Լրահոս

14.05.2009 16:56


Պաշտոնատար անձինք չպետք է զբաղվեն բիզնեսով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախքան նիստն սկսելը վարչապետը կառավարության անդամներին է ներկայացրել նորանշանակ նախարարներին, շնորհավորել նրանց և մաղթել արդյունավետ աշխատանք։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։ Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.

-Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետև ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք՝ պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետև ՀՀ-ում լիակատար իրացվում է։ Այս օրենքը ունի նաև հակակոռուպցիոն բովանդակություն և մենք ունենք նաև այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը և կատարում ենք այս նախագիծը հաստատելով։ Իհարկե, ապագայում անհրաժեշտություն կլինի հանրային քննարկումներ կազմակերպել այս օրենքի շուրջ, որպեսզի հասարակությունը իրազեկված լինի, թե ինչ մեխանիզմներ ենք մենք կիրառելու։ Համաշխարհային բանկի կարծիքով նպատակահարմար է, որ էթիկայի հանձնաժողովները մեկ միասնական օղակով իրար հետ կապված լինեն։ Այս հարցն է, որ մեր գործընկերների հետ ԱԺ-ում կքննարկենք և վերջնական լուծում կտանք։ Սակայն շահերի բացահայտման ինստիտուտը այս օրենքով մենք ներդնում ենք։

Այս խորագրի վերջին նյութերը