Լրահոս

16.03.2012 18:06


Սաթիկ Սեյրանյան. «Շահինյանը չի պատրաստվում ՀՀԿ–ից դուրս գալ»

Սաթիկ Սեյրանյան. «Շահինյանը չի պատրաստվում ՀՀԿ–ից դուրս գալ»

«7օր»–ի հետ զրույցում «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հերքել է այն տեղեկությունը, որ իր ամուսինը՝ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, տարաձայնություններ ունի ՀՀԿ–ի հետ և պատրաստվում է այդ կուսակցությունից դուրս գալ։

Շահինյանը չի պատրաստվում և պատճառ ու առիթ չունի Հանրապետական կուսակցության շարքերը լքել։ Ինչի՞ համար պետք է դուրս գա։ Որևէ տարաձայնություն չունի,–ասել է Ս. Սեյրանյանը՝ միաժամանակ հավելելով, որ Շահինյանը մեծամասնական ընտրակարգով չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին.

–Եթե կուսակցական է, իսկ կուսակցությունը որոշում է, որ ա՛յլ թեկնածուի պետք է սատարի, ինքը՝ որպես կուսակցության անդամ, ինչպե՞ս կարող է առաջադրվել։

Փոխարենը Սաթիկ Սեյրանյանն իր թեկնածությունն առաջադրելու է Երևանի Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում.

–Արդեն ոստիկանություն եմ դիմել տեղեկանքս ստանալու համար։ Երկուշաբթի տեղեկանքը կունենամ և արդեն փաստաթղթերս կներկայացնեմ ԿԸՀ։

Նա ինքնաառաջադրմամբ է մասնակցելու ընտրություններին, թեև նշում է, որ որևէ քաղաքական ուժի սատարումից որևէ մեկը չի հրաժարվում։

Սաթիկ Սեյրանյանը թեև մասնակցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարին, սակայն «7օր»–ին ասել է, որ չի պատրաստվում կուսակցական դառնալ.

–«Ազատ դեմոկրատների» հետ և՛ ընկերներ ենք, և՛ ես կիսում եմ նրանց գաղափարները, քաջատեղյակ եմ այդ կուսակցության բոլոր ծրագրային դրույթներին, և իրենք պետք է իրենց որոշումը կայացնեն, իրենք կհայտարարեն։

Նշենք, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվելու են նաև SAS խանութների ցանցի սեփականատեր, ՀՀԿ–ի թեկնածու Արտակ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը