009 թվականին Գյումրու անօթևանների հերթացուցակում կար հաշվառված մոտ 4100 ընտանիք, նրանցից 1056-ը բնակարան ստացան 2010 թ.-ին, ևս 1750-ը բնակարանատեր պետք է դառնան ընթացիկ տարում: Սակայն դրանից հետո էլ անօթևանների ցուցակում հաշվառված կմնան մոտ 1300 ընտանիքներ: Ըստ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի' բացառված չէ, որ հաջորդ տարի այդ ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեվեն գումարներ' այսպես կոչված բնակարանային գնման վկայագրեր տրամադրելու համար:
Էլ չենք խոսում Գյումրիում տնակներում և վարձով բնակվող հարյուրավոր այն անօթևան ընտանիքների գոյության մասին, որոնք տարաբնույթ պատճառներով հաշվառված չեն հերթացուցակում և փաստորեն զրկված են անգամ անօթևանի կարգավիճակից, հետևաբար ըստ ՀՀ կառավարության գործող որոշումներով սահմանված կարգի' ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:

Վերջում ավելացնենք, որ 2010 թվականին Շիրակի մարզում քաղաքաշինության ոլորտում իրականացվել է 35 մլրդ 700 մլն դրամի շինաշխատանք: 2011թ-ին արդեն այստեղ իրականացվելու են 38,2 մլրդ դրամի աշխատանքներ: Միայն բնակարանաշինության համար նախատեսված է 27 մլրդ 584 մլն դրամ գումար:
Ի դեպ, թեմային վերաբերող, Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության կողմից նկարահանված տեսանյութ տեղադրված է www.shirakcentre.org վեբ կայքում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը