Քաղաքական

21.03.2012 22:59


Տիգրան Սարգսյանը ՀՀԿ ցուցակի և ԲՀԿ համագումարի մասին

Տիգրան Սարգսյանը ՀՀԿ ցուցակի և ԲՀԿ համագումարի մասին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որտեղ անդրադարձել է նաեւ իր կուսակցության համամասնական ընտրացուցակին, ապա պարզաբանել, թե ինչու է ինքը հայտնվել այդ ցուցակի երրորդ տեղում, իսկ ահա, Հովիկ Աբրահամյանը` երկրորդ:

«Կուսակցության գործադիր մարմնում մենք բավականին երկար ու մանրակրկիտ քննարկել ենք այն սկզբունքները, որոնցով պետք է ձեւավորենք ցուցակները: Ցուցակը պայմանավորված է ոչ թե պաշտոններով, այլ զուտ մեր ներքին կուսակցական աշխատանքի բաժանման սկզբունքով. այնտեղ նախ տեղ են գտել կուսակցության գործադիր մարմնի անդամները, այնուհետև այն կուսակցությունների ղեկավարները, որոնք սատարում են Հանրապետականին, հետո նաև երկրի գործադիր մարմնի անդամները, մարզպետները և պատգամավորները»,- ասել է Տիգրան Սարգսյանըչբացառելով, որ Հովիկ Աբրահամյանը կրկին վերադառնա խորհրդարանի նախագահի պաշտոնին: Միաժամանակ, վարչապետը ընդգծել է, որ պաշտոնների բախումը կախված է առաջիկա ընտրությունների արդյունքներից:

Հարցին, թե ՀՀԿ-ն ինչ խնդիր է լուծում իր ցուցակում ներգրավելով Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանին` վարչապետը մանրամասնել է, որ գեներալն իր կենսագրությամբ ապացուցել է` պետության եւ ժողովրդի արժանի զավակն է: «Կարծում եմ, որ մեր ընտրողները հարգանքով են վերաբերվում մեր հերոսներին, մանավանդ Արցախյան պատերազմի հերոսներին: Ցուցակում մենք ապահովել ենք բազմազանություն. ներգրավված են մտավորականներ, մշակույթի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ»,-նշել է նա:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ համագումարում իշխանության հասցեին հնչեցված բավականին կոշտ հայտարարությունները, Կառավարության գլուխը պատասխանել է. ”Ես չեմ համաձայնվի ձեր գնահատականի հետ, որ դա կոշտ քննադատություն էր: Այն խնդիրները, որոնք բարձրացնում են մեր կոալիցիոն գործընկերները, մշտապես գտնվում են կոալիցիոն բոլոր կուսակցությունների ուշադրության կենտրոնում եւ մեր նախարարները զբաղված են հենց այդ հարցերի լուծմամբ: Մասնավորապես, առողջապահության նախարարությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարաությունը, քաղաքաշինության նախարարությունը իրենց ծրագրերով հենց այնպիսի քաղաքականություն են իրականացնում, որոնք պետք է լուծեն այն պրոբլեմները, որոնք առկա են մեր երկրում: Մենք նույնպես բազմաթիվ պրոբլեմներ ենք մատնանշում, բացահայտում ենք մեր բացթողումներն ու թերությունները: Ընդհանրապես, ինքնաքննադատությունը լավ բան է: Եթե իշխանությունները ինքնաքննադատաբար են մոտենում իրականությանը, դա երաշխիք է, որ այդ բոլոր թերություններն ապագայում կշտկվեն»:

Այս խորագրի վերջին նյութերը