Լրահոս

01.03.2012 13:46


Արտակարգ դրություն արտակարգ դրության մասին օրենքի քվեարկության ժամանակ. այն մի կերպ ընդունվեց

Արտակարգ դրություն արտակարգ դրության մասին օրենքի քվեարկության ժամանակ. այն մի կերպ ընդունվեց

ՀՀԿ–ի կողմից քսան րոպե ընդմիջումից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում խառնաշփոթ է ստեղծվել։

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք է խնդրել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և լրագրողներին խնդրել շատ ուշադիր լինել ու ֆիքսել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» լրամշակված վիճահարույց օրինագծի քվեարկության ժամանակ պատգմավորները չքվեարկեն ուրիշի փոխարեն։

Այնուհետև «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բաղշյանը դուրս են եկել իրենց տեղերից և կանգնել ՀՀԿ–ի երկու շարքերի գլխավերևում։ Այս հանգամանքը վրդովեցրել է ՀՀԿ–ականներին։ Ս. Նիկոյանը հորդորել է նստել իրենց տեղերում կամ էլ հեգնելով հրավիրել է գալ իր մոտ, որովհետև այնտեղից ավելի լավ կերևար, թե ով ինչպես է քվարեկում։

Սրան հաջորդած իրադարձությունները ներկայացնում ենք ամբողջությամբ։

Վահան Հովհաննիսյան. «Այն, ինչ մենք տեսնում ենք լուսատախտակին, հետաքրքիր պատկեր է։ Այն, ինչ մենք տեսնում ենք դահլիճում, նույնպես հետաքրքիր պատկեր է։ Մեր խնդիրն այն է, որ մենք կարողանանք դրանք համեմատել, որովհետև դրանք չեն համընկնում։ Իսկ պատգամավորին արգելել՝ ինքը դահլիճում որտեղ ուզում է՝ նստի, կանգնի կամ պառկի, ոչ ոք իրավունք չունի»։

Սամվել Նիկոյան. «Ես խորհուրդ չէի տա դահլիճում պառկել»։

Գալուստ Սահակյան. «Նման դեպքերի համար կանոնակարգը լուծում ունի։ Ես խնդրում եմ՝ ընթերցե՛ք կամ տեղեկացրե՛ք, որ քառասունհինգ հոդվածն է կիրառվում։ Էդպես չի, որ պատգամավորն ինչ ուզենա՝ անի»։

Մանվել Բադեյան. «Պատգամավորը որտեղ ուզի, ընդեղ կկանգնի։ Բայց էդ պատգամավորն էլ պիտի մտածի մի քիչ հարգելու մասին։ Իրա վրա չվերցնի բերդի նադզիռածելի ֆունկցիան, ինձ էլ դնի հանցագործի տեղ։ Ես ինձ վիրավորված եմ զգում, խնդրում եմ ինձ չվիրավորել։ Կարող են նայել, համեմատել տաբլոյի հետ, և եթե բողոքելու բան ունեն, թող բողոքեն։ Էս ի՞նչ, իրանք իրանց նշանակել են բերդի պե՞տ։ Բերդի պետերին չե՛մ սիրում»։

Ստյոպա Սաֆարյան. «Ուզում եմ հիշեցնել, պարո՛ն Նիկոյան, որ այս դահլիճում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, այդ թվում և ձեր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, դուք պաշտոնական դիրքորոշում եք հայնտել Հատուկ քննչական ծառայության առաջարկի կապակցությամբ՝ ասելով, որ պատգամավորը, ով մատնացույց է անում ուրիշի փոխարեն քվեարկությունը, նախ պետք է հայտարարի վահանակը պահելու մասին, հետո մատնացույց անի, թե ով ում փոխարեն է քվեարկել։ Հետևաբար, համարեք, որ մեր պատգամավորներն իրականացնում են ձեր որոշումը, և քիչ հետո ձեզ տեղյակ կպահեն, թե ով ում փոխարեն է քվեարկում»։

Սամվել Նիկոյան. «Դավիթ Հարությունյա՛ն՝ վարման կարգի վերաբերյալ։ Եվ ես այլևս դադարեցնում եմ վարման կարգի վերաբերյալ ձայն տալը»։

Դավիթ Հարությունյան. «Ես խնդրում եմ չդադարեցնել վարման կարգով ձայն տալը, որովհետև իսկապես մեր իրավունքն է ներկայացնել մեր դիրքորոշումը վարման կարգի հետ կապված։ Ես մի հարց էի ուզում ուղղել՝ պատգամավորները կարող են դահլիճում ցանկացած տեղում կանգնել, այնուամենայնիվ, տհաճ է զուտ բարոյական առումով, երբ ինչ–որ մեկը փորձում է քեզ վերահսկել, և ես կուզենայի ճշտել՝ արդյոք մենք կարո՞ղ ենք օգտագործել մեր քարտը՝ որևէ այլ տեղ տեղադրելու և ուրիշ տեղում քվեարկելու համար»։

Նաիրա Զոհրաբյան. «Մեր գործընկերներն իրավունք ունեն կանգնելու այնտեղ, որտեղ իրենք կանգնում են, և դա չպիտի խոչընդոտի, որ խորհրդարանը շարունակի իր աշխատանքները։ Կարծում եմ, որ մենք կարող ենք անցնել մեր քվեարկություններին։ Իսկ ԱԺ կանոնակարգը չի՛ արգելում պատգամավորին, եթե նա իրեն վայելուչ է պահում... Գալուստ Սահակյանի հղումը վերաբերում էր այն դեպքերին, երբ պատգամավորն ինչ–որ բան է խախտում։ Կարծում եմ՝ ժամանակն է նրանց կանգնել–չկանգնելու վերաբերյալ դեբատը ընդհատել և անցնել քվեարկություններին»։

Սամվել Նիկոյան. «Հիմնական զեկուցող Գրիգոր Մուրադյանը քվեարկությունից առաջ ցանկանում է ներկայացնել իր տեսակետը պատգամավորների առաջարկի վերաբերյալ»։

Նրան հրավիրում է ամբիոնի մոտ։ Դահլիճը վրդովվում է, աղմուկ է։

Սամվել Նիկոյան. «Հիմնական զեկուցողը կարո՛ղ է քվեարկության դնել այն առաջարկները, որ դուք արել եք»։

Է՛լ ավելի աղմուկ է, պատգամավորները վրդովվում են...

Տիգրան Թորոսյան. «Ես ցավում եմ, բայց պիտի ասեմ, որ արդեն բազմիցս խախտվում է ԱԺ կանոնակարգը։ Խնդրում եմ ուշադիր կարդալ կանոնակարգը, որը պահանջում է քսան րոպե ընդմիջումից հետո որևէ այլ քայլ չանե՛լ, բացի քվեարկությունից։ Ո՛չ վարման կագի վերաբերյալ, ո՛չ հիմնական զեկուցող, ո՛չ հարակից զեկուցող.... որևէ մեկը որևէ իրավունք չունի որևէ բա՛ռ ասելու քսան րոպե ընդմիջումից հետո։ Միայն նիստը վարողը պիտի հայտարարի քվերակություն, և տեղի ունենար քվերակությունը։ Չի՛ կարելի բազմիցս խախտել կանոնակարգը»։

Սամվել Նիկոյան. «Դե, ավանդույթներ կան, պարո՛ն Թորոսյան։ Ես ականջալուր եմ անում, և Դուք ճիշտ եք ասում։ Պարո՛ն Մուրադյան, զբաղեցրե՛ք ձեր տեղը։ Կանոնակարգի համաձայն՝ քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմ ի մասին» օրինագիծը»։

Օրինագիծն ընդունվեց ձայների 67 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։ ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» միտումնավոր չմասնակցեցին քվեարկությանը։ Քվեարկությունից հետո դահլիճը սկսեցին լքել ՀՀԿ–ական պատգամավորները՝ անտեսելով անգամ դահլիճում մնալու Նիկոյանի բազմաթիվ հորդորները։

«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ բարոյականության մասին խոսում են մինչև այդ քվեարկությունները կեղծողները, իսկ դահլիճից հեռանալով՝ նրանք ուղղակի այնպես են անում, որ անհնար դառնա դալիճում ներկա ու քվեարկած պատգամավորների թիվը համեմատելը։

Նշենք, որ քվորումն ապահովելու համար անհրաժեշտ է 66 ձայն։ Փաստորեն, օրենք ընդունվեց երեք ձայնի շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը