Կարծիք

21.03.2012 09:54


Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու Հայոց պատրիարքարանի խիզախ քայլը

Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու  Հայոց պատրիարքարանի խիզախ քայլը

 Պոլսո Հայոց պատրիարքարանի և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու համարձակ քայլը, որով պահանջում են վերադարձնել պատմական նշանակություն ունեցող հայկական կալվածքները, արժանի է ամենայն գնահատանքի:

 Թուրք պաշտոնատարները, ըստ սովորության, թշնամաբար են վերաբերվում նման դատերին և մեծ ճնշում են գործադրում դատավորների վրա, որպեսզի նրանք մերժեն փոքրամասնությունների կողմից բերված գույքային հայցերը՝ չափազանց դժվարեցնելով, եթե ոչ անհնար դարձնելով, նմանատիպ դատավարություններում նրանց հաղթանակը: Այնուամենայնիվ, սա անհրաժեշտ առաջին քայլ է, որը հնարավորություն կտա բողոքարկել Թուրքիայի դատարանի ակնկալվող բացասական վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ հայցվորն ունի արդար դատավարության շատ ավելի մեծ հնարավորություն:

 Մարտի 14-ին Պատրիարքարանի կողմից ներկայացված դատի պահանջն է վերադարձնել Կարինում (Էրզրումում) գտնվող Սանասարյան վարժարանին պատկանող հայկական կալվածքները, որոնք թուրքական իշխանությունները առգրավել են 1915 թվականի ցեղասպանությունից հետո: Վարժարանի՝ այժմ տասնյակ միլիոն դոլար արժեցող թանկարժեք կալվածքները ներառում են Կարինում գտնվող ինը հողակտոր, Աղվերեն գյուղում պարտեզով տունը և  հսկայական հողը, Գեզ գյուղում երկու հողակտոր և Կոստանդնուպոլիսի (Ստամբուլ) կենտրոնում գտնվող մեծ առևտրի կենտրոնը:

 Սանասարյան վարժարանը հիմնադրվել է 1881 թվականին վրացահայ մեծահարուստ գործարար Մկրտիչ Սանասարյանի խոշոր նվիրատվության շնորհիվ, ով հաստատվել էր Սանկտ Պետերբուրգում: 1800-ականների վերջերին առատաձեռն բարերարը վարժարանին նվիրաբերեց հավելյալ կալվածքներ:

 Մինչ 1915 թվականը Սանասարյան վարժարանը զգալի դերակատարում է ունեցել Հայոց ազգային զարթոնքի վերելքի հարցում: Այն եվրոպական ոճի հումանիտար գիտությունների դպրոց էր, որի նպատակն էր հատկապես պատրաստել տարբեր ոլորտների մանկավարժներ և մասնագետներ, ովքեր կաջակցեին արևմտյան Հայաստանի տնտեսական զարգացմանը: Իր կարճատև գոյության ընթացքում վարժարանը տվեց հարյուրավոր շրջանավարտներ՝ այդ թվում այնպիսիներ, ովքեր մեծ պաշտոններ զբաղեցրեցին: 1918 թվականին Միացյան Նահանգներում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան Արմեն Գարոն եղել է Սանասարյան վարժարանի սան:

 Կարին քաղաքը կարևոր կենտրոն էր Հայ հեղափոխական դաշնակցության և նրա ղեկավարների գործողությունների համար, ովքեր բնակություն էին հաստատել այնտեղ մինչև 1915 թվականը: ՀՅԴ-ի հիմնադիրներից մեկը՝ Ռոստոմը, նշանակվեց Կարինի դպրոցական համակարգի վերակացու, որը ներառում էր Սանասարյան վարժարանը:

 1914 թվականին կայացած ՀՅԴ կուսակցության ճակատագրական 8-րդ ընդհանուր ժողովի որոշ հանդիպումներ կայացել են Սանասարյան վարժարանի հողատարածքում: Ժողովն ընդհատվեց առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկով: Երիտթուրքերի ղեկավարությունը Կարին ուղարկեց բարձրաստիճան պատվիրակություն Հայոց ցեղասպանության ծրագրողներից մեկի՝ Բեհաէդդին Շաքիրի գլխավորությամբ, որպեսզի ճնշում գործադրեն ՀՅԴ-ի վրա համագործակցելու թուրքական կառավարության հետ պատերազմական գործողություններում: ՀՅԴ-ն մերժեց խնդրանքը: Վարժարանը փակվեց 1915 թվականի սկզբին, իսկ ամբողջ ուսուցչական կազմն ու ուսանողներից շատերը սպանվեցին ցեղասպանության ժամանակ: Շաքիրը սպանվեց հայ վրիժառուների ձեռքերով 1922 թվականին Բեռլինում:

 Ճակատագրի հեգնանքով, մի քանի տարի հետո, Կարինը հայ ակտիվիստների օջախից վերածվեց թուրքական ազգայնամոլների կենտրոնի, որտեղ 1919 թվականին Քեմալ Աթաթուրքը գումարեց պատմական Էրզրումի համագումարը: Ներկայումս, Սանասարյան վարժարանը թուրքական թանգարան է:

 Անդրադառնալով դատավարությանը` Հայոց պատրիարքարանի դատապաշտպան Ալի Էլբեյօղլուին ասաց «Hurriyet» թերթին. «Սանասարյան հիմնադրամը նվիրաբերվել է Պատրիարքարանին բարերար Մկրտիչ Սանասարյանի կողմից 1880-ականներին: Սանասարյան հիմնադրամի խնամակալությունն ու տնօրինումն օրենքով պատկանում է Պատրիարքարանին… Մենք չենք պատրաստվում բավարարվել պատմական շենքերի վերադարձմամբ: Մենք պատրաստվում ենք պահանջել փոխհատուցում կառավարության Հիմնադրամների գլխավոր տնօրինությունից 1936 թվականից ի վեր Պատրարքարանի կրած վնասների համար»:

 Այս տարվա սկզբում, Հայոց պատրիարքարանը առանձին հայց ներկայացրեց Հիմնադրամների գլխավոր տնօրինություն, որով պահանջում էր վերադարձնել Ստամբուլում գտնվող Սանասարյան առևտրի կենտրոնը (խան): Թեև դատարանը ժամանակավոր արգելանք դրեց, սառեցնելով շենքի տնօրինման հետ կապված բոլոր գործարքները, Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը հայտարարեց, որ չի ենթարկվի դատարանի հրամանին: Պատրիարքարանի դատապաշտպան Էլբեյօղլուին պատասխանեց՝ «Սա հակասում է բոլոր միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև Լոզանի պայմանագրին: Պատրիարքարանին պատկանում է գույքի իրավունքները», հայտնում է «Hurriyet»-ը:

 Անցյալում, երբ ես Պատրիարքարանին քննադատեցի ազգային շահերի դեմ հայտարարություններ կատարելու համար, ինձ մեղադրեցին, որ ամբողջությամբ չեմ գնահատում այն առանձնահատուկ պայմանները, որում ապրում են հայերը Թուրքիայում և ինձ թելադրեցին ավելի ըմբռնումով մոտենալ, որ նրանք, ըստ էության, Թուրքիայի կառավարության պատանդներն են: Քանի որ այս հոդվածում ես գովաբանում եմ Պատրիարքարանի կողմից ձեռնարկված դատական գործողությունը, վախենում եմ, որ իմ գովասանքն էլ կարող է նույնքան անհանգստություն պատճառել Թուրքիայում ապրող որոշ հայերի: Ես պարզապես փորձում եմ լինել արդար և անաչառ, քննադատում կամ գովաբանում եմ կախված իրավիճակի հանգմանքներից:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

 Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը